Հիսուս Քրիստոսի արձանը վաղուց տեղադրված է  

Հիսուս Քրիստոսի արձանը վաղուց տեղադրված է  

Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթի հայտարարությունից հետո հանրության մեջ բավականին տարատեսակ, իրարամերժ կարծիքներ հայտնվեցին։ Հարցն այնքան ծանրացվեց ու ծավալվեց, որ նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու տարբեր ներկայացուցիչներ սկսեցին իրենց անձնական կարծիքները հանրայնացնել՝ դրանք ձևակերպելով ու քողարկելով եկեղեցական ավանդության շղարշի ներքո։

Ավելին, որոշ բարձրաստիճան եկեղեցականներ սկսեցին վիրավորել մրցույթի մասնակից արվեստագետներին՝ չափելով նրանց հավատքն առ Աստված, և մինչ օրս նմանատիպ վիրավորանքների համար որևէ մեկը՝ թե՛ եկեղեցին և թե՛ այդ եկեղեցականը, չհայցեց հանրության ներողամտությունը` իր հնչեցրած վիրավորանքների համար։ Նշյալ հարցը ներառնվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույ հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում, որը գումարվեց այս տարվա մարտի 23-ին։

«Գերագույն հոգևոր խորհուրդը (ԳՀԽ) Ամենայն Հայոց Կաթողիկոսին առընթեր վարչախորհրդակցական մարմին է, որ ստեղծել է Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսը` 1924 թ.-ի հունվարի 1-ին, նախկին Սինոդի փոխարեն։ ԳՀԽ-ի անդամներին նշանակում է Կաթողիկոսը՝ Ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ։ Նախկինում բաղկացած էր 6 բարձրաստիճան հոգևորականներից, ապա Ազգային-եկեղեցական ժողովն այն համալրել է նաև 3 աշխարհականներով, ապա կազմն ընդգրկել է 6-7 հոգևորականներ և 3-4 աշխարհականներ։ 1938-45 թվականներին ընդհանրապես կազմալուծված է եղել։

Ներկայումս ունի 11 հոգևորական և 5 աշխարհական անդամներ։ Ընդլայնված կազմը ժողով է գումարում տարեկան երկու անգամ և քննարկում է վարչակազմակերպչական, մշակութային, եկեղեցական, տնտեսական, շինարարական և բարեսիրական հարցեր։ ԳՀԽ նախագահն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ ԳՀԽ-ի քննարկած հարցերի մասին վերջնական որոշում է կայացնում և գործադրում Ամենայն Հայոց Կաթողիկոսը»։

Սա է ԳՀԽ-ի պարզ սահմանումը՝ կաթողիկոսին առընթեր վարչախորհրդակցական մարմին։ Այստեղ անհրաժեշտ է նշել մեկ կարևոր հանգամանք, որ ԳՀԽ-ի ներկայիս անդամներից և ոչ մեկը Ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ չի նշանակվել ԳՀԽ-ի անդամ, այլ պարզապես, ուղղակի նշանակվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ։ Սովորաբար մարդիկ կարծում են, որ եթե վերնագրում առկա է «գերագույն» բառը, ուստի դա նշանակում է ամենավերին, ամենաբարձր, ամենամեծ, սակայն ԳՀԽ-ի պարագայում դա այդպես չէ՝ կրկնենք, որ այն միայն վարչախորհրդակցական մարմին է, որի ներկայիս անդամների լեգիտիմությունը խիստ կասկածի տակ է։ Կարծում ենք, որ ոչ լեգիտիմ մարմնի հայտարարությունները պետք չէ լուրջի առնել։
 
Ի պատասխան «Հրապարակ օրաթերթում» տպված լրագրող Հայկ Գևորգյանի «Եկեղեցին ոչ թե արձանաշինությանն է դեմ, այլ միայն Հիսուսի արձանը տեղադրելուն» հոդվածին, որտեղ հոդվածագիրը նշում է, մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ավարտից հետո ԳՀԽ-ի անդամներից մեկը՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր հետ զրույցում ասել էր, որ պետք չէ Հայաստանում տեղադրված մնացյալ արձանները համեմատել Հիսուս Քրիստոսի արձանի հետ, քանի որ դրանք անհամեմատելի են․․․ և ի՞նչ կապ ունի, Հայաստանում հազար տարբեր տեսակի արձանների առկայությունը, սա կապ չունի և չպետք է համեմատվի Քրիստոսի արձանի հետ։ Ապա հավելել․ «Ոչ մի լծակ չկա ինչ-որ բան անելու, հոգևոր խորհրդի առաքելությունը հորդորելն ու ուղղություն տալն է, մնացածն արդեն մեր տիրույթից դուրս է, մենք ի՞նչ պետք է անենք»:

Կցանկանայինք բարձրաձայնել ու նշել, որ եթե ԳՀԽ-ն որևէ լծակ չունի, և իր տիրույթից դուրս է Հայ առաքելական եկեղեցու զավակ և հետևորդ հանդիսացող, ինչպես նաև Հայ եկեղեցու մեծ բարերար կոչվող պարոն Գ․ Ծառուկյանին որևէ բանում հորդորելը և ուղղություն ցույց տալը, ապա այս կառույցի գոյությունն անիմաստ է։ Լավ կլիներ, որ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր վարչախորհրդակցական մարմինը կաթողիկոսին հորդորեր, որ նա հեռու մնա ժողովրդի հոգևոր կյանքից առհասարակ, սրանով ավելի մեծ հայրենասիրական ու եկեղեցանվեր գործ արած կլիներ ԳՀԽ-ն։ Եթե Հայ առաքելական եկեղեցու զավակը՝ հետևորդը, չի անսում ԳՀԽ-ի հորդորին, ապա բառերն արդեն ավելորդ են։ Սա պարզ ու ցցուն օրինակ է, որ թե՛ կաթողիկոսը, թե՛ ԳՀԽ-ն վաղուց արդեն չեն կարողանում «հորդորել» Հայ առաքելական եկեղեցու զավակին ու հետևորդին։

Միևնույն ժամանակ, ի պատասխան դարձյալ «Հրապարակ» օրաթերթում տպված լրագրող Էդիկ Անդրեասյանի «Եվ դարձյալ Հիսուսի արձանի մասին» հոդվածին, որտեղ հոդվածագիրը նշում է, որ նա մյուսներից պակաս քրիստոնյա չի ու կարծում է, որ պետք չէ դեմ գնալ Հայ առաքելական եկեղեցուն և ԳՀԽ-ին, որոնք հայտարարել են, որ Հիսուսի արձանի կառուցումը «հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»․․․, ու չի հասկանում այն հայ քրիստոնյաներին, որոնց «Հայ Առաքելական եկեղեցու այս դիրքորոշումն անհասկանալի թվաց»:
Կցանկանայինք բարձրաձայնել ու նշել, որ մենք ևս պակաս քրիստոնյաներ չենք և չենք հասկանում եկեղեցու ու ԳՀԽ-ի այս ընդդիմադիր որոշումը` մեկ պարզ պատճառով։ Մինչ եկեղեցին շարունակաբար դիմադրում է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանն ու տեղադրմանը, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ Սուրբ Ղազար եկեղեցու բակում, վաղուց կանգնեցված է Հիսուս Քրիստոսի արձանը, որը 2020 թվականին ենթարկվել էր վանդալիզմի։ Վանդալիզմի մասին ահազանգել էր ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանը: Եկեղեցին կամ որևէ եկեղեցական մի խոսք՝ «ծպտուն», չեն հանել թե՛ արձանը կառուցելու և եկեղեցու բակում տեղադրելու ժամանակ և թե՛ այն ժամանակ, երբ այն ենթարկվել էր վանդալիզմի։ Նույնիսկ Արմավիրի թեմի առաջնորդարանը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, էլ չխոսենք Մայր Աթոռի կամ ԳՀԽ-ի մասին։

Այսպիսով, այո՛, անհասկանալի է, թե ինչպես է, որ Մայր Աթոռը և ԳՀԽ-ն ընդունում են Հիսուս Քրիստոսի արձանը և այն տեղադրում եկեղեցու բակում, հոգևորականների ներկայությամբ կատարում արձանի բացում ու որևէ խնդիր չեն տեսնում դրանում, սակայն Մայր Աթոռը և ԳՀԽ-ն, համաձայն եկեղեցական ավանդության, մերժում են Հիսուս Քրիստոսի մեկ այլ արձանի կառուցումը։
Խոսելով եկեղեցական ավանդության մասին և ի պատասխան դարձյալ «Հրապարակ» օրաթերթում տպված Ավետիս Բաբաջանյանի «Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին սարսափում Հիսուս Քրիստոսի արձանից» հոդվածին, որտեղ ասվում է․ «Մի բան պարզ է, որ ինչ-որ պահից Հայ առաքելական եկեղեցու մոտ արթնացել է ինքնապաշտպանության բնազդը, քանի որ նա Հիսուս Քրիստոսի արձանի մեջ տեսնում է իրական վտանգ իր գոյությանը և գործունեությանը»:

Պետք է նշենք, որ որևէ վտանգ գոյությանը կամ գործունեությանը չի սպառնում, պարզապես, ըստ օդում կախված լուրերի, կաթողիկոսը ու Գ․ Ծառուկյանը չեն կարողացել կիսել արձանի շուրջ հետագայում ծավալվելիք բիզնեսներից եկամուտները։ Ինչպես որ լրագրող Էդիկ Անդրեասյանն է գրել իր հոդվածում․ «․․․ավտոկայանատեղի՝ 10 ստայանչիկով, շուրջօրյա հսկողություն՝ 30-40 ոստիկանով, դիրեկտոր, դիրեկտորին «պադավատ» ու տեղակալներ․․․», ավելին նշենք, որ լինելու են հուշանվերների արտադրություն և հուշանվերների խանութ, սրճարան, Արագածոտնի թեմի օրինակով` հացի փուռ՝ հրուշակեղենի խանութ․․․ և այլն։ Այս և այլ բիզնեսների ֆինանսական տնօրինության հարցում կաթողիկոսը և Գ․ Ծառուկյանը մեկ հայտարարի չեն եկել․ չմոռանանք, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու շինարարության ավարտից հետո բավականին երկար ժամանակ Գ․ Ծառուկյանը հրաժարվում էր Մայր Աթոռին տրամադրել եկեղեցու ու տարածքի հողի սեփականության իրավունքը։ Կաթողիկոսը պարզապես դեմ է արձանի տեղադրմանը, քանի որ նա չի կառավարելու հետագա ֆինանսական հոսքը, շատ պարզ։ Ուստի, իրապես հարիր չէ խոսել եկեղեցական ավանդության մասին, երբ ընթանում են պարզ բիզնես և այն կառավարելու կռիվ։

Այստեղ եկեղեցական ավանդության կամ հարիր լինելու ու չլինելու հարց ընդհանրապես չկա․․․իսկ արդյո՞ք հարիր է Սբ Էջմիածնի բակում ի Տեր հանգչած 11 կաթողիկոսներին վերթաղ անելը և Գարեգին Բ կաթողիկոսի կողմից նոր կառուցվող մոմավառության սրահ-դամբարան տեղափոխելը, քանի որ դա նրա քմահաճույքն է: Արդյո՞ք հարիր է Սբ Էջմիածնի Հրեշտակապետաց մատուռի գետնահարկում կառուցել ՎԻՊ գերեզմանատուն, որտեղ միայն կարող են թաղվել բավականին մեծ գումար նվիրաբերած բարերարները: Արդյո՞ք հարիր է մի դեպքում օրհնել արձանը, քանի որ արձանի շուրջ ծավալվող բիզնես ծրագիր չկա, իսկ մյուս դեպքում ընդդիմանալ արձանին, որովհետև շրջակայքի բիզնեսը կառավարվելու է անհատի կողմից: Հարի՞ր է կամ ըստ հայ եկեղեցական դարավոր ավանդույթի համաձա՞յն է, երբ սուրբծննդյան տոներին Սբ Էջմիածնում տեղադրվում է Հիսուս Քրիստոսի պլաստմասսե արձանիկը՝ մսուրը ․․․

Արմենուհի Գրիգորյան