Ո՞ւր ենք գլորվում

Ո՞ւր ենք գլորվում

Ցավ տամ՝ ցավդ մոռանաս, ասում է հայկական ասացվածքը, ճշգրիտ բնութագրելով մեր այսօրվա հոգեվիճակը։ Ուժեղ ցավն ու մտահոգությունը մեղմում, մոռացնում են նախկին մտահոգություններն ու ցավերը։ Եվ միանգամայն բնական է, որ զոհերն ու կորուստները հետին պլան էին մղելու Ամուլսարի ու Թեղուտի խնդիրները, իսկ հայրենիքի գլխին կախված վտանգները մոռացնել էին տալու պետական պարտքի աճը, սոցիալական կարիքները, քննչականներում գործ սարքելը, կրթական համակարգի ավերումը եւ այլն։

Անգամ մենք՝ լրագրողներս, ամաչում ենք գրել պետական պաշտոնյաների զանցանքների ու կիքսերի մասին, երբ մեր գլխին շատ ավելի մեծ արհավիրքներ են կախված։ Բայց, այ, իրենք՝ պաշտոնյաները, բոլորովին անհարմար չեն զգում, որ այս վիճակում անիմաստ գործուղումների են մեկնում, անհեթեթ քննարկումներ ու շնորհանդեսներ կազմակերպում, Արեւմուտքից թելադրված կասկածելի բարեփոխումներից խոսում։

Իսկ մինչ ոմանք ձեւացնում են, թե ոչինչ չի պատահել՝ պետությունը կառավարվում է, իսկ մեր խնդիրները դանդաղորեն լուծվելով առաջ են գնում, նորանոր փաստեր են հայտնի դառնում, թե ինչպես է համակարգ առ համակարգ քանդվում պետությունը։ Այն իշխանությունը, որը պարբերաբար հայտարարում էր, թե մենաշնորհները վերացել են՝ ով ինչ ուզի, կարող է ներկրել, պարզվում է՝ պարարտանյութեր ներկրողների ցանկը «կոնտրոլի» տակ է վերցրել։ Այն իշխանությունը, որի ամենալուրջ բարեփոխումներից մեկը պարեկների ինստիտուտն էր, պարզվեց՝ դա էլ է ձախողել. պարեկները կաշառք են վերցնում, գողություններ անում։ Այն իշխանությունը, որը հպարտանում էր, թե բիզնեսն ազատ գործում է մեր երկրում, մի շաբաթից ավելի է՝ տեռոր է անում սուպերմարկետներից մեկի նկատմամբ, որից բիզնեսի վերաբաշխման հոտ է փչում։ Ո՞ւր ենք այս տեմպերով գլորվում։