ՌԴ-ն Ադրբեջանի հետ հռչակագիր է կնքել․ հայկական կողմից արձագանք չի եղել, ՌԴ-ում ՀՀ դեսպանը չի ազատվել աշխատանքից

 ՌԴ-ն Ադրբեջանի հետ հռչակագիր է կնքել․ հայկական կողմից արձագանք չի եղել, ՌԴ-ում ՀՀ դեսպանը չի ազատվել աշխատանքից

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քիչ առաջ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հրապարակեց երեկ ԱԺ-ում իր նախատեսած ելույթը, որը չի կարողացել հնչեցնել՝ ԱԺ դահլիճից հեռացվելու պատճառով։

««Չարչիական դիվանագիտության» և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ ուղենիշների բացակայության պատճառով Հայաստանը չի կարողացել պահպանել ՌԴ կողմից բանակցային սեղանին բերված՝ Արցախի ներկա կարգավիճակի պահպանման և հետագայում ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության առաջարկը։ Երկու՝ եթե ոչ իրարամերժ, ապա առնվազն սկզբունքային տարբերություն ունեցող բանակցային օրակարգերին միաժամանակ հավանություն տալու հետևանքով այս պահին Արցախի կարգավիճակի հարցը չկա բանակցային սեղանին»,- նշեց Մամիջանյանը։

«Ռուսաստանի Դաշնութունը դաշնակցային համագործակցության հռչակագիր է կնքել Ադրբեջանի հետ, որին չի հետևել որևէ արձագանք հայկական կողմից, անբովանդակ աշխատանքի, իսկ իրականում՝ աշխատանքի բացակայության պատճառով, աշխատանքից չի ազատվել ՌԴ-ում ՀՀ դեսպանը։

ՀՀ և ՌԴ հարաբերություններում գրանցվել է իրապես աննախադեպ իրադարձություն՝ ՌԴ պաշտոնական բողոքի նոտա է հղել ՀՀ-ին։  Նոտայի առիթ է հանդիսացել հասարակական-քաղաքական մի մարգինալ միավորի տարածած հայտարարությունը, որի կշիռը բացարձակ համեմատելի չէ արձագանքի հետ, ինչից կարող ենք եզրակացնել, որ նշյալ հայտարարությունը պարզապես առիթ է եղել ռազմավարական դաշնակցի կողմից բողոքի նոտայի համար, և այս փաստը նկարագրում է ոչ թե տվյալ առանձին դեպքը, այլ ՀՀ և ՌԴ միջև հարաբերություններն այս պահին՝ ամբողջությամբ»,- ասաց Մամիջանյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին։