Երբ օրակարգը թելադրում են քաղաքական միմոսները

Երբ օրակարգը թելադրում են քաղաքական միմոսները

Քաղաքական առնետավազքի ու քաղաքական ուրացման «հետեւորդներն» իրենց անսկզբունքայնությունն արդարացնելու պատասխան միշտ ունեն՝ քաղաքականությունը ճշգրիտ գիտություն չէ, հետեւաբար, փոխատեղությունները կատեգորիա չեն։ Օրինակ, իքս կուսակցության ցանկությամբ քաղաքաշինության նախարար դարձած իգրեկ կուսակցության անդամը, ասենք, կարող է դառնալ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։ Խնդիր չէ, որովհետեւ գաղափարախոսությունը եւ թիմային պատասխանատվությունը կատեգորիա չեն։
Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը, Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանն ու նրա ԲՀԿ-ն դեմ չէին․ բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ՝ ասաց Ծառուկյանը։ 

Քավոր-սանիկներին պաշտոններ տալու, իշխանավորների երեխաներին իրար հետ ամուսնացնելու հարցերին եւս հաջորդում է նույն պատասխանը՝ սերը, քավոր-սանիկությունը քաղաքական կատեգորիա չեն։

Քաղաքական կատեգորիա չէ նաեւ աղուհացը, այլապես Անդրանիկ Քոչարյանը, օրինակ, չէր դավաճանի Ռուբեն Հայրապետյանին, որի հետ տարիներ շարունակ ընկերություն է արել, նրա տանը հաց կիսել…

Սրբությունը նույնպես քաղաքական կատեգորիա չէ, հակառակ դեպքում Երեւանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցների եւ Մաշտոցի պողոտայի անվանումները կգրվեին «սուրբ» մակդիրով։ Իսկ այնտեղ, որտեղ բացակայում է կատեգորիան, ծնունդ է առնում ամենաթողությունը։ Արդեն 30 տարի է՝ Հայաստանի քաղաքական դաշտի խաղացողներն առաջնորդվում են այս սկզբունքով։

Դա է պատճառը, որ ԱԺ նիստի ժամանակ հնչում են փողոցային հայհոյանքներ, քաղաքական գործիչները ձեռնամարտ են սադրում, վիրավորում են կանանց։

Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, չբավարարվելով հեգնական արտահայտություններով, իմքայլական կին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին խորհուրդ տվեց ամուսնանալ՝ ակնարկելով, որ նա սեռաքաղց է։ Գործընկերոջից ետ չմնաց նաեւ նույն խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ որակումներ տալով «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանին։ Հետո տղամարդիկ ներողություն խնդրեցին, եւ հարցը փակվեց։ 

Ես շատ կուզեի, որ ներողությունը քաղաքական կատեգորիա չլիներ, բայց դարձնում են։ Քաղաքական գործիչը մեկ այլ քաղաքական գործչին, այդ թվում՝ կին, ցավեցնելու աստիճան վիրավորում է՝ նույնիսկ խուժելով անձնական տիրույթ, եւ մեկ հատիկ «ներողություն»-ով ազատվում պատժից։

Կարծում եմ՝ նման դեպքերում պատգամավորը պետք է պատասխան տա՝ ընդհուպ մինչեւ մանդատից զրկվի։ Բայց, քանի որ խաղի կանոնները թելադրում են քաղաքական միմոսները, միամտություն կլինի սպասել, որ օրինաստեղծները սահմանված պատիժներ կկիրառեն։
Փոխարենը նախաձեռնությունն իր ձեռքը կարող է վերցնել հասարակությունն ու ակցիաների միջոցով էթիկայից զուրկ քաղաքական գործիչներին «իրենց տեղը դնել»։ Օրինակ, կնոջը վիրավորող տղամարդուն SEX SHOP-ից գնած որոշակի իր նվիրել, քծնողին՝ օճառ, դատարկաբանողին՝ փուչիկ… ցանկը կարելի է շարունակել։ Եթե սա էլ չսթափեցնի, գոնե կիմանան, թե մարդիկ ինչ են մտածում իրենց մասին։