«Դեկորատիվ» աշխատում ենք, իրիկունը կասսայում մի կոպեկ չի լինի». ռեստորանի մենեջերը՝ Նիկոլին

«Դեկորատիվ» աշխատում ենք, իրիկունը կասսայում մի կոպեկ չի լինի». ռեստորանի մենեջերը՝ Նիկոլին

Մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակումները վերացված են, աշխատում են առեւտրի վայրերը, հյուրանոցներն ու վարսավիրանոցները: Ռեստորանները, սրճարաններն ու բարերը կարող են միայն բացօթյա սեղանների շուրջ հաճախորդներ ընդունել: Փակ հատվածներում նստել չի կարելի: Սակայն եղանակն այնպիսին է, որ դրսում նստել ցանկացողներ համարյա չկան: 


Արմինե Ավետիսյանը, որն Աբովյանի ռեստորաններից մեկի մենեջերն է, բարկացած է: Առավոտից երկու խոշոր պատվեր է չեղարկել: «Պահանջարկ կա, բայց աշխատել չի լինում: Մի հատ՝ 12 հոգու պատվեր եմ չեղարկել, մի հատ էլ՝ 15 հոգու, որ կգային, իմ 50 հոգանոց կուպեն կնստեին, կուտեին, կխմեին, գոնե մի 100 հազար էլ հաշիվ կփակեին, ճակատս բաց աշխատավարձ կտայի մարդկանց, որ վաղը տաքսով էլի կարողանան գործի գալ»,- սրտնեղեց նա «Հրապարակի» հետ զրույցում, - իբր՝ աշխատում եմ: Էսօր 2 հազար դրամ տվել եմ, եկել գործի: Ամպամած օր է: Հուլիսը չի, որ բացօթյայում նստեն: Աբովյանում դրսում նստում են հուլիս-օգոստոսին: Ես 100 տոկոսով գիտեմ, որ էս աշխատանքային օրով հաճախորդ չի լինելու: 5-6-ից հետո էլ ով որ եկավ, դրսում չի նստելու: Այսինքն, մենք դեկորատիվ, «պռոստո», իբրեւ թե աշխատում ենք: Իրիկունը կասսայում մի կոպեկ չի լինելու»: 

Արմինեն շատ է ուզում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն զանգի: Ինքը շատ բան ունի նրան ասելու: «Ընտանիքի անդամներով կարելի է նստել մեկ մեքենա: Եկան, միասին նստեցին, հիմա ի՞նչ տարբերություն, բացօթյա՞ են նստած, թե՞ փակ կուպեում, եթե մի մեքենայով են եկել, բացօթյա են նստել,  բայց, ասենք, աղցանը նույն ընդհանուր ափսեից ամեն մեկն իր պատառաքաղով է վերցնում: Բացել ես, թող նամուսով աշխատենք: Եթե ուղղակի բացել ես, որ քո դեմ բունտ չանեն, ու քո հարկը մուծեն, չբացեիր: Կամ թող աշխատենք, հարկ էլ կտանք, որ հաջորդ անգամ, եթե նորից փակես, կարողանաս էլի էդ 65 հազար դրամները տալ: Էդ ի՞նչ ա նշանակում՝ մենակ բացօթյա»,- ասում է Արմինե Ավետիսյանը: 

Հիմնական պահանջն է, որ Փաշինյանը քայլելու մասնագետների հետ չնստի ու խելքից դուրս օրենքներ չմտածի, առանց տվյալ ոլորտի մասնագետների հետ շփում ունենալու ու խորհրդակցելու: 
«Նրանք ընդամենը կարող են ասել, թե ոնց Գյումրիից քայլելով հասնել Երեւան: Ջահել են, անփորձ են, շփում չեն ունեցել, ամեն ինչի մեջ խորանալու փոխարեն նստում են իրենց կաբինետում, բաներ են գրում, որ կարդում ես՝ մազերդ բիզ-բիզ են կանգնում»: 

«Լավ» բան էլ է ուզում ռեստորանի մենեջեր Արմինեն ասել Փաշինյանին: Վրաստանում խոստացել են, որ կես տարի՝ ամեն ամիս 200 լարի կբաժանեն, մեր փողով՝ մոտ 35 հազար դրամ, բայց ոչ մի բան էլ դեռ չեն տվել: Ռուսաստանում էլ այնպիսի վիճակ է, որ մարդիկ զանգում են, ասում են՝ բարձր ջերմություն ունենք, նրանց պատասխանում են. «Ну и что? В больницах мест нет»: Այնպես որ, Հայաստանում ամենավատ վիճակը չէ։