Մտածեք՝ ինչպես եք հետո բացատրելու

Մտածեք՝ ինչպես եք հետո բացատրելու

Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի իշխանություններն այս վերջին երեք տարին այնպես են ամեն ինչ իրար խառնել, որ որեւէ մեկը չի հասկանում, թե ինչ է կատարվում Արցախի ու Հայաստանի հետ, եւ ամենակարեւորը՝ ինչ պետք է անի հայ ժողովուրդը՝ այս վիճակից դուրս գալու համար: 

Պարբերաբար թշնամին գործի է դնում զինուժը, հարձակվում մեր դիրքերի վրա,  խորանում մեր տարածքներում, եւ առաջիկայում էլ հույս չկա, որ դա չի կրկնվի։ Ադրբեջանը փորձելու է օղակի մեջ առնել Արցախն ու Հայաստանը եւ սեղմել այնքան, որ իր ուզածին հասնի: Սա հենց այն է, ինչ ամիսներ շարունակ զգուշացնում էինք՝ թշնամին պատրաստվում է բոլոր ուղղություններով լայնածավալ հարձակման, քանի որ համոզվել է, որ հայկական կողմից լուրջ դիմադրություն չկա՝ հանգիստ հանձնելու են այն տարածքները, որոնք Ադրբեջանը կցանկանա գրավել։  

Եվ ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, անգամ Ռուսաստանը ոչ միայն չեն օգնելու Արցախին ու Հայաստանին, այլեւ հոգեբանորեն աջակցելու են Ադրբեջանին:  Արցախի եւ Հայաստանի իշխանություններն էլ երեւի հասկանում են, որ հենց այնպես՝ առանց կռվի «սուվերեն» Հայաստանի տարածքները հանձնել չեն կարող՝ դա տարօրինակ կդիտվի, բայց այս թատրոնով, պատերազմի քողի անվան տակ հանձնելը բնական կլինի: Սա թերեւս կողմերի միջեւ վաղուցվա ներքին պայմանավորվածության արդյունք է․ երեւի հայկական իշխանություններն իրենց կարճ խելքով պայմանավորվել են հակառակորդի հետ, որ դուք շարունակեք պատերազմով վախեցնել ու գրավել, որպեսզի գա հարմար պահը, մենք ձեզ խնդրենք՝ ստոպ տալ պատերազմական գործողությունները, եւ ասենք, որ մենք պարտված ենք, եկեք աշխատեցնենք պլան Բ-ն՝ հետ տվեք Հայաստանից գրաված տարածքները, մենք էլ ամբողջությամբ ձեզ թողնենք Արցախը եւ հաստատենք «խաղաղության դարաշրջան», որը հայ ժողովրդի միակ փրկությունն է այս պարագայում։ Եվ Հայաստանի 29,8 հազար քառ. կմ տարածքը հայ ժողովուրդը որպես մեծ ձեռքբերում կհամարի ու կխնդրի, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ իշխի, քանի որ նա կարողանում է լեզու գտնել թշնամու հետ։ 

Կարողանում է այնպիսի ճշգրիտ ու հմուտ դիվանագիտություն բանեցնել, որ մի թիզ անգամ չպակասեց ՀՀ 29,8 հազար քառ. կմ տարածքից: Ահա թե ինչպիսին պետք է լինի ՀՀ իշխանությունների դիվանագիտական պրոֆեսիոնալիզմի մակարդակը: Հայ ժողովուրդ, այսքանից հետո էլ ի՞նչ ես ուզում իշխանություններից...

Նախ՝ միանգամից հիասթափեցնեմ այս ծրագրի հեղինակներին, քանի որ քիչ թե շատ մտածելու ունակություն ունեցող մարդը շատ լավ հասկանում է այս թատրոնի բուն էությունը, խորքն ու նպատակը։ Եվ երկրորդ․ սա արել եք, որ ժողովրդին խաբեք, իրականում ինքներդ եք խաբված, քանզի Ադրբեջանի իշխանությունը ձեզ հետագայում ոչ մի թիզ հետ չի տալու ու չի թողնելու, եւ դուք մնալու եք ձեռնունայն։ Հիմիկվանից մտածեք, թե ինչպես պետք է ժողովրդին բացատրեք, թե ինչպես ձեր խոստացած 29,8 հազար քառ. կմ-ն փոքրացավ ու դարձավ, ասենք, 18,9 հազար քառ. կմ... 
Իհարկե, նորություն չէ, որ դուք քայլերն անում եք, ապա նոր սկսում մտածել եւ արդարացնել, թե ինչու այս բանը չստացվեց, կամ ինչու հերթական անգամ ձախողվեցիք։ Որ պատճառները մեզնից դուրս են՝ նախկինները, համաշխարհային դրությունը, աշխարհաքաղաքական իրադարձությունները, պատերազմը, Ռուսաստանը եւ այլն ...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ