Փաշինյանը չի ուզում կիսվել անգամ ՔՊ-ականների հետ

Փաշինյանը չի ուզում կիսվել անգամ ՔՊ-ականների հետ

Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը գնա միակողմանի զիջումների` հանձնելով տարածքներ, որոնք ինքը համարում է ադրբեջանական, եւ դրա դիմաց չզիջելով այն տարածքները, որոնք Հայաստանը համարում է հայկական, բայց որոնք գտնվում են իր վերահսկողության տակ: Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանն այդ տարածքները զիջի առանց սահմանագծման եւ սահմանազատման, առանց երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանների ճշգրտման, երեւի էլի Գուգլի քարտեզներով կամ այն գծով, որը ինքը կգծի եւ կներկայացնի Հայաստանին: Ադրբեջանը նման պահանջ է ներկայացնում Հայաստանին, քանի որ չի ցանկանում որեւէ սահմանագծում եւ սահմանազատում, իրենք արդեն հայտարարել են, որ Հայաստանին զիջելու որեւէ բան չունեն, միայն ստանալիք ունեն:

Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ճնշում են գործադրում Ալիեւի վրա` փորձելով հասնել խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ ստորագրման: Հայաստանի վրա ճնշում գործադրելու կարիք չկա, Հայաստանի իշխանությունն ինքն է համաձայն ամեն գնով խաղաղության համաձայնագիր ստորագրելուն: Մինչեւ այդ համաձայնագրի ստորագրումը Ալիեւը փորձում է Հայաստանից առավելագույնը կորզել, Հայաստանին գցել կախվածության մեջ` ինչպես տրանսպորտային, այնպես էլ այլ ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելով: Հնարավոր է, որ Ալիեւն Արեւմուտքի ճնշման տակ հարկադրված լինի Հայաստանի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որը կկոչվի խաղաղության պայմանագիր կամ նման մի բան, բայց դա ավելի շուտ նման կլինի ժամանակավոր հրադադարի համաձայնագրի, որովհետեւ այդ պայմանագրի ստորագրումից հետո անգամ Ադրբեջանի իշխանությունները ցանկություն չունեն գնալ Հայաստանի հետ իրական խաղաղության: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը կմնա անորոշ, որովհետեւ անգամ այդ պայմանագրում չի ֆիքսի, թե որ թվականի քարտեզներով է որոշվելու երկու երկրների միջեւ անցնող սահմանը: Ադրբեջանի նախագահը մտադիր չէ հրաժարվել 2021-2022 թվականների ընթացքում իրականացրած ագրեսիայի հետեւանքով Հայաստանի որոշ տարածքների, այդ թվում` ռազմավարական նշանակության բարձունքների վրա հաստատած վերահսկողությունից:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, անդրադառնալով Ադրբեջանի տարածքային պահանջներին, ասել է, որ «նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»: Իսկ ո՞վ է ասել կամ որոշել՝ դրանք վեճի առարկա՞ են, թե՞ ոչ: Կամ` ինչպե՞ս է որոշվել, որ միայն այդ տարածքները վեճի առարկա չեն, իսկ Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, որոնք կատարվել են ընդամենը մեկուկես տարի առաջ, վեճի առարկա են: Հաջիզադեն նման պնդում անելու համար միայն մեկ հիմք ունի`Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի` Փաշինյանի անողնաշար եւ անսկզբունքային պահվածքն ու հայտարարությունները: Փաշինյանն է, որ միակողմանիորեն ընդունելով Ադրբեջանի պահանջները՝ ասել է, որ պատրաստ է գնալ միակողմանի զիջման, պատրաստ է հրաժարվել այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունից: Որովհետեւ եթե Փաշինյանը հայտարարեր, որ այդ եւ ընդհանրապես որեւէ տարածքային հարց կարող է լուծվել միայն քարտեզների վերջնական ճշգրտումից, սահմանագծումից եւ սահմանազատումից հետո, կստացվեր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդ տարածքների հարցում եւս վեճ կա, որը ենթակա է լուծման: Իր հայտարարություններով եւ միակողմանի զիջման գնալու պատրաստակամությամբ Փաշինյանը դժվար կացության մեջ է դնում անգամ միջնորդներին, օտարերկրյա դիվանագետներին, ինչպես, օրինակ, Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, ով հայտարարել էր, որ բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով եւ համաձայնեցված գործընթացի միջոցով: Բայց վեճ կարող է լինել միայն երկու հակադիր տեսակետի առկայության դեպքում, մինչդեռ Փաշինյանի դեպքում ոչ միայն հակադիր տեսակետ չկա, այլեւ նրա տեսակետն ավելի պրոադրբեջանական է, քան նույնիսկ Ադրբեջանի իշխանություններինը:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում գոնե ձեւի համար դիմադրել, ինչո՞ւ է յուրաքանչյուր անգամ շատ հանգիստ ու հոժարակամ համաձայնում ադրբեջանական պահանջների հետ: Նա փորձում է ցույց տալ, որ իր ադրբեջանահպատակ վարքագծի պատճառը վախն է, վախը՝ ադրբեջանական սպառնալիքներից, վախը` նոր ագրեսիայից, պատերազմից, եւ դրանով նա փորձում է վախեցնել նաեւ հայ հասարակությանը՝ ասելով, որ Ադրբեջանի պահանջները չկատարելը կբերի նոր պարտության, Ադրբեջանը, միեւնույն է` կհասնի իր ուզածին, բայց մենք տարածքային կորստից բացի կունենանք նաեւ մարդկային կորուստներ: Իսկ գուցե Փաշինյանն ադրբեջանական պահանջները կատարելու այլ մոտիվացիա ունի, գուցե նա դրա դիմաց այլ բան է ստացել կամ առնվազն պայմանավորվել՝ գործարքի հաջող ավարտից հետո ստանալ, որի մասին, բնականաբար, չի ասի ո՛չ հայ հասարակությանը, ո՛չ էլ անգամ իր թիմակիցներին, որոնց եւս սկսել է կրծել կասկածի որդը, թե ինչու է Փաշինյանն այդքան հեշտ համաձայնում ադրբեջանական պահանջներին: Անգամ ՔՊ-ականներն են սկսել հասկանալ, որ Ադրբեջանի հետ գործարքի գնալով, անձնական շահ է ստանում միայն Փաշինյանը, իսկ դրա քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը կրելու են նաեւ իրենք: Գոնե Փաշինյանն այդ գործարքի շահառու դարձներ իրենց, ոչ թե փորձեր էշի տեղ դնել՝ ասելով, որ, դե, եթե ուզում են, պետք է տալ, թե չէ պատերազմ կլինի, ու մենք եղածն էլ կկորցնենք: Միայն փողի եւ ոչ թե հայրենիքը կիսելու շուրջ կարող է Փաշինյանը տարաձայնություններ ունենալ իր թիմի ներսում: ՔՊ-ականները կարող են պահանջել, որ Փաշինյանը հայրենիքի վաճառքից ստացած գումարը կիսի արդարաբար, դրանից իրենց էլ բաժին հանի, ի վերջո, դա նաեւ իրենց հայրենիքն է:

Ավետիս Բաբաջանյան