Սապատավոր (կամ կուզ) ճանճի պատմությունը

Սապատավոր (կամ կուզ) ճանճի պատմությունը

Տարեսկզբին ամերիկացիները համոզել էին լատինամերիկյան Էկվադոր պետության ղեկավար Դանիել Նոբոային խորհրդային և հին ռուսական ռազմական տեխնիկան (մեկ տասնյակի չափ անսարք ուղղաթիռներ ու մի այդքան էլ բազմակի արձակման հրթիռային համակարգեր և շարժական զենիթահրթիռային «Ստրելա» և «Իգլա» համակարգեր) փոխարինել 200 մլն դոլար կազմող ամերիկյան ժամանակակից տեխնիկայով: Իսկ խորհրդայինն ու հին ռուսականը, բնականաբար, կտեղափոխվեին Ուկրաինա: Սակայն երկու շաբաթվա ընթացքում այդ ծրագիրը տապալվեց: Ռուսական կողմը սկզբում փորձեց էկվադորցիներին համոզել, որպեսզի չեղարկեն այդ որոշումը: Քանի որ դա չստացվեց, ռուսաստանյան «Ռոսսելխոզնադզոր» վերահսկողական ծառայությունն անմիջապես Էկվադորից ներմուծված բանանների արկղերում «հայտնաբերեց» սապատավոր (կամ կուզ) ճանճ կոչված միջատ: Ինչին, բնականաբար, հետևեց ներմուծման ժամանակավոր կասեցումը:  

Որպեսզի պարզ լինի, թե ինչ թվերի մասին է խոսքը, ասեմ, որ Էկվադորից 2023 թվականին արտահանվել է 6,5 միլիոն տոննա բանան: Եվ այդ ծավալի 21 տոկոսը՝ Ռուսաստան, ինչը կազմել է 800 միլիոն դոլար: Անցնենք առաջ. չգիտես ինչու, պարազիտ այդ միջատին «հայտնաբերեցին» ներմուծված արկղղերի ընդամենը 30 տոկոսում: Ինչը նշանակում է, որ դա նախազգուշական քայլ էր: Եվ եթե էկվադորյան իշխանությունը խելքի չգար, «կհայտնաբերեին» մնացած 70 տոկոսում ևս: Դրան կգումարվեր ներկրվող ծաղիկներում ինչ-որ հիվանդության «հայտնաբերումը». 2023-ին ներկրվել է 100 միլիոն դոլարի ծաղիկ: Չմոռանամ ասել, որ պարազիտի «հայտնաբերման» առաջին օրերին էկվադորցի արտահանողների ընկերակցությունը հայտարարեց, որ ցանկանում է փորձագետներ գործուղել Ռուսաստան: Սակայն տեղի իշխանությունը շատ արագ գիտակցեց, որ, նախ, դա հարցի լուծում չէ: Եվ երկրորդ՝ ՌԴ-ին փոխարինող այլ երկիր հնարավոր չէր գտնել (ծավալային առումով ՌԴ-ն կարծեմ առաջինն էր Էկվադորից բանան ներմուծող երկրների շարքում):  

Ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի անցնող աշխատանքային շաբաթավերջին Էկվադորում ՌԴ դեսպանը հանդիպեր նախագահ Նոբոայի հետ՝ քննարկելու «բանանատեխնիկական» խնդիրը: Եվ վերջինս էլ դեսպանին վստահեցներ, որ ինքը կպահպանի Էկվադորի չեզոք կարգավիճակը, իսկ էկվադորյան արտահանողներն էլ՝ արտահանվող բանանի բուսասանիտարական նորմերը: Կողմերը պայմանավորվել են նաև ընդլայնել համագործակցությունն իրենց հետաքրքրող բազմաթիվ ոլորտներում: Ի դեպ, հենց այդ օրերին հրապարակվել է նաև, որ ամերիկացիներին չի հաջողվել համոզել լատինամերիկյան մեկ այլ պետության՝ Պերուի, իշխանություններին ձերբազատվել խորհրդային կամ ռուսական հին տեխնիկայից: Սակայն Արգենտինայի նորընտիր նախագահ Խավյեր Միլեյն, օրինակ, հայտարարել է, որ ինքն ԱՄՆ-ին կփոխանցի իր երկրում առկա խորհրդառուսական ռազմական տեխնիկան:      

Եվ եթե այդ համատեքստում ենք դիտարկում Ռուսաստան արտահանված ջերմուկի շշերից մեկում քացախի առկայության խնդիրը, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը: Նույնիսկ այն, որ կասեցումը վերաբերում էր կոնկրետ ինչ-որ ժամանակաշրջանում շշալցված հանքային ջրին: Միակ տարբերությունն այն է, որ էկվադորյան բանանի հարցում ակտիվացել էր ռուսական «Ռոսսելխոզնադզորը», իսկ հայկական ջերմուկի դեպքում՝ «Ռոսպոտրեբնադզորը»: Քանի որ առաջին դեպքում ներկրվողը գյուղատնտեսական բնույթի չվերամշակված արտադրանք է, իսկ երկրորդի պարագայում՝ ոչ այդպիսին: Չնայած շշալցված հանքային ջուրը ևս չես կարող համարել վերամշակված արտադրանք: Հայաստանի գործող իշխանությունն ի դեմս Նիկոլի, իհարկե, թքած ունի նման դասերի վրա, քանի որ շարունակում է անշեղորեն գնալ իր ընտրած՝ հակառուսական ճանապարհով: Թքած, որ վնաս է կրում ոչ թե առանձին գործարարը, այլ ՀՀ տնտեսությունը:

Տեղեկանք Վիքիպեդիայից. Էկվադորի տարածքը կազմում է ավելի քան 283,5 հազար քառ/կմ, բնակչությունը՝ ավելի քան 18 միլիոն: 2017-ին անվանական ՀՆԱ-ն կազմել է 107,4 միլիարդ դոլար: Հայաստանի տարածքը կազմում է ավելի քան 28,7 հազար քառ/կմ, բնակչությունը՝ ավելի քան 3 միլիոն: 2022-ին անվանական ՀՆԱ-ն կազմել է 24,5 (ռուսական խմբագրությամբ՝ 19,5) միլիարդ դոլար: