«Հրապարակ»․ Դեղերի վաճառքն ընկել է, ստվեր է հայտնվել, մարզերում իրավիճակն ավելի վատ է

«Հրապարակ»․ Դեղերի վաճառքն ընկել է, ստվեր է հայտնվել, մարզերում իրավիճակն ավելի վատ է

Դեղատուն մտնողներից այսօր քչերն ունեն էլեկտրոնային դեղատոմս, եւ որպեսզի դեղատներում առեւտուրը վերջնականապես չկանգնի, աշխատակիցները ստիպված են խախտել մարտի 1-ից կիրառվող նոր կարգը եւ դեղերը վաճառել առանց դեղատոմսի կամ միայն թղթային դեղատոմսով։ Ոնց որ թե կրկնվում է ռեստորանների սեղաններին աղաման դնելու պատմությունը։
Արդեն տարբեր դեղատներում ստվեր է հայտնվել, արգելված ցանկի հայտնի դեղամիջոցներն ազատ վաճառվում են։ Իհարկե, սա հղի է տուգանքներով։ Առաջին անգամ բռնվելու դեպքում՝ ամեն անուն դեղի համար 5 հազար դրամ տուգանք է սահմանված, իսկ նույն տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում կրկնապատիկի չափով, այսինքն՝ 10 հազար դրամով։ Իհարկե, այս թվերն անհամեմատելի են առեւտրի անկման հետ, որը դիտարկվում է տարբեր դեղատներում։

Դեղատների առեւտուրը կրճատվել է

Ոչ բոլորն են հանդգնում բաց խոսել այս խնդիրների մասին։ «Գեդեոն Ռիխտեր» ցանցի դեղատներից մեկի աշխատակիցը մեզ պատասխանեց․ «Դժգոհություններ չունենք։ Աշխատանքային որոշակի ներքին հարցեր կան, որոնք չենք ուզում հրապարակել»։ «Մենք աշխատում ենք օրենքով եւ մարտի 1-ից մինչ օրս ունենք 40 տոկոսի անկում»,- հայտնեցին մեզ «Աբա ֆարմ» դեղատնից։ ԱԿԳ դեղատնային ցանցից էլ պատասխանում են․ «Բնականաբար, մերժումներ լինում են։ Շատ քչերն ունեն դեղատոմս։ Բայց ում որ պետք չէ, չենք տալիս, ում որ թույլատրելի չէ, չենք տալիս, իսկ թե ինչքան է առեւտուրը կրճատվել, չեմ կարող հայտնել»։

Խնդիրը ոչ թե դեղատների, այլ բժիշկների հետ է կապված

«Մեղու» դեղատան տնօրեն Տիգրան Վարդանյանը 20 տարի է՝ դեղերի վաճառքով է զբաղվում։ Ասում է, որ եթե կառավարության հաստատած մոտ 500 դեղանուն ցանկից նախկինում սպասարկում էր օրական 20 դեղատոմս՝ հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ եւ այլն, ապա հիմա առեւտուրը կրճատվել է 15-20 անգամ։ «Մենք առաջին օրը սպասարկել ենք 10 հատիկ ամոքսիցիլին, երկրորդ, երրորդ օրը՝ նույն կարգի»,- ասում է Տիգրան Վարդանյանը՝ նկատելով, որ վերջին օրերին չնչին չափով վաճառքն ավելացել է։ Ըստ նրա՝ ամբողջ խնդիրը ոչ թե դեղատների, այլ բժիշկների հետ է կապված։ «Մենք նոր համակարգը կիրառում ենք, բայց հիվանդանոցների, բժիշկների մեծ մասը բավարար կերպով ծանոթ չէ, չի տիրապետում այս նոր համակարգին։ Հիմա հիվանդանալու սեզոն է, եւ բուժհաստատություններում մեծ հերթեր են։ Այդ մարդիկ սովոր էին թուղթ ու գրիչով արագ գրելուն եւ հերթում սպասող հաջորդ պացիենտին ընդունելուն։ Իսկ հիմա մինչեւ էլեկտրոնային դեղատոմսը չլրացնեն, չեն կարող մյուսին ընդունել։ Սա ես լսել եմ բժիշկներից»,- ասում է «Մեղու» դեղատան տնօրենը։ Նա հիշեցնում է, որ մերձբալթյան երկրներում նույն փոփոխությունն արվել է, բայց կարգը կիրառելուց առաջ 6 ամիս բժիշկների համար դասընթացներ են կազմակերպել, հետո նոր անցել այդ համակարգին։ Նոր կարգը կարելի էր կիրառել ոչ թե հիմա, այլ՝ ամռանը, երբ հիվանդությունները քիչ են, ու բժիշկները ծանրաբեռնված չեն։ «Ի վերջո, այդ մարդկանց պետք է ժամանակ հատկացնել, կրթել։ 5-6 պատուհան կա, որոնք պետք է լրացնել։ Էլեկտրոնային դեղատոմսեր են գրում, որոնց մեջ քանակի տեղը դոզան է նշված։ Ասենք՝ 20 հատ ամոքսիցիլին պետք է գրեն, գրում են 500 հատ ամոքսիցիլին։ Դոզան գրում են քանակի նշման տեղում»։ Ըստ Տիգրան Վարդանյանի՝ բոլոր դեղատներն էլ ուզում են աշխատել օրենքով, բայց չեն կարողանում իրենց հաճախորդների համար սպասարկում ապահովել։ Եթե մեկը գալիս ասում է՝ հարեւանիս է պետք, որն անկողնային է, կարո՞ղ եք նրան դեղ վաճառել էլեկտրոնային դեղատոմսով։ «Ոչ, չենք կարող։ Անձնագրով ենք վաճառում։ Համակարգը պետք է հունի մեջ ընկնի, պետք է մարդկանց նախապատրաստեն, եթե կան թերություններ, պետք է շտկել, ոչ թե ձեւեր թափել, թե ամեն ինչ լավ է։ Ի վերջո, մենք մեր երկրի համար ենք աշխատում, իսկ երկիրը մարդիկ են, քաղաքացին է։ Շրջանների դեղատների հետ եմ խոսում, ասում են՝ մի հատ դեղատոմս չի գալիս։ Այսօր փաստացի ստացվում է, որ բժիշկները չեն գրում դեղատոմսերը, որովհետեւ չեն տիրապետում համակարգին, իսկ մեղավորի կարգավիճակում մենք ենք»,- ասում է Տիգրան Վարդանյանը։

Մարդիկ, խուճապի մատնված, ինչ դեղ ասես, առնում են

Հայաստանում դեղերի խոշոր ներկրող «Վագա ֆարմ» ընկերության հիմնադիր տնօրեն Վահե Վարսանյանն էլ չթաքցրեց, որ մարտի 1-ից կիրառվող նոր կարգն անդրադարձել է իր ընկերության գործունեության վրա։ «Իհարկե, անդրադարձել է։ Մարդիկ, խուճապի մատնված, ինչ դեղ ասես, առնում են, որովհետեւ թերի ինֆորմացիա կա։ Գնացեք դեղատուն ու տեսեք կողքից՝ վաճառքի մի տոկոսն էլ չի բժիշկների կողմից նշանակվում։ Մեկ-երկու հոգի էլեկտրոնային դեղատոմսով գան, թե չէ։ Ստիպված՝ թղթային տարբերակով սպասարկում են։ Չնայած տուգանք է հասնում, բայց այլ տարբերակ չկա։ Կառավարությունը որոշումն ընդունեց հապճեպ։ Ամսի 29-ին ընդունեց ու մարտի 1-ից պարտադրեց կիրառել։ Փոխանակ կառավարությունը նախ աշխատի բժիշկների հետ, սովորեցնի, որ այնտեղից սկսվի կարգուկանոնը։ Թե չէ՝ ցանկացած դեղատան համար, ով որ «Արմեդ» համակարգին միացած է, տարբերություն չկա՝ հիվանդը կգա թղթային տարբերակով, թե՝ էլեկտրոնային»։

Մարզերում ավելի վատ վիճակ է։ Վահե Վարսանյանն ասում է, որ անցյալ շաբաթ «Վագա ֆարմի» Գյումրու դեղատներն օրական մեկ-երկու դեղատոմս են սպասարկել։ «Այո, առեւտուրը կկրճատվի, դրա համար էլ մարդիկ որ թղթայինով գալիս են, սպասարկում են»։

ՀԳ․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ինքնաներշնչանքով է զբաղված։ Հայտնի ֆիլմի հերոսուհու նման, որն ասում էր՝ «Я самая обоятельная и привлекательная», նախարարը կրկնում է պատեհ ու անպատեհ՝ «համակարգը լավ է աշխատում»։ Ապրիլի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ նա նույնը հայտարարեց դեղերի վաճառքի նոր կարգի առումով։ «Արդեն 90 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է: Ես հայցում եմ մեր բոլոր քաղաքացիների ներողամտությունը, քանի որ ցանկացած համակարգ ներդնելուց որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակները սկսեն համահունչ աշխատել»,- հայտարարեց նա: Ճիշտ է՝ չասաց, թե ինչ գնով պետք է իրեն ներեն քաղաքացիները։ Կյանքի՞, առողջությա՞ն հաշվին։ Գներից Անահիտ Ավանեսյանն ընդհանրապես պատկերացում չունի։ Ասում է՝ մեկանգամյա դեղատոմսով կարելի է երկարատեւ օգտագործման դեղ գնել, եւ կարիք չկա ամեն անգամ բժշկի գնալ։ Բայց բացարձակ տեղյակ չէ, որ երկարատեւ օգտագործման համար դեղ գնելու ու, առհասարակ՝ Նիկոլի Հայաստանում ապրելու համար շատերը փող չունեն։ Անահիտ Ավանեսյանի ասուլիսից դուրս հայաստանյան իրականությունն է, որն իր ձեւով է արձագանքում ՀՀ կառավարության թերի, փակուղի տանող որոշումներին։ Արդեն լուրեր են տարածվում, թե դրա նպատակը մանր ու միջին դեղատները խաղից հանելն ու դաշտը խոշոր խաղացողներին թողնելն է։