Ստացվում է, որ ՀՀ բանակի յուրաքանչյուր զինվոր իր քաղաքը, գյուղը պիտի պաշտպանի

Ստացվում է, որ ՀՀ բանակի յուրաքանչյուր զինվոր իր քաղաքը, գյուղը պիտի պաշտպանի

Շատերից եմ լսել. «Նիկոլը չորս գյուղ է տալիս Ալիեւին, հույս ունեինք, որ էդ գյուղերի բնակիչները, տավուշցիները ոտքի կկանգնեն, կբողոքեն, բայց նման բան չեղավ...»։

Այսինքն` երեւանաբնակը, աբովյանցին եւ այդ գյուղերից 10 կամ 100 կիլոմետր հեռու բնակվողները հանգիստ նստած սպասում էին, որ տավուշցիները ոտքի կանգնեն, բողոքեն, աղմկեն։ Կարծես Հայաստանի Հանրապետության այդ հատվածները միայն այնտեղ ապրողներինն են, իրենք, ռուսի ասած` тут не причем։ Ստացվում է, որ ՀՀ բանակի յուրաքանչյուր զինվոր իր քաղաքը, իր գյուղը պիտի պաշտպանի, կապանցին` հայրենի Կապանը, երեւանցին` Երեւանը, գյումրեցին` միայն Գյումրին պիտի պաշտպանի։

Օրակարգում Սյունիքն է, բայց, ըստ վերոնշյալ տրամաբանության, թքա՛ծ, մեզ ի՞նչ, այդ մասին թող սյունեցիները մտահոգվեն... Լավ է, չէ՞, հավաքական, ամբողջական առումով Հայաստանի Հանրապետություն չկա, կան այդ տարածքում գտնվող քաղաքներ ու գյուղեր, եւ այդ համայնքների բնակիչները, որոնց բացարձակապես չի հետաքրքրում իրենցից տասնյակ կամ մի քանի հարյուր կմ հեռու գտնվող հայկական գյուղի կամ գյուղերի ճակատագիրը...

Վերջերս Մարգարիտա Սիմոնյանի մի տեսագրությունն աչքովս ընկավ։ Ասում էր, որ Նիկոլը դավաճան է, հետո հավելեց, որ հինգ տարի հետո Հայաստան չի լինելու։ Ինչպես մեզանում լինում է նման դեպքերում, վայ-հայրենասերներն իրենց բոցաշունչ մեկնաբանություններով նախ վիրտուալ ջնջխեցին Մարգոյին` է՛լ Կրեմլի խոսնակ, է՛լ փուչ սուտասան, է՛լ գող փիսո... իհարկե՝ «շուռ տված հայ եւ թուրքի բաջի»...
Անկեղծ ասած, ես համաձայն չեմ, որ ՀՀ ղեկավարի աթոռը գրավածը դավաճան է։ Նա դավաճան չէ, այլ՝ թշնամի է, Հայաստանի ու հայության թշնամին է։ Երկրորդ․ կարծում եմ, որ Մարգարիտան լավատես է։ Եթե այսպես շարունակվի, ապա, ցավոք, Հայաստանն ավելի շուտ է ջնջվելու աշխարհի քարտեզից, ոչ թե 5 տարուց։ Երբ Ռուսաստանում ծնված, կրթություն ստացած ու այդ երկրում ապրող հայը, որ ՌԴ քաղաքացի է, պաշտպանում է Ռուսաստանի շահերը, նա դավաճան չէ։ Ընդհակառակը՝ ստոր, երախտամոռ ու տականք կլիներ, եթե հայհոյեր իր հայրենի երկիր Ռուսաստանը։ Դավաճանը, ստահակը, սրիկան նրանք են, որոնք ծնվել ու մեծացել են Հայաստանում, բայց հրեշավոր տզրուկի պես ծծում են հայի արյունը, թալանում, ավերում, հոշոտում Հայաստանն ու նոր ցեղասպանության շեմին կանգնեցնում հայությանը։ Բա ռաբիս կլկլացնում էիք` «հայ եմ ես, հայ ես դու, վայ քո ցավը տանեմ ես»։

Երթուղայինում էի։ Վարորդը «հայկական» երաժշտություն էր միացրել` ռաբիս ինչ-որ այլանդակությունների մի զզվելի շարան։ Մեկն իբր տղամարդու ձայնով, կլկլացնում էր․ «Մեր կռիշը ձեր կռիշից բարձր ա, չես հավատում՝ հարեւանին հարցրա»... Հետո հանկարծ անցավ Դելիին, սկսեց «Դելի՜, Դելի՜» ծորացնել եւ այնտեղից էլ ցատկեց Վրաստան ու գեղգեղաց` «գենաց վալե»... Այս երաժշտական գարշանքն ընդմիջվում էր գովազդով, որտեղ պատմում էին «մատչելի գներով» ինչ-որ կերուխումային հաստատությունների, համով խորովածների, անուշաբույր խորտիկների, մի խոսքով` միայն ստամոքսի, որովայնի համար «կենսական» նշանակություն ունեցող զանազան կերակրատեսակների մասին։
Առջեւում, մի բուռ դարձած երկրի գլխավերեւում նոր ցեղասպանության ուրվականն է, իսկ եթերն անգամ հեղեղված է տխմարություններով, թուրք-արաբական կլկլոցներով։ Ու բնական հարց է ծագում` այսպիսի ապազգային աղբ պաշտող, գովերգող հանրության ինչի՞ն է պետք մեծն Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան։ Արցախն արդեն զոհասեղանին էր, Հայաստանում ինչ-որ հայաքվե-շոու էին անում, իրական ներքին թշնամուց մարդկանց ուշադրությունը շեղում, ժամանակը քամուն տալիս, թե` մեր նպատակն Արցախը փրկելն է։ Ու հանգիստ Արցախը գերեզման դրեցին։

Հիմա զոհասեղանին արդեն Հայաստանն է։ Երկու շաբաթ առաջ հանրահավաք արեցին, ինչպես ընդունված է, ճառեր ասացին, ճառեր լսեցին, ծափահարեցին ու հայտարարեցին, որ հաջորդ հանրահավաքը երկու շաբաթ հետո է լինելու։ Այդ երկու շաբաթն էլ անցավ, մարտի 13-ին հանրահավաք արեցին ու կրկին հայտարարեցին, որ հաջորդ հանրահավաքը երկու շաբաթ հետո` մարտի 27-ին է լինելու... Իսկ այս ընթացքում պատրաստվում են չորս գյուղ նվիրել թշնամուն՝ չհաշված ներհայաստանյան մեծ ու փոքր ավերածությունները...

Հետաքրքիր է, այսօր քանի՞ մարդ է մտածում, որ այլեւս չի կարելի այսպես շարունակել, որ սա ինքնակործանում է, որ Հայաստանը նպատակաուղղված վերացնում են։ Լինում է մի ինչ-որ սահման, երբ հայտարարում են, որ արդեն համբերության բաժակը լցվել է։ Կարծես թե Հայաստանում ու հայության համար ոչ թե համբերության բաժակ է, այլ տակառ, որը երբեք չի լցվում, որովհետեւ նաեւ ծակ է։

Վարդգես Օվյան