«Հրապարակ»․ Խնդիրների մասին բարձրաձայնել ենք` հույսով, որ կսկսվի երկխոսություն, փոխարենը ստացել ենք սպառնալիքներ

«Հրապարակ»․ Խնդիրների մասին բարձրաձայնել ենք` հույսով, որ կսկսվի երկխոսություն, փոխարենը ստացել ենք սպառնալիքներ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նաեւ ռուսաստանաբնակ հայերի ստեղծած «Ժառանգություն եւ առաջընթաց» հիմնադրամի համահիմնադիրն է, որը փորձում է աջակցել արցախցիներին: Զրուցել ենք Արթուր Սողոմոնյանի հետ։

- «Ժառանգություն եւ առաջընթաց» հիմնադրամն արցախցիների հետ կապված ծրագրեր է իրականացնում։ Դուք ի՞նչ տպավորություն ունեք՝ խոստացան, որ պետությունը կապահովի ամեն ինչով, հիմա ի՞նչ վիճակում են։ 

- Այո, մենք ունենում ենք ծրագրեր արցախցիների համար։ Նոր տարուն 1800 երեխայի համար տոն կազմակերպեցինք՝ Մասիսում, Արտաշատում, Հրազդանում նվերներ բաժանեցինք։ Ինձ թվում է՝ խնդիրները մեծ են, բայց հարցը նյութական արժեքները չեն, այլ այն, որ նրանց համար շատ բարդ է ինտեգրվելը, եւ դա վերաբերում է ե՛ւ դպրոցներին` կրթական հարցերին, ե՛ւ կոմունիկացիաներին, ե՛ւ նրան, որ այդ մարդկանց ցավը չի անցնում։ Բարդ է, երբ դու տարիներով ապրել ես, պլաններ ես կազմել, ունեցվածքի տեր ես եղել ու հանկարծ ամենը կորցրել ես։ Ահա ինչու հոգեբանական աջակցությունը շատ կարեւոր է, թեեւ նյութական հարթության մեջ էլ բազմաթիվ են չլուծված հարցերը: Մենք փորձում ենք օգնել, բայց, իմ կարծիքով, ավելի կարեւոր է ցույց տալ արցախցիներին, որ իրենք մենակ չեն, մոռացված չեն։ 

- Ի՞նչ եք կարծում` նրանք բավարար աջակցություն ստանո՞ւմ են պետության կողմից, եւ ի՞նչ կարելի է անել, որը պետությունը չի անում։

- Բոլոր ծրագրերից տեղյակ չեմ, որ խորհուրդներ տամ, բայց կարծում եմ՝ պետք է առաջին հերթին բնակելի շինարարության պետական ծրագիր լինի։ Արցախցիները հիմնականում վարձով են ապրում, ժամանակավոր բնակարաններում, որտեղ դժվար է երկար կյանք պլանավորել։ Պետության համար էլ դա շահեկան կլինի` երբ զարգանում է շինարարությունը, ավտոմատ կերպով տնտեսության այլ ոլորտներին էլ է զարկ տրվում։ Իհարկե, այս պարագայում շինարարությունը պետք է ոչ կոմերցիոն լինի` սոցիալական: Առանց նման ծրագրերի նրանք որոշ ժամանակ անց կհեռանան Հայաստանից։ 

- Հիմա շա՞տ են արտագաղթում Ռուսաստան։

- Իմ տպավորությամբ, նրանք հիմնականում Հայաստանում են։ Ռուսաստանի համար էլ հիմա հեշտ ժամանակներ չեն։ Բայց եթե նրանց չօգնեն բնակարանների հարցում, երկար չեն մնա Հայաստանում։ Մարդը մնում է այնտեղ, որտեղ կարող է աշխատել, տեղավորվել, ընտանիք պահել։ Հակառակ դեպքում նա անընդհատ փնտրելու է մշտական բնակության վայր։ 

- Երբ հումանիտար օգնություն եք բերում, համագործակցո՞ւմ եք պետական կառույցների հետ, թե՞ ուղիղ եք կապվում շահառուների հետ։

- Ծրագրերի մեծ մասի դեպքում չենք համագործակցում պետության հետ` մենք մշակութային, պատմական ժառանգության պահպանության ծրագրեր ունենք։ Բայց փախստականների հարցում խնդրում ենք պետության օգնությունը, որովհետեւ շատ դեպքերում չունենք կոնտակտներ։ Օրինակ, շատ լավ աշխատեցինք «Վիվա» ֆոնդի հետ, որը տեղում կազմակերպեց օգնությունը բաժանելու կետեր։ Հաճախ դիմում ենք արցախցիներով խիտ բնակեցված համայնքների համայնքապետարաններ, բայց, ցավոք, Հայաստանում պետական մակարդակով նրանց արգելում են մասնակցել նման ծրագրերի։ Որոշ համայնքային իշխանություններ մեզ ասացին, որ իրենց արգելում են համագործակցել մեզ հետ։ Ճիշտն ասած՝ ես այնքան էլ չհասկացա, թե ինչու, որովետեւ օգնությունների կոորդինացումը նրանց հիմնական խնդիրներից է։ Շատ զարմացա, երբ պատասխանեցին, որ իրենց արգելված է աշխատել մեզ հետ։

- Այսինքն՝ միայն պետակա՞ն խողովակներով կարելի է օգնություններ տրամադրել։

- Ես չեմ հասկանում, թե ինչու, բայց շատ ռեգիոններում մեզ ասացին, որ պետք է ինքներս կազմակերպենք օգնությունների բաժանման գործընթացը։ 

- Ձեր հիմնադրամը ֆիլմեր է նկարահանել հայազգի մարշալների, անվանի զինվորականների մասին՝ Խուդյակովի, Իսակովի, Բաբաջանյանի։ Դրանք ցուցադրել եք Ռուսաստանում, իսկ Հայաստանում ցուցադրվե՞լ են։ 

- Մենք երիցս դիմել ենք ե՛ւ Հանրային հեռուստատեսություն, ե՛ւ «Արմենիա», բայց մեզ մերժեցին։ Մենք այդ ֆիլմերը սեփական ուժերով ցուցադրում ենք։ Օրինակ, Երեւանի համար 132 դպրոցում` Իսակովի անվան, ցուցադրեցինք նրա մասին ֆիլմը։ Քրիստոնեության մասին ենք ֆիլմ նկարահանում, շուտով կավարտենք Արտավազդ թագավորի մասին ֆիլմը։ Այդ ֆիլմերն արտասահմանում մեծ համարում ունեն` մինչեւ նկարահանելը ունեինք հայտեր Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից, բայց Հայաստանում չի հաջողվում ոչինչ։

- Ի՞նչ է Հանրայինը պատասխանել։ 

- Ասացին՝ չէ, առանց որեւէ պատճառաբանության։ Ես կարող եմ ենթադրել, որ պատճառն այն է, որ հայ մարշալները հիմնականում խորհրդային շրջանից են, սա քաղաքականություն է, որի մասին չեմ ցանկանում խոսել։ Բայց սա ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի ու ապագայի մասին է` նրանք հայ են, եւ մենք նրանցից շատ սովորելու բան ունենք։ 

- Ֆուտբոլի ֆեդերացիան ձեզ դատի է տվել։ Ի՞նչ ընթացքում է։ 

- Այո, մեզ դատի են տվել, եւ դա շարունակվում է մեկ տարուց ավելի։ Այն, ինչ անում է ֆեդերացիան, նոնսենս է` ոչ մի երկրում չեք տեսնի, որ Ֆուտբոլի ֆեդերացիան դատի տա ակումբին, որի միջոցներով նա գոյատեւում է։ Ամբողջ աշխարհում ֆեդերացիաները գոյատեւում են ակումբների հաշվին, ինչպիսին մենք ենք։ Ֆեդերացիան վատ է աշխատում, եւ դա ազդում է արդյունքների վրա։ Մենք ոչ թե էմոցիոնալ գնահատական ենք տվել, այլ օբյեկտիվորեն գնահատել ենք ՀՖՖ աշխատանքի արդյունքները, որոնք 32 տարում ամենավատն են եղել։ Մեր կարծիքը բարձրաձայնել ենք` հույսով, որ կսկսվի երկխոսություն։ Փոխարենը ստացել ենք սպառնալիքներ, քրեական գործ հարուցելու փորձեր, հետո էլ՝ դատական հայց։ Այդ պրոցեսը մեծ վնաս է հասցնում ֆուտբոլի զարգացմանը, որովհետեւ ոչ մի ներդրող չի գա նման իրավիճակում, այն ֆուտբոլը ինվեստորների համար ոչ գրավիչ է դարձնում։ Որոշել են այդ ձեւով խոչընդոտներ ստեղծել մեզ համար։ Ես շատ պատասխանատու ձեւով եմ վերաբերվում այդ ամենին եւ չեմ կարող լռել, երբ կան լուրջ խնդիրներ։ Պետք է դրանք լուծել, ոչ թե լռության մատնել։ 

- Ո՞րն է հայցի հիմքը։ Դուք մամուլի համար հայտարարություն էիք արել, որը զրպարտո՞ղ են համարել։ 

- Այո, որ Հայաստանում կարելի է ազատվել բանակից` խաղալով Բանակի կենտրոնական մարզական ակումբում։ Միայն սրա համար չեն դատի տվել, այլ որովհետեւ պարբերաբար քննադատել ենք փաստարկված, արգումենտներ բերելով։ Նրանց դուր չեկան մեր հայտարարությունները, նախ դատարան դիմեցին, հետո որոշեցին զրկել իմ ակումբը ֆուտբոլային խաղեր անցկացնելու, ընդունելու հնարավորությունից։ Մենք հիմա վարձակալում ենք դաշտեր, որոնք այնքան էլ հարմար չեն ֆուտբոլ խաղալու համար: Այս չեմպիոնատը կավարտենք, բայց մյուս չեմպիոնատի իմաստը մենք չենք տեսնում, ամենայն հավանականությամբ, մեր թիմը կդադարի մասնակցել Հայաստանի չեմպիոնատին։ Մեզ կարծես ստիպում են հեռանալ, որպեսզի մենք չխանգարենք ոչ պրոֆեսիոնալ ձեւով իրենց գործն անելուն։ Այս ամենն ազդում է ֆուտբոլիստների, երիտասարդների հոգեբանության վրա։ Ֆուտբոլի զարգացումը երկրի զարգացումն է, եւ ինձ մտահոգում է այն, որ մարդկանց, ովքեր սպորտի կառավարմամբ են զբաղվում, այս ամենը չի հետաքրքրում։ 

- Դուք Հայաստանո՞ւմ եք ավելի հաճախ լինում, թե՞ Ռուսաստանում։ 

- Ես ապրում եմ Ռուսաստանում, որովհետեւ իմ բիզնեսը հիմնականում Ռուսաստանում է, Ուզբեկստանում, Ղազախստանում։ Այստեղ հաճախ եմ լինում, հիմնականում իմ ֆուտբոլային ակադեմիայի համար` մոտ 1700 երեխա է պարապում, եւ ինձ համար դա մեծ պատասխանատվություն է, ես ձգտում եմ ինքս հաճախ գալ, վերահսկել, տեսնել, թե ինչ է կատարվում։