Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի և Գեվորգ Էմինի 100-ամյակներն անցնում են աննկատ

Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի և Գեվորգ Էմինի 100-ամյակներն անցնում են աննկատ

Կոմիտասի եւ Հովհ․ Թումանյանի 150-ամյակից բացի, տարին հոբելյանական էր նաեւ բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանի, Գեւորգ Էմինի եւ Հրաչյա Հովհաննիսյանի համար, որոնց 100-ամյակն այդպես էլ աննկատ անցավ ողջ տարի։  

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, ով ուսանողական տարիքից եղել է Կապուտիկյանի մտերիմներից, ասում է՝ մեծ ցավ էր, որ Կապուտիկյանի, Էմինի եւ Հովհաննիսյանի 100-ամյակները որեւէ ձեւով չհիշատակվեցին։ Այդ բացը լրացնելու համար նախօրեին թանգարանում կազմակերպել են «Կապուտիկյանը եւ ընկերները» խորագիրը կրող միջոցառում։  

Թեպետ կառավարական մակարդակում ոչ մի ձեւով չնշվեց բանաստեղծներից եւ ոչ մեկի 100-ամյակը, բայց ոչ պետական մակարդակով թանգարանը Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված 70-ից ավելի միջոցառում է կազմակերպել․ «Գրեթե բոլոր մարզերից հրավերներ եմ ունեցել։ Գրքեր հավաքագրեցինք՝ զինվորական մասեր տանելու համար, գնացինք Բերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չորաթան գյուղերը։ Անգամ այդ հեռավորության վրա մենք Կապուտիկյանի 100-ամյակը նշել ենք։ Էջմիածնի Ջրառատ գյուղում, որտեղ Կապուտիկյանը մի քանի ամիս աշխատել է որպես ուսուցչուհի, ծառատունկ ենք արել»։    

Ինչ վերաբերում է նախարարության դիրքորոշմանը, դիմե՞լ են արդյոք եւ ի՞նչ պատասխան են ստացել։ «Լիլիթ Մակունցի տեսլականում կար՝ ինչ-որ բան անել 100-ամյակի առթիվ, բայց նրանից հետո ուրիշ «ալիք» եկավ, եւ Լիլիթ Մակունցի պահանջած ծրագիրն այդպես էլ չքննարկվեց եւ սեղանին չդրվեց։ Թեկուզ ԳԱԹ-ը՝ Գրականության եւ արվեստի թանգարանը՝ ի դեմս տնօրեն Կարո Վարդանյանի, նոր նախարարությանը բարձրաձայնեց Էմինի, Կապուտիկյանի եւ Հովհաննիսյանի 100-ամյակները նշելու հարցը, որը դրական գնահատականի արժանացավ, բայց, որպես այդպիսին, հանձնաժողով չգումարվեց։ Պատճառաբանությունն այն էր, որ երկու 150-ամյակ կա նշելու՝ Թումանյանի եւ Կոմիտասի, իսկ 100 ամյակները մնացին ստվերում։ ԳԱԹ-ի հետ մենք որոշել ենք մինչեւ տարվա վերջ երեք 100-ամյակներին նվիրված ցուցահանդես ներկայացնել նրանց թանգարանում։ Կլինեն նաեւ երգ, երաժշտություն, ասմունք։ Կապուտիկյանի տեսքտերով միայն 110 երգ կա, նույնը նաեւ՝ Էմինի եւ Հովհաննիսյանի դեպքում։ Ինչ-որ ձեւով մինչեւ տարեվերջ կնշենք, բայց ցավ եմ ապրում, որ Օպերայի դահլիճում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում այդպես էլ նրանց 100-ամյակը չենք նշի»,- ասում է Արմենուհի Դեմիրճյանն ու հավելում, որ Լիլիթ Մակունցի եւ բարերարների աջակցությամբ բանաստեղծուհու 100-ամյակի օրը՝ 2019-ի  հունվարի 20-ին, թանգարանը հրաշալի մի գիրք հրատարակվեց. Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները՝ երեխաների նկարազարդումներով․ «Մի գիտաժողով էլ Գրականության ինստիտուտը կազմակերպեց՝ Վարդան Դեւրիկյանի գլխավորությամբ, հիմա 2-րդ գիտաժողովը պետք է լինի՝ Մայր Աթոռում»։

Բանաստեղծուհու տուն-թանգարանն այժմ վերանորոգվում է։ «Կապուտիկյանը լրիվ ինքնուրույն թանգարան ստեղծեց եւ հոգաբարձուների մի խումբ հավաքագրեց, որ թանգարանը լինի անկախ։ Չէ որ նա Ռոբերտ Քոչարյանի հետ բախված վիճակում էր եւ չուզեց, որ պետությունից մի լումա իրեն հասնի։ Թանգարանը բացվեց իր մահից հետո՝ 90-ամյակի օրը։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ ներկայացավ, կտրեց թանգարանի ժապավենը։ Բայց այդ ժամանակ արդեն պատերը ճաքած վիճակում էին, առաստաղը մրոտված էր, քանի որ ցուրտ տարիներին վառարան էր օգտագործել։ Այս տասը տարիների ընթացքում ճաքերն ավելի խորացան, դռների ճռռոցներն ավելի շատացան, մի խոսքով՝ այդ միջավայրում արդեն Կապուտիկյանի գեղագիտական ճաշակը չէր երեւում, ավելի խղճահարություն էր հարուցում, քան՝ գեղեցկություն»,-պատմում է թանգարանի վարիչն ու ավելացնում, որ այդ ժամանակ հոգաբարձուների նիստ են հրավիրել եւ դիմել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Էջմիածինը կարողացել է հատկացնել մեկ միլիոն հարյուր հիսուն հազար դրամի օգնություն։ Մնացածն իր անձնական, բարեկամական կապերի շնորհիվ է կարողացել գլուխ բերել․ «Մի խոսքով, դուռ չեմ թողել, որ չթակեմ, եւ շատ դռներ բացվել են։ Նաեւ շատ շնորհակալ եմ մեր վարպետներից, որոնք գործը գնահատում էին շուկայականից ավելի ցածր։ Այս խնայողությունների միջոցով հնարավոր եղավ գործն առաջ տանել»։

Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ, թանգարանի գործունեությունն այս ընթացքում չի կանգնեցվել։ Ավելին՝ վերջին տարիներին այցելություններն ավելացել են 5 անգամ․ «Եթե առաջ 500 հոգի էր գալիս, հիմա արդեն՝ 2 հազար 500-ի կարգի, իսկ այս տարի այցելությունների թիվն ավելի շատ կլինի»:

Որքանո՞վ է բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը գնահատված մեր օրերում։ «Միշտ էլ ժամանակակիցը կայանալու համար հնին ոտքի տակ կարող է տալ, ինչպես բոլշեւիկներն էին անում, ֆուտուրիստները կամ էլ՝ ինչպես հիմա են անում, բայց, ամեն դեպքում, Կապուտիկյանը ստույգ պատասխաններ ունի, ասում է՝ դուք պատմության մեջ կհիշվեք զուտ այնքանով, որ փորձեցինք ինձ անցկացնել ձեր թրի տակով։ Կապուտիկյանի թիվ մեկ բանաստեղծությունը, որ սփյուռքին հայ պահեց, դա «Խոսք իմ որդունն» է։ Նա գրեց «Քարավանները քայլում են» գիրքը, եւ այդ գրքով սփյուռք-Հայաստան կապը մի տարում գոյացավ։ Դեսպան Ալեքսանդր Բոժկոյին երբ հարցրի, թե ինչպես ստացվեց, որ որոշեցիք գալ Հայաստան եւ այստեղ կրթություն ստանալ, ասաց՝ մեղավորը «Քարավանները քայլում են» գիրքն էր։

Վերջին շրջանում՝ Արցախյան գոյամարտի տարիներին, Կապուտիկյանը հաճախ էր գնում Արցախ, ամեն ամիս մի ուղեկալից մյուս ուղեկալը փող էր ուղարկում եւ խնդրում էր, որ զինվորներին ծխախոտի փոխարեն քաղցրավենիք, գաթա տանեն։ Բոլոր արտիստներին՝ Օֆելյա Համբարձումյանին, Ռուբեն Մաթեւոսյանին, հավաքում-տանում էր հոսպիտալները եւ նույն րոպեին մի համերգային ծրագիր կազմում եւ այնպիսի խոսք էր ասում, որ ձեռքը, ոտքը կտրած զինվորներն ասում էին՝ շուտ մի բան արեք, որ զենքը վերցնենք ու գնանք առաջին գիծ։ Ու հիմա, երբ Կապուտիկյանին չենք հիշում, դա մեր բացթողումն ու ամոթն է»,- եզրափակում է Արմենուհի Դեմիրճյանը։