Մենք և իդիոտիզմը

Մենք և իդիոտիզմը

Իսկ ձեզ չի՞ հետաքրքրում, թե նիկոլականներն ինչու են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգից նախապատվությունը միշտ տալիս Սերժ Սարգսյանին: Հազիվ թե «Քաղպայմանագրում» Նիկոլ Փաշինյանից ու նրա ամենամերձավոր շրջապատից բացի, եւս մեկ-երկու մարդ իմանա այս հարցի պատասխանը: Բանն այն է, որ շարքային ՔՊ-ականները համոզված են, որ իշխանության են եկել բացառապես «համաժողովրդական» հեղափոխության արդյունքում, մինչդեռ դա չէ ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն ասող էլ չկա. ո՛չ Փաշինյանն է խոսում, ո՛չ՝ Սերժ Սարգսյանը: Հեղափոխականներն ի՞նչ էին վանկարկում, հիշո՞ւմ եք. «Քայլ արա, մերժիր Սերժին»: Շատ բարի: Իսկ ինչո՞ւ են «Սերժին մերժելուց» հետո կանգնում նրա կողքին, որին մերժել են: Լավ ռեբուս է, այնպես չէ՞:

Իմ կարծիքը, գիտեմ, քչերին է հետաքրքրում, բայց, այնուամենայնիվ, բարձրաձայնեմ՝ ինձ թվում է, որ Հայաստանում ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ մի ուրիշ բան: Երբ առաջին անգամ ես այդ մասին գրեցի, ֆեյսբուքյան ամբոխը, առանձին լրատվամիջոցներ եւ քաղգործիչներ էյֆորիայով հարձակվեցին վրաս ու խրատում էին՝ լավ չե՞ս, արա, հեղափոխությունն էլ ո՞նց է լինում: Ասում էի՝ չգիտեմ, հայեր, այդ հեղափոխության անունը մի տեսակ անհասկանալի, իրար չբռնող բառերի շարան է հիշեցնում: Օրինակ՝ ի՞նչ կապ ունեն «թավշյան», «ոչ բռնի»-ն եւ «ժողովրդականը»: Հասկանալի է, դրանք ածականներ են, բայց եթե մի տեղ ժողովուրդն է, այնտեղ չեն կարող թավշյա եւ ոչ բռնի գործեր լինել: Ժողովրդականը ես հասկանում եմ եղանով, բահերով, թավայով, գրտնակով… Չէ-չէ մի՝ թավիշ… Թավիշով արդեն 20 օր է՝ մի գիտության ու կրթության առաջնորդ չենք կարողանում մերժել, էլ ուր մնաց Սերժ մերժեինք: Եվ, առհասարակ, թավիշը քաղաքական կատեգորիա չէ, դա ավելի շուտ բանաստեղծություն է կամ փոքրիկ գետակով մի չքնաղ գյուղ՝ Թավշուտ անունով, որ Ամասիայի բնաշխարհի մարգարիտն է:

Գնանք առաջ: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ «սերժասիրությունը» Նիկոլ Փաշինյանին է անցել ժառանգաբար: Զարմացա՞ք: Դա տեսնելու համար պետք է մի փոքր ավելի հեռուն գնալ՝ 2010, 2012, 2013 թվականներ: «Մենք հեռանում ենք փողոցից, որպեսզի չխանգարենք հայ-թուրքական պրոտոկոլների վավերացմանը», «Սերժ, դիմում եմ քեզ՝ բաց զուգարանները», «Ես չեմ առաջադրվի, եթե չառաջադրվի նաեւ Ռոբերտ Քոչարյանը»: Ո՞վ է այս հայտարարությունների հեղինակը: Իհարկե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ-թուրքական պրոտոկոլները դնենք մի կողմ, որովհետեւ առաջին նախագահն այդ օրերին այնպես էր սատարում Սերժ Սարգսյանին, ինչպես Եվան՝ Ադամին: Առավել հետաքրքիր է 2012 թվականը եւ, մանավանդ, ԱԺ ընտրություններին նախորդած ժամանակահատվածը: Ազատության հրապարակում ցույցեր էին, ՀԱԿ-ը պահանջում էր արտահերթ ընտրություններ, Սերժն էլ կողի էր ընկել, թե չէ՝ պետք է հերթական անեմ:

Այդ ցույցերից մեկի ժամանակ, երբ վրաններ խփած ցուցարարներն արդեն շատ էին նեղվում զուգարանների փակ լինելոց, Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակի բարձր ամբիոնից հայտարարեց՝ բաց զուգարանները, Սերժ: Ամբոխը ծափահարեց, բայց այդ նույն ամբոխը չգիտեր, որ այդ զուգարաններն այլեւս իրենց պետք չէին գալու, որովհետեւ գործարքն իր թիկունքում արդեն կայացել էր: Մի հետաքրքիր բան էլ տեղի ունեցավ այդ ժամանակ: Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ նեղացավ ամբոխից եւ հայտարարեց՝ մինչեւ այս հրապարակը ծայրից ծայր լցված չլինի, չեմ խոսի: Դա 2008 թվականին սկսված կինոէպոպեայի առաջին սերիայի վերջն էր: 2012թ․, բնականաբար՝ հերթական ընտրություններով, ՀԱԿ-ը 7 հոգով, Նիկոլն էլ՝ նրանց հետ, հայտնվեց խորհրդարանում: Այս գործարքն էր, որ կայացել էր Լեւոնի եւ Սերժի միջեւ:

Ի դեպ՝ պատմում են, որ սակարկություններն սկսվել են 11-15 մանդատի շուրջ, բայց Սերժը՝ որպես աստվածավախ մարդ, նախընտրել էր 7-ը։ Ինչեւէ, մի տարի գլորեցինք նորահայտ ինստիտուցիոնալ ՀԱԿ-ի հետ, մինչեւ վրա հասան 2013թ. նախագահական ընտրությունները, որոնք 2-րդն էին Սերժ Սարգսյանի կարիերայում, եւ նա, բնականաբար, պետք է հաղթեր, որովհետեւ երկրի նախագահն էր: Ընդդիմադիրները դես ընկան, դեն ընկան, հարմար միասնական թեկնածու չգտան: Այդ ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց, որ ինքն է միասնականը, ու «կաշը» գնաց:

Քիչ էր մնացել Պարույր Հայրիկյան կորցնեինք՝ հիշո՞ւմ եք: Իսկ ի՞նչ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը․ մինչեւ առաջադրումները «հասարակական լայն» խավերը նրան «խնդրում էին» դառնալ միասնական թեկնածու: Նա մատը տնկեց վերեւ եւ հայտարարեց․ «Եթե Ռոբերտը դնի, ես էլ կդնեմ»: Այսպիսի բաներ գյուղապետի ընտրությունների ժամանակ են լինում սովորաբար, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը դա ասաց այնպիսի համոզիչ տոնով, որ նույնիսկ քաղաքական բթամիտները հասկացան, որ Քոչարյանի թեկնածության հետ խնդիր ունեցող Տեր-Պետրոսյանը որեւէ խնդիր չունի Սերժ Սարգսյանի թեկնածության հետ: Եվ, ուրեմն, արձանագրենք, որ Սերժի եւ Ռոբերտի միջեւ Սերժին ընտրելու «փիս սովորությունը» գալիս է Լեւոն Տեր-Պետրոսյանից, որի թիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է: Ահա եւ Փաշինյանի «սերժասիրության» ժառանգական լինելու ապացույցը:

- Դե, դե, դե, արդեն շատ լեզվիդ տվիր, էդ որտե՞ղ ես տեսել Նիկոլ Փաշինյանի «սերժասիրությունը:
Գիտե՞ք ինչ, ինձ այդպիսի էյֆորիկ հարցեր մի տվեք: Ես ձեր իմացած շշկռվողներից չեմ, ոչ էլ այլեւս զարմանում եմ, որ Նիկոլը պատշաճ հեռավորություն է պահպանում Սերժ Սարգսյանից: Ես պարզապես սիրում եմ կարդալ Փաշինյանի լաքեյների խմբագրած կայքերը եւ հետեւություններ անել: Ձեզ էլ խորհուրդ կտամ կարդալ: Մի հատ վերնագիր ասեմ՝ ընկնեք. «Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ցույց տվեց իր թռիչքի բարձրությունը»: Այսպիսի գովք Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ն էլ չէր արել իր օրում: Եվ սա այն դեպքում, երբ բոլոր կայքերը հրապարակել էին Միքայել Մինասյանի հոդվածը Նիկոլ Փաշինյանի՝ միաժամանակ Մեսիա (փրկիչ) եւ «գեղցի» լինելու մասին (ասենք, մի տեղ էլ ճիշտ է ասել՝ ինչպե՞ս կարելի է Վատիկանի «պադվալ» անվանել սրբավայրը):
Վերոնշյալ ծիծաղաշարժ վերնագրի տակ գրել են. «Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ համագումարին ու վեհաժողովին մասնակցությունը բավականին հատկանշական էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» խմբակի առաջին ժողովին նրա բացակայության պայմաններում: Տվյալ դեպքում խոսքը, իհարկե, անմիջապես Սարգսյանի բացակայության մասին չէ կամ դրա մասին չէ միայն, այլ ընդհանրապես ՀՀԿ նկատելի բացակայության… Սերժ Սարգսյանը, փաստորեն, «Վերնատան» փոխարեն ընտրում է «եվրոպական տան» տարբերակը եւ մեկնում է ԵԺԿ համագումարի ու վեհաժողովի… Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարի ու վեհաժողովի միջոցով ցույց է տալիս իր «բարձր կարգը», իր «թռիչքի բարձրությունը»՝ առաջին հերթին հենց Ռոբերտ Քոչարյանի ու նաեւ «Վերնատուն» խմբակի համեմատությամբ»: Կարծում եմ՝ եփած հավն էլ հասկացավ, թե հեղափոխության փոխարեն իրականում ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում 2018 թվականին, եւ ինչու է այդ իրադարձությունը կոչվում «թավշյա»: Սերժ Սարգսյանը ԵԺԿ առաջնորդների հավաքում շատ չխորացավ այս հարցերի մեջ եւ բավարարվեց ասելով, որ ինքն իշխանությունը տվել է՝ չցանկանալով արյուն թափել: Սա մախաթը պարկում լավագույնս թաքցնելու մի փորձ էր, որի ստացվել-չստացվելը հետո կերեւա, բայց, ահա, ոմանք չեն կարողացել թաքցնել իրենց ուրախությունը Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի՝ «Վերնատան» համաժողովից բացակայելու փաստի առթիվ: Կարող եմ ավելի ուրախացնել՝ Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ում բարեխոսել է Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի նրա «Քաղպայմանագիրը» դառնա ԵԺԿ անդամ:

- Վատ ե՞ս, արա…

- Վատը դուք եք, որ ձեւացնում եք՝ իբր չեք հասկանում, թե ինչ եք արել էս պետության հետ ձեր «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» իդիոտությամբ: