ՊԵԿ-ում չգիտե՞ն, որ մաքսանենգ ճանապարհով ավտոյուղեր են ներկրվում Հայաստան

ՊԵԿ-ում չգիտե՞ն, որ մաքսանենգ ճանապարհով ավտոյուղեր են ներկրվում Հայաստան

Գործարար Ռաֆայել Զեյնալյանը, որն «Արտ մոթորս» ՍՊԸ հիմնադիրն ու տնօրենն է, երկար տարիներ ավտոյուղեր, անտիֆրիզ եւ ավտոմեքենաների սպասարկմանը վերաբերող այլ ապրանքներ է ներկրում Հայաստան՝ Japan oil ավտոյուղերի եւ E-Tec անտիֆրիզների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ու այսօր կանգնել է լուրջ խնդրի առջեւ։ Նա իր ապրանքները ներկրում է Վրաստանից եւ մեծածախ տարբերակով վաճառում Հայաստանում։ Բայց արդեն մի քանի ամիս է՝ նույն ապրանքը Վրաստանից մաքսանենգ ճանապարհով, առանց մաքսազերծման եւ գումար վճարելու, ինչ-որ անձինք ներկրում են Հայաստան եւ վաճառում նույն խանութներին՝ ավելի ցածր գնով, քանի որ տվյալ ապրանքի ինքնարժեքն առանց մաքսազերծման իրենց վրա ավելի ցածր է նստում։

Այս ամենի հետեւանքով այդ նույն ավտոյուղերը պաշտոնապես Հայաստան ներկրող եւ դրանով հսկայական հարկեր պետությանը վճարող «Արտ մոթորս» ՍՊԸ-ի վաճառքի ծավալներն էապես կրճատվել են։ Գործարարը թակել է պետական մարմինների դռները՝ հույսով, որ կզբաղվեն այս հարցով, որը միայն իրեն չի վերաբերում՝ այլ ապրանքատեսակների դեպքում եւս մաքսանենգ ճանապարհով ներկրողներ կան, սակայն մեկը մյուսի վրա են գցել՝ խնդրին լուծում չտալով։ Զեյնալյանը ճարահատյալ դիմել է մամուլին, որ բարձրաձայնենք այս հարցը՝ հույսով, որ ՊԵԿ-ում տեղից կշարժվեն եւ կզբաղվեն մաքսանենգ ճանապարհով ներկրվող ապրանքներով, որոնցից ՊԵԿ մաքսային ծառայությունն իբրեւ թե տեղյակ չէ ու ոչ էլ երեւի հովանավորում է։

«Մեր ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին, արդեն հայտնի բրենդներ է ներկրում Գերմանիայից, Ուկրաինայից, Վրաստանից, եւ այդ բրենդներից 3-ի վաճառքի հետ կապված մեծ խնդիրներ ունենք։ Մեր բրենդներից Japan oil, E-Tec եւ Volver բրենդները մենք ներկրում ենք Վրաստանի ներկայացուցչությունից, որը մեր գործընկերն է։ Ժամանակին միշտ եղել է այս բրենդների՝ մաքսանենգ ճանապարհով ներկրում, բայց մեծ քանակությամբ չի եղել, որ մեր վաճառքի վրա ազդեր։ Վերջին մեկ ամսում մենք տեսնում ենք, որ մեր վաճառքները գնալով անկում են ապրում, եւ սկսեցինք մեր անձնական միջոցներով ուսումնասիրել ու պարզեցինք, որ գոյություն ունեն ապրանքներ, հատկապես Japan oil յուղերն ու E-Tec անտիֆրիզները, որոնք բավականին ցածր գնով են վաճառվում։ Այնքան ցածր, որ մոտավորապես մեր ներկրածի ինքնարժեքն են կազմում։ Օրինակ՝ Japan oil-ի ինքնարժեքը մեզ վրա նստում է 9000-9300 դրամ, իսկ այսօր դա շուկայում վաճառվում է  մոտ 10 հազար դրամով, այն դեպքում, երբ մենք մեծածախով վաճառում ենք 12 հազար դրամով։ Նույնը E-Tec անտիֆրիզների դեպքում է»,- ասաց Ռաֆայել Զեյնալյանը։

Նրա խոսքով, իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրենց ներկրած ապրանքներից՝ այլ ապրանքատեսակի ակցիզներով, մաքսանենգ ճանապարհով ներկրվել են Հայաստան․ «Մենք գնացինք, նույն խանութներից, որոնց մենք էինք ապրանք տալիս, գնեցինք այդ՝ մաքսանենգ ճանապարհով ներկրված յուղից ու անտիֆրիզից մեկական օրինակ ու պարզեցինք, որ մեկի վրա աղի դրոշմապիտակ է փակցված, մեկի վրա ջրի դրոշմապիտակ է փակցված։ Ու իրենք էլ ջնջում են էդ QR կոդը, որ էդ պահին ծրագիրը չկարդա, ստիպված պիտի թվերը հավաքես, որ բացի։ Ու հասկացանք, որ տեղի է ունենում մեծ մաքսանենգություն ու մեծ քանակությամբ։ Ժամանակին եղել է, որ հետաքրքրվել ու պարզել ենք՝ անգամ կին է եղել, որն ամեն օր Վրաստանից 4 հատ, 5 հատ յուղ է անցկացրել Հայաստան, բայց դա մեծ քանակություն չի եղել։ Իսկ հիմա արկղերով են անցկացնում՝ «Ֆորդ»-երի մեջ բարձում ու մեծ քանակությամբ անցկացնում են։ Ես չեմ կարող հիմա ինչ-որ ինֆորմացիա տալ այդ առումով, բայց ասում են՝ ինչ-որ գումար են տալիս մաքսայինի տղերքին ու ազատ անցկացնում են էդ ապրանքը՝ առանց մաքսազերծման»։

Փորձեցինք ճշտել՝ կասկածում է, որ մաքսավորները կաշա՞ռք են վերցնում՝ ապրանքը բաց թողնելու համար։ Մեր զրուցակիցն ասաց․ «Տրամաբանորեն, մաքսավորը չի կարող, եթե գումար չվերցնի, թողնի, որ էդ քանակի ապրանքն ազատ անցնի»։ Նա ասաց նաեւ, որ ժամանակին յուղ ներկրող ընկերությունների տնօրեններով հանդիպել, քննարկել են այս հարցը, քանի որ միայն իրենց ապրանքները չէ, որ մաքսանենգ ճանապարհով ներկրում են, օրինակ՝ Castrol յուղերն են այդ ճանապարհով ներկրում, մյուս բրենդների յուղեր՝ եւս։ Ու հիմա, երբ նաեւ ավտոյուղերի գները համատարած բարձրացան, եւ համեմատաբար ավելի մատչելի յուղերի պահանջարկը մեծացավ, սկսեցին ավելի շատ հենց այդ յուղերը մաքսանենգ ճանապարհով ներկրել։

Մոտավոր հաշվարկներով՝ իրենք մինչեւ այս իրավիճակը վաճառում էին ամսական 2 ֆուռ ապրանք (ամեն ֆուռը՝ 20 տոննա), հիմա վաճառում են հազիվ կես ֆուռ, այսինքն՝ մոտ 75 տոկոսով ընկել են իրենց վաճառքի ծավալները։ Այս ամենի արդյունքում տնտեսվարողները, որ պետք է այս երկու ամսվա ընթացքում մաքսազերծման գումարն ու հարկային պարտավորությունները միասին վերցրած՝ մոտ 60-70 միլիոն դրամ փող մուծեին բյուջե, մաքսանենգության ակտիվացումից հետո այդ գումարն այլեւս չեն վճարում, քանի որ վաճառքի ծավալներն ընկել են։

Դրանից հետո գործարարը սկսել է զանգել ՊԵԿ թեժ գիծ, տարբեր կառույցներ, բայց մեկը մյուսի վրա են գցել․ թեժ գծից ասել են՝ դա ոստիկանության խնդիրն է, ոստիկանությունից՝ ԱԱԾ-ի խնդիրն է, ԱԱԾ-ից ասել են՝ մրցակցության պետական հանձնաժողովի, ՄՊՀ-ից էլ, թե՝ ՊԵԿ-ի զբաղվելիքն է։ Արդյունքում որեւէ կառույց հստակ չի զբաղվել այս հարցով։ «Ի վերջո, նամակ ուղարկեցինք ՊԵԿ նախագահի անունով, փառք Աստծո, օպերատիվորեն միանգամից մաքսանենգության վարչությունից հաջորդ օրը, առավոտ շուտ զանգահարեցին մեզ ու կանչեցին։ Գնացի, բացատրեցի իրավիճակը, համենայնդեպս խոստացան, որ ինչ-որ բան կանեն, բայց այդքան էլ հույս չունեմ»,- ասաց նա։

Մենք դիմեցինք ՊԵԿ լրատվական ծառայություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ «Արտ մոթորս» ՍՊԸ-ից իսկապես ստացել են նամակ․ «Ս․թ․ նոյեմբերի 17-ին ՊԵԿ-ը «ԱՐՏ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ից ստացել է գրավոր տեղեկատվություն՝ ավտոմոբիլային յուղերի եւ հակասառեցնող հեղուկների մաքսանենգ ճանապարհով ներմուծման վերաբերյալ, որի շրջանակներում անմիջապես իրականացվել են համապատասխան միջոցառումներ։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հանդիպում են ունեցել դիմումը ներկայացրած կազմակերպության ներկայացուցչի հետ, որի ընթացքում քննարկվել են թեմային առնչվող մանրամասները։ Ներկա պահին իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղեկատվության հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՊԵԿ-ը շնորհակալություն է հայտնում տնտեսվարողներին՝ ապօրինությունների բացահայտման նպատակով համագործակցության համար, եւ տեղեկացնում է, որ նման դեպքերը մշտապես գտնվում են կոմիտեի ուշադրության դիտակետում»։ Տպավորություն է, թե ՊԵԿ-ում նոր են իմացել, որ մաքսանենգ ճանապարհով ապրանք է ներկրվում Հայաստան։