Հարցազրույզ Վրաստանում կորոնավիրուսի գլխավոր պատասխանատուի հետ

Հարցազրույզ Վրաստանում կորոնավիրուսի գլխավոր պատասխանատուի հետ

Հարցազրույց Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեի հետ

- Պարոն Ցերցվաձե, կորոնավիրուսի դեմ պայքարի ի՞նչ հիմնական միջոցներ են կիրառվում ձեզ մոտ՝ Վրաստանում։

- Արդեն ամսից ավելի է՝ իրականացվում են միջոցներ, սկզբում՝ որպեսզի կարողանայինք խուսափել կորոնավիրուսի տարածումից, իսկ հետո, երբ, այնուամենայնիվ, այդ դեպքերն արձանագրվեցին, արդեն 25 հիվանդ ունենք, այս թիվը նվազագույնի պահելու համար։ 

- Որո՞նք են պետության կողմից իրականացվող պատասխան միջոցները։ Ունե՞ք արդեն եզրահանգումներ, թե որոնք են վարակի տարածման դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցները։

- Մեր փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ առավել արդյունավետ պրոֆիլակտիկ մեթոդները օդանավակայաններում ու սահմաններին առավել նպատակասլաց աշխատանքն է, այն կետերում, որտեղ առկա են ցամաքային անցակետեր։ Մեր կառավարությունը դադարեցրել է ավիափոխադրումները Չինաստանի, Իրանի ու Իտալիայի հետ։ Բացի այդ, երկրի բոլոր օդանավակայաններում գտնվում են հատուկ պատրաստված անձնակազմեր, որոնք դիմավորում են բոլոր երկիր մուտք գործողներին, կատարում ջերմաչափում։ Եվ եթե որեւէ մեկը տաքություն է ունենում, նրան ուղարկում են հետազոտության։ Եթե չի լինում, ապա ժամանողները բաժանվում են 2 խմբի։ Եթե մարդը եկել է բարձր ռիսկային երկրներից, օրինակ՝ Չինաստանից, Իրանից, Իտալիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, այդ դեպքում նրանց համար սահմանվում է 14-օրյա կարանտին կամ ինքնամեկուսացում։ Մի մասին՝ կարանտին, մյուս մասին, որոնց մոտ առկա են բավարար տնային պայմաններ, առանձին սենյակ եւ այլն, ինքնամեկուսացվում են։ Իսկ ոչ ռիսկային երկրներից եկածներին, օրինակ՝ Հայաստանից, նրանց ուղղակի բաժանվում են տեղեկատվական թերթիկներ ու հեռախոսահամարներ, որպեսզի ռեսպիրատոր վարակների ախտանիշների՝ տաքության, հազի եւ այլն, դիմեն բուժաշխատողներին։

- Ձեզ մոտ արտակարգ դրություն հայտարարվե՞լ է։

- Ոչ, մեզ մոտ դա դեռ չի ծրագրվում։ Սա ծայրահեղ միջոց է, եւ Վրաստանում նման անհրաժեշտություն դեռ չկա։ 25 անձ, սա քիչ է Եվրոպայի հետ համեմատության մեջ։ Իտալիայի, որտեղ 10 հազարից ավելի հիվանդ կա, Գերմանիայի, որտեղ հիվանդները 2 հազարից ավելի են։ Նույն Շվեդիայում, Նիդերլանդներում, Ճապոնիայում եւ այլն։

- Բայց չէ՞ որ Վրաստանի, նաեւ Հայաստանի բնակչությունը շատ քիչ է այդ երկրների բնակչությունների համեմատ։

- Այո, բայց, միեւնույն է, եթե համամասնությամբ ես նայում, մենք ունենք 4 միլիոն բնակչություն, Իտալիայում՝ 50 միլիոն։ Եվ ստացվում է, որ իտալական 10 հազարը հավասար կլիներ մեզ մոտ 800 հիվանդին։ Իտալական չափանիշներով, մեզ մոտ մոտավոր 800 մարդ պետք է լիներ։ Այնպես որ, կա տարբերություն։

- Վրաստանում առավել լայն տարածվածության դեպքում կբավականացնե՞ն տեղերը, հիվանդանոցները, ունե՞ք թթվածնային բալոններ, արհեստական շնչառության սարքեր։

- Այո, մեզ մոտ ոչ միայն բավականացնում են, այլեւ բավականաչափ պաշարներ ունենք, որովհետեւ ընդամենը 25 հիվանդ ունենք։ Արդեն պաշտոնապես մեզ մոտ՝ Վրաստանում, կորոնավիրուսով հիվանդների համար տրամադրվել է 5 հիվանդանոց։ Առաջին հերթին՝ ինֆեկցիոն հիվանդանոցը, որը ես ղեկավարում եմ։ Ինչպես նաեւ՝ համալսարանական կլինիկան, հանրապետական հիվանդանոցը, Գորիի զինվորական հիվանդանոցը եւ այլն։ Այս 5 հիվանդանոցները կազմուպատրաստ են հիվանդներ ընդունելու համար։ Մեզ մոտ թոքերի վենտիլյացիայի ապարատներն առավել քան հերիքում են։ Շատ են, Աստված չտա, եւ ես չեմ կարծում, որ նման քանակներ մեզ կարող են պետք գալ։

- Իսկ դիմակները բավականացնո՞ւմ են։

- Այ, դա մի փոքր պրոբլեմատիկ է։ Հիմա բավականացնում են, բայց պաշարներն ավարտվելուն մոտ են, եւ մեր առողջապահության նախարարությունն ու պատկան մարմինները ջանքեր են գործադրում դիմակներ հնարավորինս շատ ու արագ ձեռք բերելու համար։ Բայց սա մի քիչ պրոբլեմ է, քանի որ ողջ աշխարհում այս արտադրանքի դեֆիցիտ կա։

- Իսկ Վրաստանում կորոնավիրուսի քանի՞ թեստ է անցկացվել։

- Առաջին իսկ օրվանից դրանք արվում են, մեզ մոտ է գտնվում տարածաշրջանի ամենահզոր լաբորատորիաներից մեկը, որը կառուցվել է 10 տարի առաջ՝ ամերիկացիների կողմից։ Սա գերբարձր տեխնոլոգիական լաբորատորիա է, որը կարող է բոլոր, հատկապես վտանգավոր վարակների հետազոտություններ իրականացնել։ Եվ առաջին իսկ օրերից Վրաստանում, այն դեպքում, երբ թեստերն ընդամենը 4 երկիր էր անցկացնում, մեզ մոտ դա եղել է։ Մեզ մոտ ավելի քան 600 թեստ է անցկացվել։

- Մեր իշխանությունները հանրաքվեն հետաձգելու որոշում չեն կայացնում, չնայած կոչեր արվում են։ Այս առնչությամբ, որպես բժիշկ, ի՞նչ կասեք։

- Գիտեք, ոչ մի կերպ չեմ կարող խառնվել նման լուրջ հարցերին ու ձեր կառավարությանը խորհուրդներ տալ։ Դա ամեն երկրի կառավարության որոշելիք հարցն է։ Քանի որ ձեզ մոտ  եզակի դեպքեր են, ապա  հանրաքվեն չեղարկելու պատճառներ չեմ տեսնում։ Եթե մի քանի հարյուր դեպք լիներ, այդ ժամանակ միգուցե նպատակահարմար լիներ։ Սա իմ անձնական կարծիքն է։ Եվրոպական երկրները, օրինակ, մի տեղ ֆուտբոլային խաղերը չեղարկել են, մի տեղ՝ ոչ, մի տեղ անցնում են դատարկ տրիբունաների ներքո։ Այնպես որ, սրա համար պատրաստի բաղադրատոմս չկա։

- Մեզանում կոչեր են հնչում՝ դադարեցնել հարսանիքներն ու թաղումները։

- Նորից ոչ միանշանակ պատասխան ունեցող հարց։ Ձեզ մոտ՝ Հայաստանում, կարծում եմ, որ կարիք չկա։ Մեզ մոտ էլ՝ Վրաստանում, դեռ ոչ ոք չի չեղարկել, ուղղակի նման խորհուրդ տրվում է՝ զերծ մնալ։ Խորհուրդ տալը մի բան է, արգելելը՝ մեկ այլ բան։ Բայց հնարավորության դեպքում պետք է խուսափել։

- Վրաստանում կորոնավիրուսի ո՞ր տեսակն է տարածված, որովհետեւ Իտալիայում, ասում են, հիվանդությունը մուտացիայի է ենթարկվել եւ դարձել առավել վտանգավոր։

- Ասեմ, որ հիվանդության տեսակների բաժանումը գիտական հիմքեր չունի։ Լուրջ մասնագետներից ոչ ոք նման տարաբաժանում՝ իրանական, չինական, իտալական, չի անում։ Դեռ բավականաչափ հիմնավոր ապացույցներով հաստատված չէ, որ իրոք տեղի է ունեցել կորոնավիրուսի մուտացիա, եւ նոր ձեւեր են ի հայտ եկել։ Հնարավոր է, որ դա այդպես է, բայց առայժմ ոչ մեկի կողմից հաստատված չէ։ Եվ ախտորոշման ժամանակ այս ձեւերն անհնար է տարբերակել։ Այդ իսկ պատճառով մենք չգիտենք, թե որ ձեւն է։ Միայն այն գիտենք, որ այդ 25 հիվանդների հիմնական մասի մոտ հարաբերական թեթեւ ձեւն է, միայն երկուսն են առավել ծանր վիճակում։ Եթե դատելու լինենք սրանով, ապա այս դեպքերը նման չեն, այսպես կոչված, իտալականին, որտեղ մահացությունն անցել է 5 տոկոսը։ Մեզ մոտ դեռ քիչ են դեպքերը, եւ դրանք բոլորը քիչ թե շատ թեթեւ են։

- Ձեզ մոտ՝ Վրաստանում, բանկոմատները, տերմինալները, հանրային տրանսպորտն ախտահանվո՞ւմ են։

- Այո, այո։ Չեմ կարող երաշխավորել, որ 100 տոկոս իդեալական արվում է, բայց սա մտնում է մեր քայլերի մեջ։ Ախտահանվում են նաեւ նստարանները՝ զբոսայգիներում, մետրոյում։