«Արմենիա» ավիաընկերությունն արդեն ավելի քան կես միլիոն եվրոյի վնաս է կրել

«Արմենիա» ավիաընկերությունն արդեն ավելի քան կես միլիոն եվրոյի վնաս է կրել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 8 հաստատված դեպք կա։ Աշխարհում արդեն բազմաթիվ օդանավակայաններ ուղղակի դադարեցրել են աշխատանքը, համացանցում լուսանկարներ են տարածվում խոշոր օդանավակայաններից, որոնք դատարկ են՝ ո՛չ ուղեւոր կա, ո՛չ աշխատակից։ Մի շարք ավիաընկերություններ էլ դադարեցրել են չվերթները եվրոպական երկրներ, նաեւ՝ ռիսկային համարվող այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստան։ Դադարեցրել են չվերթները նաեւ Երեւան եւ հակառակ ուղղությամբ։ Դրա պատճառով նվազել է շարժը օդանավակայանում, սակայն «Զվարթնոցը» շարունակում է  բնականոն աշխատանքը։

«Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թռիչքները դադարեցրել են մի շարք ավիաընկերություններ։ Մասնավորապես, չվերթները չեղարկել են «Ryanair» (Երեւան-Միլան, Երեւան-Հռոմ), «Արմենիա» (Երեւան-Լիոն, Երեւան-Թել Ավիվ,), իսկ «Qatar Airways» (Դոհա-Երեւան), «Բելավիա» (Մինսկ-Երեւան), «Fly Dubai» (Երեւան-Դուբայ) եւ «Pegas Fly» ավիաընկերությունները կոմերցիոն բնույթից ելնելով նախատեսում են չեղարկել որոշ չվերթեր։ Մյուս ուղղություններով օդանավակայանը բնականոն հունով աշխատում է՝ ընդունելով եւ ճանապարհելով օդանավեր։

Օդանավակայանում այս օրերին նաեւ հատուկ հսկողություն է իրականացվում՝ ջերմաչափիչ սարքեր են դրված, որով չափում են Հայաստան ժամանող ուղեւորների ջերմությունը, նաեւ հատուկ թերթիկներ են լրացվում, իսկ ում մոտ որ կասկած է նկատվում, մեկուսացվում են կամ անցնում բժիշկների հսկողության ներքո։
Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ այս ընկերություններից ամեն մեկը տարբեր ժամկետով է չեղարկել թռիչքները։ Հարցին՝ եվրոպական այլ քաղաքներ թռիչքներ իրականացվո՞ւմ են եւ ո՞ր ուղղություններով, Հովհաննիսյանն ասաց, որ մենք ունենք Երեւան-Փարիզ-Երեւան, Երեւան-Վիեննա-Երեւան ուղղությունները, Երեւան-Վարշավա-Երեւան, որոնք դեռ չեն չեղարկվել, թռիչքները շարունակվում են բնականոն գրաֆիկով։ Սակայն ուղեւորահոսքի նվազում, բնականաբար, նկատվում է։
Չվերթների չեղարկման հետեւանքով ավիաընկերություններն այս օրերին միլիոնավոր դոլարների վնաս են կրում։ Ֆինանսական կորուստներից չի խուսափել նաեւ հայկական «Արմենիա» ավիաընկերությունը, որը մինչեւ ապրիլի 9-ը ներառյալ չեղարկել է Երեւան-Թել Ավիվ-Երեւան եւ մինչեւ ապրիլի 16-ը ներառյալ՝ Երեւան-Լիոն-Երեւան ուղղություններով թռիչքները։ Ընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ այս պահը շուրջ 1500 տոմս են հետ վերադարձրել, որը, եթե բազմապատկենք միջինը 350 եվրոյով, կստացվի ավելի քան 500 հազար եվրո գումար։ Այսինքն՝ միայն տոմսի վերադարձից «Արմենիան» կես միլիոն եվրոյից ավելի ֆինանսական կորուստ է ունեցել։

«Գումարած դրան՝ պետք է հաշվի առնել նաեւ այն ժամերը, որ օդանավը չի թռչում, քանի որ մեր օդանավերը ժամավճարով են գործում՝ լիզինգային պայմաններով, եւ այդքան ժամ օդանավը չի թռչում, շահույթ չի բերում, բայց դրա համար մենք նաեւ վճարում ենք»,- ասաց Գեւորգ Խաչատրյանը։
Նա ասաց, որ այս պահին ընկերությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ դեռեւս հստակ որոշում չունի՝ հետեւում են իրադարձություններին, տարբեր երկրների ավիացիոն իշխանությունների հայտարարություններին, ըստ դրա՝ իրենց քայլերն են իրականացնում։

Հարցին՝ այս երկու ուղղություններով չվերթների չեղարկումն իրե՞նց նախաձեռնությունն է եղել, Խաչատրյանն ասաց, որ նախաձեռնությունն իրենցն է, բայց դա հիմնված է մի քանի հանգամանքների վրա։
«Առաջինը՝ Թել Ավիվի իշխանություններն իրենց երկիր մուտք գործած քաղաքացիներին երկու շաբաթով ուղարկում են ինքնամեկուսացման՝ կարանտինի, այսինքն՝ չեն կարողանա արտաքին աշխարհի հետ որեւէ շփում ունենալ։ Հիմա հարց՝ որեւէ քաղաքացի կմեկնի՞ այդ պարագայում Իսրայել՝ իմանալով, որ երկու շաբաթ մեկուսացված է լինելու, կամ նույնը՝ Իսրայելի քաղաքացին կարող է նույն իրավիճակում այստեղ հայտնվել։ Երկրորդ հանգամանքը․ երբ որ նման իրավիճակ եղավ, բազմաթիվ մարդիկ փոխեցին ճամփորդության իրենց ծրագրերը, եւ զգալի վերադարձ եղավ տոմսերի, չվերթ կար, որի մոտավորապես 50 տոկոս տոմսերը վերադարձվել են, հետեւաբար, որքանո՞վ է խելամիտ, ասենք, 6-7 ուղեւորի համար տվյալ չվերթը կոմերցիոն տեսանկյունից իրականացնել»,- ասաց Գեւորգ Խաչատրյանը:

Այս պահին ընկերությունն իրականացնում է Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա օրական երկու անգամ թռիչք, Երեւան-Վորոնեժ-Երեւան ուղղությամբ չվերթ, իսկ մարտի 22-ից նաեւ Երեւան-Մինվոդի-Երեւան թռիչքները կսկսվեն։