«Նիկոլա-ծռական» հարազատություն

«Նիկոլա-ծռական» հարազատություն

Արմեն Գրիգորյանի մահը հերթական անգամ բացահայտեց գործող իշխանության և «ծռական բևեռի» խորքային հարազատությունը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա այդպես չէ: Թե վերջիններս «անձնազոհ» պայքար են մղում Փաշինյան Նիկոլի դեմ: Եվ դեռևս ոչ ոք չեղյալ չի հայտարարել «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքը:

Բայց արի ու տես, որ իրական հայրենասերի մահով ուրախանում են ինչպես իշխանության, այնպես էլ «ծռական» համայնքի ներկայացուցիչները: Եվ կապ չունի, թե որ մակարդակի և ազդեցության ինչ մակարդակ ունեցող ներկայացուցիչներ են դրանք: Կարևորն այն է, որ ռուսական իր հանգիստ միջավայրից Արմենը վերադարձավ հայրենիք ու միանգամից ու անվերադարձ պայքարի մեջ մտավ ընդդեմ իշխանության: Եվ իշխանությունը պատժեց Արմենին՝ սկզբում զրկելով ազատությունից, իսկ հետո՝ կյանքից: Կապ չունի նաև այն հանգամանքը, որ «ծռական» համայնքի ներկայացուցիչների համար Արմենի մահը ուրախության առիթ է, քանի որ վերջինս ռուսաստանամետ հայացքներ ուներ: Փաստորեն դա ավելի կարևոր էր, քան այն հանգամանքը, որ Արմենն իր խոսքով Նիկոլի դեմ պայքարելով՝ մարտնչում էր հանուն մեր հայրենիքի երջանիկ ապագայի: Եվ հրապարակախոսական իր գործունեությամբ մոտեցնում այդ ապագան: Որը վայելելու բաժին է հասնելու նաև «ծռականներին» և նույնիսկ այսօրվա նիկոլապաշտներին:

Եթե շարունակենք վերլուծել վերը նշված տրամաբանությամբ առաջնորդվողների խոսքը, ապա կհանգենք այն եզրակացությանը, որ «ծռական» համայնքի ներկայացուցիչները կիսում են մեր հասարակությունը պառակտելու փաշինյանական դիրքորոշումը: Ինչը հստակորեն առկա է «ծռական» ներկայացուցիչների սոցցանցային և այլ գրառումներում կամ բանավոր խոսքում: Այնպես որ, որ կողմից էլ դիտարկվի հարցը, հստակ դրսևորվում է վերջիններիս հարազատություն գործող իշխանության հետ: Ինչպես տեսնում եք, նիկոլապաշտ հանրության արձագանքի մասին այստեղ խոսք չի գնում: Որովհետև Նիկոլի իշխանություն թե նիկոլապաշտ հանրություն. այդ երևույթները նույն բանն են, բնականաբար, էն վատ բանը: Եթե Նիկոլը չարիք է, իսկ այլ բառով հնարավոր չէ բնութագրել այն ղեկավարին, որ այդքան չարիք բերեց մեր ժողովրդի գլխին, ապա ուրիշ ի՞նչ պետք է լինեն նրան պաշտողները:

Վերադառնանք, ինչպես հանրահայտ ֆիլմում է ասվում, «մեր ոչխարներին»: Այսինքն՝ Նիկոլի իշխանության և «ծռական» համայնքի հարազատության խնդրին: Եթե իշխանության ներկայացուցիչների նման մարդիկ ուրախանում են Արմենի սպանությամբ, ապա ի՞նչ բնութագիր կարելի է տալ նման մարդկանց: Վաթսունն անց անձ եմ ու ես կարող եմ ուրախանալ միայն մեզ դրկից արևելքի կամ արևմուտքի հարևանների մահով: Որովհետև նրանք սպանում կամ կազմակերպում էին մեր զավակների սպանդը: Բայց ես երբեք չեմ ուրախացել նիկոլամերձ կամ նիկոլապաշտ որևէ անձի մահով՝ էլ չասած որևէ «ծռականի» մահով: Չեմ ուրախանա նույնիսկ չարիք համարվող անձի մահով՝ նա պետք է զրկվի պաշտոնից և կյանքի մնացած մասն անցկացնի ոչ թե Արևմուտքի հեռավոր և թանկարժեք հյուրասենյակներում, այլ այսօրվա իր կեցավայրից ոչ այնքան հեռու գտնվող վայրում:

Հ.Գ. Ի դեպ, «ոչխարներին» վերադառնալու վերաբերյալ արտահայտությունը սկիզբ է առել միջնադարյան (15-րդ դարավերջի)՝ հովվի և ոչխար գողանալու մեջ նրան մեղադրող կտորավաճառի միջև ծագած դատական վեճը ներկայացնող ժողովրդական զավեշտախաղից: Դատաքննության ընթացքում հովվից նրա պաշտպանին անցնելով՝ կտորավաճառը պահանջում է վճարել ապառիկով գնված ապրանքի գումարը: Փորձելով կանխել նոր պատմության և նոր վեճի ի հայտ գալը՝ դատավորն առաջարկում է վերադառնալ վեճի բուն առարկային՝ ոչխարների գողությանը: