«Հայ եղբայրները» եւ սեյսմիկ դիվանագիտությունը

«Հայ եղբայրները» եւ սեյսմիկ դիվանագիտությունը

Թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց մեկ ազգ՝ երկու պետություն են հռչակել: Թուրքիայի առաջնորդները, բարձրաստիճան շատ պաշտոնյաներ ամեն առիթով հիշեցնում են, որ իրենք չեն անի քայլեր, որոնք չեն բխի Ադրբեջանի շահերից կամ կհակասեն դրանց: Սա շատ լավ իմանալով՝ Արարատ Միրզոյանը, որ զբաղեցնում է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը, մեկնել էր Թուրքիա, որտեղ բավականին ջերմ ու սրտաճմլիկ հանդիպում ունեցավ իր պաշտոնակցի՝ Մեւլութ Չավուշօղլուի հետ: Տխուր առիթով էր այդ հանդիպումը, ճիշտ է, բայց Միրզոյանը, ինչ է, Չավուշօղլուի հետ տխրելո՞ւ էր գնացել: Բնականաբար՝ ոչ: Հայ փրկարարներն արդեն աղետի գոտում էին, հումանիտար օգնությունը ճանապարհին՝ Մարգարայի կամրջի վրա: Այսինքն, ի՞նչ կարիք կար մի հատ էլ անձամբ ներկայանալու Թուրքիայի կառավարությանը, երբ այնտեղ բոլորը զբաղված են սոսկալի երկրաշարժի փլատակները բացելու աշխատանքներով: Երկու անգամ ԱՄՆ-ից, մի քանի անգամ ԵՄ-ից Հայաստանի ցուցաբերած մարդասիրության մասին արդեն իրենց հիացմունքն ու հուզմունքն էին արտահայտել տարբեր պաշտոնյաներ: Դա լիուլի բավարար էր Ցեղասպանության զոհ, թուրքի թրի վրայի մսի մնացորդ, 44-օրյա պատերազմում կապիտուլացված հայի ու Հայաստանի մասին նոր կարծիք ձեւավորելու համար: Եվ, ուրեմն, ի՞նչ ցավս էր Միրզոյանի այցը, այն էլ՝ մեր հանդեպ համընդհանուր հիացմունքի ու հուզմունքի պահին: Ցեղասպանությունը վերապրած տատս կասեր՝ այ Արարատ, ի՞նչդ ավելացավ, որ մի հատ էլ գնացիր, Չավուշօղլուի բանը… ըըըըը, ձեռը բռնեցիր:

Բանն էլ հենց այն է, որ Արարատ Միրզոյանը Թուրքիա գնաց Չավուշօղլուի ձեռքը բռնելու, գնաց, որ թուրքերի շուրթերից «հայ եղբայրներ» արտահայտությունը կորզի, որ զարմացնի ու հիասթափեցնի բոլոր այն պետություններին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը, դատապարտել այն եւ ամեն տարի պետական որեւէ միջոցառմամբ, հայտարարության կամ արարողության տեսքով, նշում են այդ օրը: Վերջ, թուրքերն այլեւս հայերին անվանում են եղբայրներ, հայ եղբայրներ… Մենք եւ թուրքերը պատրաստ ենք եղբայրություն անելու, սահմանը բացելու… Արարատը սրա համար էր գնացել Թուրքիա, գնացել էր Թուրքիային ազատելու դարավոր մեղքից, իսկ մեզ ներկայացնելու որպես մի կամակոր ազգ, որ 100 տարի շարունակ անիմաստ ու աննպատակ գոյատեւել ենք` Ցեղասպանության զոհերի հուշարձան ենք կառուցել, խեղճ թուրքից դահիճ սարքել եւ ահաբեկել աշխարհին: Ահա, ես եկել եմ Թուրքիա, սեղմում եմ Թուրքիայի արտգործնախարարի ձեռքը, եւ նա ինձ եղբայր է անվանում:

Թերթերում էլ սղղացրին հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ մեծ առաջընթաց ունենալու մասին տեղեկությունը: Դարձյալ հիացմունքի խոսքեր, ուշաթափություններ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից՝ ինչ լավ է, թուրքերն ու հայերը հաշտվում են: Արարատ Միրզոյանն էլ հո դամ չի քաշում՝ Անիի կամրջով գնալ-գալու մասին: Հիրավի աննախադեպ քաղաքական ճկունություն՝ կասեր Շիրինյան Լեւոնը, որ թուրքի լամուկի եւ ռուսի ստրուկի միջեւ նախընտրում է լինել թուրքի լամուկ: Բայց ճկուն Արոն ի՞նչ իմանար, որ թուրքական դիվանագիտությունն իր խելքի բանը չէ, որ թուրքերն իր այցը օգտագործում են իրենց համար դրական իմիջ վաստակելու եւ դրանով նախ՝ սպասվող օգնությունների ծավալները մեծացնելու, ապա՝ աշխարհի ուշադրությունը Բերձորի միջանցքի իրավիճակից շեղելու համար: Չորրորդ դասարանի երեխան էլ զարմացավ թուրքերի բերանից «հայ եղբայրներ» արտահայտությունը լսելով, բայց Արարատ Միրզոյանն այնքան չեղավ, որ հակադարձեր՝ «ձեր հայ եղբայրներն Արցախում 2 ամիս է՝ շրջափակված են, գազ չկա, էլեկտրականություն չկա, սնունդ չկա, Արցախն իսկական աղետի գուտու է վերածվել, ցույց տվեք, որ ադրբեջանցիների հետ մի ազգ եք, բարի եղեք, ձեր ադրբեջանցի եղբայրներին հասկացրեք, որ հայերը ձեր եղբայրներն են»…

Արարատ Միրզոյանն այս հասարակ բանը հասկացավ միայն Երեւան վերադառնալուց հետո: Կարծում եմ՝ հասկացավ, քանի որ ՀՀ ԱԳՆ հենց առաջին հայտարարությամբ մտահոգություն հայտնեց, որ հայ-ադրբեջանական շփման գծում պատերազմական գործողությունների էսկալացման մեծ վտանգ կա: Դամ բռնելու հերթը հասավ Նիկոլին: Սա էլ կառավարության նիստում քրթմնջաց, թե Ադրբեջանի նպատակը Ղարաբաղը հայաթափելն է: Հիմա մնում է Նիկոլին ու Արարատին հարցնել՝ բա որ այդքանը գիտեիք, ինչո՞ւ վազ տվեցիք ադրբեջանցիների երկրորդ հայրենիք՝ Թուրքիա, ու հորջորջվեցիք «թուրքերի հայ եղբայրներ»:

ՀԳ. Ես չեմ ընդունում այն թեզը, թե՝ եթե դու քաղաքականությամբ չզբաղվես, քաղաքականությունը կզբաղվի քեզնով: Չկա այդպիսի բան: Գոնե մեծ քաղաքականությունը հաստատ քեզնով չի զբաղվի, եթե դու, գիգանտոմանիայով վարակված, քիթդ չկոխես գլխիցդ մեծ քաղաքական գործերի մեջ: Ոջլոտներին նայիր, մտածում են՝ ըհը, Արցախը տվինք, հիմա լավ կապրենք: Առը հա, թե լավ կապրեք, թուրքի «հայ եղբայրներ»: