Փաշինյանին պետք չեն սովորական ոստիկաններ, նրան պետք են ենիչերիներ

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ երկրում ընթանում են օպերատիվ ստորաբաժանումների (կոմանդոսներ) տակտիկական-հատուկ զորավարժություններ։ Զորավարժությունների սցենարով կոմանդոսները շրջապատում են պայմանական հակառակորդի դիվերսիոն խումբը, որը փորձել է սադրանք իրականացնել, այնուհետեւ իրականացնում են վնասազերծման առաջադրանքը։ Հայաստանում վաղուց զորավարժություններ չեն իրականացնում, Հայաստանը չի մասնակցում միջազգային զորավարժություններին, որովհետեւ արտաքին թշնամի չունի եւ չի շեղվում խաղաղության օրակարգից: Բայց Հայաստանի իշխանությունը բռնազավթած խունտան ունի ներքին թշնամի` հայ ժողովուրդը, որի դեմ պայքարն իրականացվում է ամենօրյա ռեժիմով: Այդ պայքարին միշտ պատրաստ լինելու համար անցկացվում են ոստիկանական ուժերի զորավարժություններ, իրական պայմաններում:
Նախօրեին ոստիկանական ուժերը հարձակվել էին պաշտպանության նախարարության նախկին շենքում ապրող բնակիչների վրա՝ նրանց այդ շենքից վտարելու համար: Իշխանությունների պնդմամբ՝ նրանք այնտեղ բնակվում են ապօրինաբար: Ոստիկանական ուժերը հանձնարարություն էին ստացել՝ տարհանել բնակիչներին, անկախ այն փաստից, որ այնտեղ ապրում են մանկահասակ երեխաներ, հաշմանդամներ, ծերեր եւ կանայք: Այս հատուկ գործողությունն ունի ինչպես պրակտիկ, այնպես էլ վարժական նշանակություն: Պրակտիկ նշանակությունը պարզ է. ազատել պաշտպանության նախարարության նախկին շենքն իր ներկա բնակիչներից, առանց հոգալու նրանց համարժեք կացության պայմաններ ապահովելու մասին: Ընդ որում, այդ շենքը տարիներ շարունակ ոչ մեկին պետք չէր եւ մեր աչքի առաջ քանդվում էր: Դրա մասին հիշեցին, երբ այնտեղ բնակություն հաստատեցին մարդիկ, որոնք բնակության այլ վայր չունեն, սոցիալապես անապահով են եւ վտարվելու դեպքում ձմռան սառնամանիքին մնալու են փողոցում: Նրանցից շատերը կարող են ցրտահարվել եւ մեռնել, բայց իշխանությանը դա չի մտահոգում: Հայաստանի Սահմանադրությամբ ՀՀ-ն սոցիալական պետություն է, որը պարտավորություն ունի՝ ապահովել քաղաքացիների նվազագույն սոցիալական կարիքները: Հայաստանի գործող իշխանությունը վաղուց արդեն ցույց է տվել, որ գործող Սահմանադրությունն իր համար գոյություն չունի, սկսած բռնի եւ հակասահմանադրական իշխանազավթման օրվանից: Փաշինյանը, որ երեսպաշտորեն բողոքում է, թե Ադրբեջանը, դադարեցնելով Արցախի գազամատակարարումը, հումանիտար աղետ է ստեղծում արցախցիների համար, դադարեցնում է առանձին շենքի էներգամատակարարում եւ նրա բնակիչների նկատմամբ բռնի ուժ կիրառելով՝ դուրս շպրտում փողոց: Ինչո՞վ սա հումանիտար աղետ չէ:
Բայց ոստիկանական այս գործողությունը, բացի պրակտիկ նշանակությունից, ունի նաեւ վարժական նպատակ, եւ այն գուցե ամենակարեւորն է: Փաշինյանին պետք են անվերապահ վստահելի ոստիկանական ուժեր, պետք են այնպիսի ոստիկաններ, ովքեր չունեն խղճի խայթ, մարդկային կարեկցանքի, բարոյական որեւէ այլ կարգի արժեքներ: Ոստիկանական շարքերը տատանվողներից, մարդկային թուլություններ ունեցողներից մաքրելու միակ հուսալի միջոցը նման պրակտիկ վարժական միջոցառումների իրականացումն է: Ոստիկաններին հանձնարարվում է ասֆալտի ու բետոնի վրա քարշ տալ զոհվածների ծնողներին եւ հարազատներին, ծեծի ենթարկել կանանց ու տղամարդկանց, հետո նրանց հանձնարարվում է իրենց տներից դուրս հանել հաշմանդամներին ու երեխաներին, հղի կանանց ու ծերերին: Բնական է, որ այդ երեխաները լացելու են, հաշմանդամները ցավից ոռնալու են, անդամալույծները գալարվելու են գետնի վրա, անտուն եւ անօթեւան մնացող մայրերն անիծելու են: Յուրաքանչյուր ոստիկան չէ, որ կարող է օրորոցից երեխային դուրս շպրտել փողոց, յուրաքանչյուր ոստիկան չէ, որ կարող է խոհանոցում հաց ուտող մանկահասակ երեխային հատակի վրա քարշ տալով մատնել ցրտահարության, հաշմանդամին քացու տակ տալ, երեխա կերակրող մորը բռնության ենթարկել: Մարդկային բարոյականության որոշակի ընկալում ունեցող ցանկացած մարդու նյարդեր, ի վերջո, կարող են տեղի տալ, մարդը կարող է մի պահ զարհուրել իր արածից, հետ կանգնել հրաման կատարելուց: Նույնիսկ կամք ասածն այստեղ տեղին չէ, որովհետեւ մարդկային կամքը տրված է սեփական ցավն ու զգացումները հաղթահարելու համար եւ ոչ թե անպաշտպան մարդկանց ցավ պատճառելու եւ ողբերգության մատնելու:
Փաշինյանին պետք է ոստիկանություն, որը կազմված կլինի սադիստներից, այո, մարդկանցից, ովքեր բավարարություն են զգում մարդկանց կտտանքների ենթարկելու, ողբերգության մատնելու եւ այդ ողբերգությանն ականատես լինելու տեսարաններից: Փաշինյանին պետք է այնպիսի ոստիկանություն, որն իր հրամանով տնավեր կանի ոչ թե մի ամբողջ շենք, այլ գյուղեր ու քաղաքներ: Սա չափազանցություն չէ, ամենեւին: Փաշինյանը հասկանում է, որ դարձել է համազգային ատելության եւ համաժողովրդական նզովքի խորհրդանիշ: Նման ատելությանը դիմակայելու համար պետք են առանց խղճի ու առանց հույզերի ոստիկանական ուժեր: Միայն նրանց միջոցով նա հույս ունի կոտրել համաժողովրդական ատելությունը, պահել իր իշխանությունը համաժողովրդական նզովքի պայմաններում: Նման պրակտիկ զորավարժությունները չափազանց կարեւոր են՝ բացահայտելու հոգեպես առողջներին ու բարոյական արժեքներ կրողներին եւ մաքրել ոստիկանության շարքերը նմաններից:
Ես սա չեմ ներկայացնում որպես տեսական մտավարժանք, այլ միանգամայն իրական պրոցես, որ տեղի է ունենում ոստիկանությունում՝ իշխանազավթումից հետո: Ոստիկանության շարքերում աշխատող բազմաթիվ մարդիկ են պատմում, որ յուրաքանչյուր նման հակամարդկային օպերացիայից հետո լինում են հեռացողներ եւ հեռացվողներ, մարդիկ, որոնց նյարդերը տեղի են տալիս, մարդիկ, ովքեր այլեւս ի վիճակի չեն լինում դիմանալ նման բարոյական կտտանքների: Լինում են նաեւ այնպիսիները, ովքեր համամարդկային արժեքների բացարձակ բացակայության ռեկորդներ են դրսեւորում եւ առաջ քաշվում՝ որպես առավել հուսալիներ եւ ծառայության առաջամարտիկներ: Փաշինյանին պետք չեն սովորական ոստիկաններ, նրան պետք են ենիչերիներ:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ