Ինչո՞ւ են չեղարկվում Արցախի եւ Ֆրանսիայի քաղաքների միջեւ բարեկամության հուշագրերը

Ինչո՞ւ են չեղարկվում Արցախի եւ Ֆրանսիայի քաղաքների միջեւ բարեկամության հուշագրերը

«Արդեն երկու օր հետեւում եմ լրատվությանը, տխրությամբ եւ զարմանքով, ֆրանսիական դատարանները մեկը մյուսի հետեւից որոշումներ են կայացնում Արցախի եւ Ֆրանսիայի մի շարք քաղաքների միջեւ բարեկամության հուշագրերի չեղարկումների մասին։ Հունիսի 13-ին այդ մասին տեղեկություն տարածեց  նաեւ, ԱրցախՊրեսսը։ Այսօրվա իշխող անտեղյակներին ուզում եմ հիշեցնել, որ բարեկամության այս հուշագրերը երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունք են, տարիներ շարունակ եղել են ապակենտրոնացված, չքաղաքականացված այցեր, հանդիպումներ, ստեղծվել է բարեկամություն, մարդիկ փոխադարձ այցելությունների, համատեղ ցուցահանդեսների, բարեկամական հանդիպումների արդյունքում ստեղծել են այս բարեկամությունը եւ իրական հարթությունում եւ հուշագրեր են ստորագրվել։

Չի եղել որեւէ դեպք, որ ֆրանսիացի մեր բարեկամները սրտացավ չլինեն Արցախի քույր քաղաքների, բնակավայրերի հանդեպ, Արցախում այս գործընթացի արդյունքում նաեւ զարկ տրվեց ֆրանսերենի լայն ուսուցմանը, դպրոցներում, ուսումնական հաստատություններում, կառավարությունում եւ խորհրդարանում, Արցախ-Ֆրանսիա բարեկամությունը ամենաամուրներից է եղել եւ հուսամ՝ կշարունակի ամրանալ։ Սակայն, այսօր, կարդում եմ այս լուրեըը եւ ահավոր զարմանք եմ  ապրում։ Չկա ոչ մի արձագանք ՀՀ իշխանություններից, հասարակական սեկտորից, Ազգային ժողովից, ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք ՀՀ Ազգային ժողովում գործում է  Ֆրանկոֆոնիայի սեկցիան, ինչո՞ւ այս սեկցիան չի արձագանքում այն ամենին ինչ կատարվում է այսօր, ինչու ՀՀ վարչապետը, ով օրերս ՀՀ անձնագիր հանձնեց Հայաստանի եւ Արցախի լավագույն բարեկամներից մեկին,երկար տարիներ հայ-ֆրանսիական բարեկամական խմբի ղեկավարին, հայտնի սենատորին, բազմիցս Արցախ այցելած մեր բարեկամ  Ռենե Ռուքեին, չխոսեց նրա հետ այս խնդրի մասին, իսկ եթե խոսեց, ինչու չեղավ արձագանք։

Այս ամենը ապացուցում է մեկ բան, ՀՀ այսօրվա իշխանությունը մերժում եմ այն ամեն լավը, որ ստեղծվել, հիմնվել է տարիներ շարունակ, տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջական լոբբին միշտ էլ եղել է ակտիվ, բայց, նաեւ հայ-ֆրանսիական հարաբերություններում մենք կարողացել ենք հաղթել դրան եւ գնալ առաջ, սակայն, այսօր, այս համատարած անտեղյակության եւ հանցավոր անգործության պայմաններում թուրք-ադրբեջանական լոբբին կրկին գլուխ է բարձրացրել առավել թափով։ Ակնհայտ է, որ նաեւ ապակենտրոնացված, չքաղաքականացված արտաքին գծում եւս մեր հակառակորդները բավական ակտիվ եւ արդյունավետ են աշխատում եւ մեր պետության անգործունեության պայմաններում այդ արդյունավետությունը նրանց թեւերն ազատել է եւ կրկնակի արդյունք է տալիս։ Այս  համատարած անտեղյակությունը, այս համատարած քանդելու, տարիներով ստեղծածը ոչնչացնելու, կործանելու   քաղաքականությումբ ուր եք, գնում ՀՀ նոր իշխանիկներ, էս ի՞նչ եք անում, միտումնավո՞ր եք անում, թե քնած եք  հայտնի կենդանու ականջում։ Սթափվեք, լրջացեք, էս ինչ անգործություն  է։ Տպավորություն ունեմ, որ դուք եկել եք իշխանության, երկիրը վարի տալու կոնկրետ նպատակով, բոլոր ոլորտներում եւ արտաքին եւ ներքին եւ՝ առհասարակ եւ, առայժմ դա ձեզ հաջողվում է, բայց՝ սա չի կարող երկար ձգվել, մենք վարի տալու երկիր չունենք։

Ստորեւ ներկայացնում եմ ԱրցախՊրեսսի հետեւյալ լուրը նաեւ՝ Վալանսի քաղաքապետ,Օվերն-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ Նիկոլաս Դարագոնի գրությունը։

«Արցախի եւ Ֆրանսիայի թվով 12 քաղաքների եւ մեկ դեպարտամենտի հետ ստորագրված են Բարեկամության հռչակագրերը։ Ս․ թ․ մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջեւ ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։ Հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս եւ Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջեւ կնքված Բարեկամության հռչակագրերը: Նշեմ, որ սա միայն առաջին ատյանի դատարանի որոշումն է։ Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլի մտադրություն է հայտնել բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։ Մյուս 8 քաղաքների հետ կնքված Բարեկամության հռչակագրերը ուժի մեջ են։ Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել եւ խորանալ։ Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Արցախի համայնքների եւ տարբեր երկրների վարչական միավորների միջեւ բարեկամության եւ համագործակցության նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները»,- նշեցին Արցախի ԱԳՆ-ից։

Նիկոլաս Դարագոնի գրությունը

«Ֆրանսիայի եւ Արցախի համայնքների միջեւ կնքված Բարեկամության հռչակագրերի դեմ դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները տածում են միմյանց նկատմամբ եւ որը արտահայտվում է Հռչակագրերի տեքստերով:
Ի հեճուկս ճնշումների, որոնք բոլորս տեղյակ ենք, որ գալիս են արտերկրից՝ ես կրկին հաստատում եմ իմ աջակցությունը Արցախին, ազատ պայմաններում ընտրված նրա իշխանություններին եւ ինքնորոշման ուղեգծին:

Նույնիսկ եթե Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ կնքված Բարեկամության հռչակագիրը, ես որեւէ կերպ չեմ զղջում վերոհիշյալ համաձայնագիրը ստորագրելուս համար, որը, կրկնում եմ, բարեկամական կամքի արտահայտում է:
Ես շարունակում եմ պնդել, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավազոր են կնքել նման Բարեկամության հռչակագրեր, հատկապես այն պայմաններում, երբ դրանցից շատերը (մասնավորապես՝ Վալանսի պարագայում) քաղաքային խորհրդի որոշումներ չեն եւ չեն կարող հարցականի տակ դրվել վարչական դատարանների կողմից: Անհնար է խոչընդոտել բարեկամությանը դատական որոշումներով:

Բացի այդ, ես դատապարտում եմ ֆրանսիական ազգային իշխանությունների իրարամերժ գործողությունները: Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը հավաստիացրել էր հայկական ծագում ունեցող մեր համաքաղաքացիներին, որ մարդասիրական կամ կրթական նպատակներ հետապնդող ծրագրերը հետապնդումների չեն ենթարկվի:
Միեւնույն ժամանակ, դատական հետապնդումները բազմապատկվում են՝ ռազմատենչ Ադրբեջանին հստակ քաջալերանքի ազդանշան հասցեագրելով:

Բազնադարյա բարեկամության եւ կարճաժամկետ տնտեսական շահերի միջեւ վերջինիս օգտին ընտրություն կատարելով՝ Ֆրանսիայի Կառավարությունը խախտում է բալանսավորված եւ բարյացակամ մոտեցում ցուցաբերելու ավանդական դիրքորոշումը, որը Ֆրանսիան ցուցաբերել է ազատության համար պայքարող ժողովուրդների նկատմամբ»:

Նիկոլա Դարագոն
Վալանսի քաղաքապետը
Օվերն-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ»։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից։