Հեղափոխությունն արդեն եղել է, ժամանակն է մոռանալ դրա մասին ու գործել

Հեղափոխությունն արդեն եղել է, ժամանակն է մոռանալ դրա մասին ու գործել

Հեղափոխություններն ինքնանպատակ չեն արվում, այսինքն՝ հեղափոխությունը տեղի չի ունենում հանուն հենց հեղափոխության։ Ցանկացած հեղափոխության շարժիչ ուժը հին՝ իրեն սպառած համակարգի կազմաքանդումն է եւ, գոնե հեղափոխականների մտահղացմամբ, նոր՝ ավելի կատարյալ ու արդարացի համակարգի ստեղծումը։

Մտահղացումը՝ մտահղացում, սակայն, որպես կանոն, մարդկությանը հայտնի գրեթե բոլոր հայտնի հեղափոխությունները կա՛մ ընթացքում, կա՛մ հաղթանակելուց որոշ ժամանակ անց ձեւախեղվել են, հեռացել նախկինում հռչակված նպատակներից ու դարձել գործիք քաղաքական շատ նեղ շահեր հետապնդող մի խումբ մարդկանց ձեռքին։ Այդպես եղավ Փարիզյան կոմունայի ժամանակներում, այդպես եղավ նաեւ Ռուսաստանում տեղի ունեցած բոլշեւիկյան հեղափոխության դեպքում, երբ նախկին համակարգի դեմ պայքարի ելածները հաղթանակից հետո նախ սկսեցին հաշիվ տեսնել «նախկին հանցավորների», քիչ ավելի ուշ՝ նաեւ հենց իրենց զինակից ընկերների հետ, որոնք համարձակվել էին «հեռանալ հեղափոխական նպատակներից» ու հակահեղափոխություն հրահրել։
Հայաստանում ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, իհարկե, վերը նշված դասական սխեմաների մեջ այնքան էլ չի տեղավորվում, բայց ուշադիր լինելու դեպքում որոշ նմանություններ, այնուամենայնիվ, կարելի է տեսնել։ Նախ՝ բուն «հեղափոխություն» եզրույթի մասին։ Վերջին մեկ տարվա ընթացքում այդ եզրույթը տեղի կամ անտեղի օգտագործվում է հանրության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում ու հարթություններում։

«Ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ»․ այս հարցադրումը՝ որոշ խմբագրումներով, հաճախ կարելի է լսել։ Գոնե հանրայնորեն քիչ թե շատ ակտիվ դերակատարում ստանձնել փորձող մարդկանց վերաբերությամբ այդ հարցն անպայման հնչում է։ Ո՞վ է նա, ի՞նչ էր անում նախկինում, որքանո՞վ է մասնակցել հեղափոխությանը, հավատարի՞մ է արդյոք հեղափոխական արժեքներին եւ այլն։ Իսկ նման հարցադրումներին էլ հաճախ հետեւում են կոնկրետ անձանց դեմ ուղղված կոնկրետ գործողություններ: 

Պետական կառավարման զանազան համակարգերը եւս զերծ չեն հեղափոխականության չափանիշներով գնահատվելու ռիսկերից: Որքանո՞վ են ի վիճակի այս կամ այն նախարարությունը, կոմիտեն կամ վարչությունը, որոնք ձեւավորվել էին դեռ հեղափոխությունից առաջ, կատարել իրենց առջեւ դրված հեղափոխական խնդիրները, եթե, իհարկե, նման խնդիրներ դրվել են:

Նկատենք, որ այս հարցադրումը շատ հեռուն կարող է տանել՝ հանգեցնելով հապշտապ, հաճախ չարդարացված ու անարդյունավետ փոփոխությունների: Մինչդեռ, ինչպես ասում են՝ ոչինչ նոր չէ այս լուսնի տակ. շատ համակարգեր, միայն իրենց գործունեության բնույթի ուժով, գոյություն են ունեցել գրեթե միշտ ու, ըստ անմենայնի, շարունակելու են գոյություն ունենալ նաեւ հետագայում, եթե, իհարկե, չենթարկվեն հեղափոխական «վիրահատությունների»: Ամեն ինչ ձգտել փոխել միայն փոխելու եւ հեղափոխական անհասկանալի չափանիշներին համապատասխանեցնելու համար՝ իրական բարեփոխումների հասնելու լավագույն ճանապարհը չէ:

Վերջապես․ չափազանց էական է դիտվում հեղափոխության «հեղինակային» իրավունքի գրեթե անընդմեջ ու անպտուղ վիճարկումը: Շատ հաճախ փորձ է արվում հստակեցնել՝ ի վերջո ո՞վ հեղափոխություն արեց, եւ ովքե՞ր դրանում մասնակցություն չունեցան ու, լինելով անմասնակից, այժմ էլ ինչ-որ հաջողությունների են փորձում հասնել… ինչպիսի՜ լկտիություն:

Նման հարցադրումներ անողներին հարկ է խորհուրդ տալ, որ փոքր-ինչ մտաբերեն ոչ վաղ անցյալն ու հիշեն, թե ինչպես ու ինչու հաղթանակեց թավշյա հեղափոխությունը: Իսկ հաղթանակի պատճառն ակնհայտ է՝ ոչ թե այն բանի շնորհիվ, որ մի խումբ հեղափոխականներ հրաշքներ գործեցին, այլ բացառապես այն, որ դրանում, ինչպես ասում են՝ ճիշտ պահին մասնակցություն ունեցավ գրեթե ողջ ակտիվ հանրությունը, որի ներկայացուցիչները նախկին համակարգից դժգոհելու տարբեր պատճառներ ունեին. տարիներով կուտակված այդ դժգոհությունը պարպելու թերեւս հարմար պահն էր, ու կատարվեց այն, ինչ կատարվեց:

Այսօր որոշ երդվյալ հեղափոխականներ, որոնք արդեն իշխանության մեջ են, հրաշալի հասկանում են, որ հեղափոխության իրական հեղինակ ողջ հանրությունն իրենցից մասնակցության վարձ չի պահանջելու, հանրությունը հեղափոխությանը մասնակցել է բացառապես իր շահերի իրացման ու սպասումների իրականացման համար: Իսկ թե այժմ ինչպես է քչերի կողմից տնօրինվում հեղափոխության հաղթանակի ռեսուրսը, ու որքանով են արդարանում հանրության սպասումները, դա արդեն բոլորովին այլ խոսակցության առարկա է:

Հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել, ժամանակն է  մոռանալ դրա մասին, հնարավորինս քիչ շահարկել այդ եզրույթն ու զբաղվել առօրյա օգտակար գործերով: Իրականում հենց դա էլ կլինի հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը: