Վարչապետը հրաժարական է տվել, բայց նախագահն այն չի ընդունել 

Վարչապետը հրաժարական է տվել, բայց նախագահն այն չի ընդունել 

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Այս մասին հայտնում է իտալական կառավարության մամուլի ծառայությունը։ Կառավարության նիստում Դրագին ասել է, որ համապատասխան դիմումը կներկայացնի նախագահ Սերջո Մատարելային։ «Ես այսօր ուզում եմ հայտարարել, որ երեկոյան կներկայացնեմ հրաժարականիս դիմումը Հանրապետության նախագահին»,- մասնավորապես ասել է Դրագին։

Հայտնի է դարձել, որ 74-ամյա Դրագին հեռանում է՝ Իտալիայում սկսված քաղաքական ճգնաժամի պատճառով, ինչպես գրում է Corriere della Sera-ն։ «Հինգ ասղերի շարժումը», որը մինչեւ վերջերս մաս էր կազմում իշխող կոալիցիայի եւ համարվում էր այդ կոալիցիայի հիմնական ուժը հրաժարվել է վստահության քվե տալ Դրագիին։

Սա նշանակում է, որ նշված քաղաքական ուժը դուրս է գալիս պառլամենտական մեծամասնությունից։ Ստեղծված իրավիճակում, Դրագին այլեւս չի հանդիսանում կոմպրոմիսային լիդեր, եւ հրաժարականը լիովին տրամաբանական հետեւանք էր։ Սակայն, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան չի ընդունել այդ հրաժարականը։ Արդյունքում, Դրագին ելույթ կունենա պառլամենտում, որպեսզի ստեղծված իրավիճակին տա գնահատական։