Աշխարհաքաղաքական մեր աններելի սխալները

Աշխարհաքաղաքական մեր աններելի սխալները

 Ուզում եմ հիշեցնել աքսիոմատիկ՝ ապացուցելու կարիք չունեցող երեք ճշմարտություն՝

ա/  աշխարհի սկզբից ամենաանկայուն և փոփոխական բանը եղանակն է, 
բ/ պետությունների քաղաքական քարտեզը,
գ/բոլոր պատերազմները եղել են տարածքներ գրավելու համար, այսինքն՝ Հողի կռիվ է եղել:

Շատ, թե քիչ բանիմաց և պատմություն իմացող մարդը կհաստատի դա:

Մեր երկիրը դաժան պարտության տարած վարչապետը մեզ ուզում է համոզել, թե Շուշիի հանձնումը մշտապես եղել է բանակցությունների սեղանին, հետևաբար, Արցախի տարածքները հանձնելիս նա պետք է լիներ դրանց մեջ, և բացի դրանից, նրա բնութագրմամբ, Շուշին խղճուկ և դժգույն քաղաք է, հետևաբար առանձնապես մեծ չէ նրա կորուստը հայերիս համար, Շուշիում ապրել են ադրբեջանցիներ, հետևաբար այն հայկական քաղաք չէ: Այսպիսի թյուր մտայնությամբ բացատրեց նաև Սերժ Սարգսյանը 800 հեկտար թուրքին նվիրելու ժամանակ, երբ այդ տարածքները բնութագրեց որպես անպիտանի հողեր… Քաղաքականապես կույր և ապիկար նախ՝ ագահին ես հակադարձեցի՝ գրելով, որ աֆրիկյան մի քանի պետությունների տարածքում է տեղաբաշխված Սահարայի անապատը, որից առավել անպիտանի հող աշխարհում չկա,բայց ոչ մի պետություն դրանից չի հրաժարվում: Իսկ Շուշին, պարո՛ն վարչապետի պաշտոնակատար, իմացե՛ք, որ Արցախի բանալին է՝ իր իշխող դիրքով, եթե անգամ նրա բնությունը գրավիչ չէ ոմանց համար: Ես իմ հոդվածներում քանիցս գրել եմ, որ Արցախը քաղաքական և տարածքային բանալի է. ով տիրեց Արցախին, նա կտիրի Կովկասին, իսկ մեզ համար բանալի է դեպի Նախիջևան, Կարսի մարզ և Արևմտյան Հայաստան:

Եթե ուզում եք անկեղծորեն, բայց ռազմավարական տրամաբանությամբ ասեմ, ինձ այնքան չի մտահոգում այս պահին Դադիվանքի, Հադրութի և մյուս ազատագրված տարածքների կորուստը /դրանց վերադարձը ժամանակի խնդիր է, եթե մենք չկորցնեինք ռազմավարական կարևորության տարածքներ/, որքան՝ Շուշին և Մեղրիով դեպի մեր կորուսյալ Նախիջևան, այնտեղից էլ եթե Թուրքիա տանող ուղիղ գիծ դրվի և Քարվաճառի՝այդ ռազմավարական ահռելի նշանակությամբ բարձունք -տարածքի հանձնումը: Քարվաճառի կորուստը կործանարար կլինի ոչ միայն Արցախից մնացած այդ փոքրիկ կտորի, այլև Հայաստանի Հանրապետության համար. նայե՛ք քարտեզին և կհամոզվեք: Մեղրիով Նախիջևանը, ապա Թուրքիան միացնող ճանապարհը Ռուսաստանի և Իրանի ամենատանուլ տված քաղաքական գործարքն է, թեև Իրանը անմիջական մասնակիցը չի եղել այս դավադիր համաձայնագրին, սակայն 44-օրյա պատերազմի օրերին դրսևորած իր կրավորականությունը՝ՙ «շառ ու փորձանքից հեռու» մնալու միամիտ դիրքորոշումը Իրանին դրեց մեկուսացման մեջ իր հյուսիսային հարևան և բնական դաշնակից Հայաստանից, հետևաբար նաև Ռուսաստանից, որը այս տարածաշրջանում թշնամի չէ նրան: Իրանը Հայաստան-Վրաստան ցամաքային և ծովային կարճ ճանապարհով կհաղորդակցվեր նաև Եվրոպայի հետ:Իրանը զգուշանում է ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում ապրող թյուրքախոս պարսիկների վրա ադրբեջանի ազգայնական քարոզչությունից: Ինչու՞ է Իրանը զգուշանում Ադրբեջանի հետ առճակատումից: Պատմականորեն Իրանի իշխանությունները մի քանի դար աչքաթող են արել իրենց ժողովրդի մի հատվածի թյուրքախոս դառնալու իրողությունը, որը հիմա կարող է Իրանի՝ որպես միասնական պետության համար իր քաղաքական անբարենպաստ հետևանքն ուենալ:12-13-րդ դդ., երբ պարսից պետությունը բավականին թուլացել էր և իր պատմական ամբողջ տարածքին չէր տիրապետում,տարածաշրջան թափանցած թուրք-սելջուկները բռնություններով ստեղծում են պետականություն և բնակչությանը պարտադրում են թուրքերենը ՝որպես հաղորդակցության լեզու: Հետո աստիճանաբար բնիկները դառնում են թրքախոս:Այս փաստի վրա ժամանկին պարսից իշխանությունները առանձնապես անհանգստություն չեն դրսևորել՝ հիմնվելով կրոնական գործոնի վրա՝ քանի որ թուրքերը ևս իսլամադավան էին: 

Բայց այստեղ կան շատ կարևոր հակափաստարկներ՝
ա /կրոնն ու դավանանքը ժողովրդի ու մարդու ազգությունը չեն որոշում.միլիոնավոր արաբներ, չինացիներ, ինդուսներ, սլավոններ մահմեդական են, արդյոք նրանք պարսիկ են:
Անգամ որոշ դեպքերում լեզուն չի որոշում այս կամ այն ժողովրդի ազգությունը.
բ /միլիոնավոր սևամորթ ամերիկացիներ անգլախոս են, մի՞թե նրանք անգլո-սաքս են: 
 

Մեղրիի տարածքի կորուստը կամ միջպետական, իմա՝ադրբեջանա-թուրքական հաղորդակցության ճանապարհ դառնալը ոչ միայն ռազմավարական, այլ որ առավել վտանգահարույց է, այն աշխարհաքաղաքական աղետ դառնալու հեռանկար  կբացի Հայաստանի համար,այդ վտանգը կսպառնա և Պարսկաստանին:

Մենք՝ հայերս, կարծում ենք, որ եթե Պարսկաստանը՝ Իրանը, կարողացել է հազարամյաների ընթացքում պահպանել իր պետականությունը, ուրեմն նա տիրապետում է հզոր դիվանագիտության: Մինչդեռ նա ևս դարձավ թուրքական խորամանկ դիվանագիտության զոհը, որի դառը պտուղները նա կճաշակի Մեղրիից Նախիջևան բացված ճանապարհի պատճառով,որով «կերթևեկեն» մեկ ազգ, երկու պետության զորքն ու զինուժը….  

Փոքրիկ պատմական ակնարկ:1934թ. Իրանի Ռըզա Փեհլեվի շահը և Թուրքիայի նախագահ Մուսթաֆա Քեմալը /Աթաթուրքը /Անկարայում բանակցությունների ժամանակ կնքում են Իրան-Թուրքիա սահմանային բաժանման վերաբերյալ պայմանավորվածություն, և Իրանը Թուրքիային զիջումում է 11կմ տարածք՝  ներառյալ փոքր Մասիսը: Իրանի Ռըզա Փեհլեվի շահը սկզբում դեմ է եղել այդ հողային փոխանակությանը, որը բերում էր սահմանի և տարածքային փոփոխության, բայց ի վերջո ինչ-ինչ դիվանագիտական խաղերի շնորհիվ համաձայնում է և միամտորեն ասում. «Այս մանրամասները (նկատի ուներ՝ Նախիջևանին միացող հատվածը) կարևոր չեն…»։ Փեհլեվին սխալվեց…Այսօր Իրանը կանգնած է թուրք-ադրբեջանական համատեղ ռազմական և աշխարհաքաղաքական լկտի նկրտումներն իրականացնելու առաջ: Դեռ 100 տարին չի լրացել այդ,ես կասեի դարակազմիկ գործարքի, բայց դիվանագիտական այդ սխալը այսօր Իրանի համար նույնպես կդառնա ճակատագրական: Հետաքրքիր է, Իրանը այդ փոխանակումը անժամկե՞տ է կատարել, թե՞ 99 տարով, և դարձյալ հետաքրքիր է, Իրանում այսօր մտածո՞ւմ են այդ պայմանագիրը չեղարկելու մասին….
Սա Իրանի գծով:

Ի՞նչ կբերի այս քաղաքական և աշխարհաքաղաքական  լյապսուսը Ռուսաստանին,եթե նա առաջիկայում չեղյալ չհայտարարի 2020թ.նոյեմբերի 10-ի այս դավադրագիրը.
Ռուսաստանը կկորցնի Հարավային Կովկասում իր ներկայության իրավական և պատմական հնարավորությունը, կմեկուսացվի իր դաշնակիցներից՝ Իրանից և որոշ արաբական երկրներից, Թուրքիան հնարավորություն կունենա կարճ ճանապարհով հասնելու ռուսաստանյան Կովկաս, Ռուսաստանի թյուրքալեզու շրջաններ,Միջին Ասիայի երկրներ…

Այս ծրագիրը՝վերադարձ Կովկաս, Թուրքիան վաղուց էր փափագում,և հիմա նա ջերմ հրավեր ստացավ Ռուսաստանից, հետևաբար ճիշտ ժամանակն է գրոհելու Ռուսաստանի վրա նաև Հայաստանի կողմից: Զարմանալին այն է, որ Ռուսաստանը կարծես չի կռահում Թուրքիայի նպատակները և, Թուրքիային ՆԱՏՕ-ից կտրելու համար, միամտորեն առևտրային և ռազմական պայմանագրեր է կնքում՝ կարծելով, թե կկարողանա այդպիսով չեզոքացնել Թուրքիայի տարածքային նկրտումները Կովկասում և Ռուսաստանում,մասնավորապես՝ Ղրիմի հանդեպ նրա հավակնությունները: Թուրքիան խաղում է երկու լարերի վրա, որն առայժմ կարծես հաջողվում է նրան: Բայց դարձյալ զարմանալին այն է, ու մոտ 400 տարի Եվրոպան Ռուսաստանի առաջխաղացումը կասեցնելու համար հրահրում է Թուրքիային Ռուսաստանի դեմ.Ռուսաստանը թուլանում է, իսկ Թուրքիան հզորանում է ՝դառնալով Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հզոր մի կայսրություն՝լի իր վտանգներով: Անհասկանալի թշնամանք կա փոխադարձաբար ռուսների և եվրոպացիների միջև.փոխանակ քաղաքակրթական նույն դաշտում եղող ռուսներն ու եվրոպացիները համախմբվեին և այսօր էլ համախմբվեն և թուլացնեն թուրքիան՝  մասնատելով այն և այդպիսով դուրս մղեն նրան ռազմաքաղաքական ասպարեզից, շարունակում են փոխադարձ թշնամանքը՝ հզորացնելով Թուրքիային: Ռուսաստանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը շարունակում են բախվել, մինչդեռ Ռուսաստանը կարծում է, թե տնտեսական և ռազմական գործակցությամբ և առևտրով ինքը կարող է Թուրքիային պահել իր ազդեցության ոլորտում: Չի կարող, և դա հաստատում է Արցախյան վերջին պատերտազմը և Ռուսաստանի ոչ հայաստանանպաստ, հետևաբար նաև ոչ ռուսաստանանպաստ այդ գործարքը, որն այդպես էլ հասկանալի չեղավ շատերի համար,անգամ ռուս քաղաքագետների համար.ո՞րն է Ռուսաստանի շահը, երբ թույլ տվեց, որ Ադրբեջանը գրավի մեր ազատագրած տարածքները, և ԼՂԻՄ-ի տարածքի զգալի մասն էլ տրվեց Ադրբեջանին:Մոտ 300 տարի թուրքական քաղաքական- ռազմական ներկայությունը Այսրկովկասում հենց Ռուսաստանն էր վերացրել, իսկ հիմա նույն ռուսների հրավերով Թուրքիան այսօր քաղաքական, վաղը նաև ռազմական գործողությունների հնարավորություն կունենա այս տարածաշրջանում:

Մի՞թե ռուսական խաղաղապահների երկուհազարանոց անձնակազմը բավարար կլինի, որպեսզի Ռուսաստանը դառնա այս տարածաշրջանում դրության տերը. իհարկե՝ոչ: Շատերը միամտորեն, կամ միտումնավոր՝Ռուսաստանին մոլորեցնելու նպատակով ասում են, որ այս պատերազմում հաղթել է Ռուսաստանը: Միամտություն…Հաղթել են Թուրքիան և Ադրբեջանը, որովհետև գրավեցին Արցախի ազատագրված 7 շրջանները և ամենակարևորը՝ եթե բացվի Մեղրիից Նախիջևան, այնտեղից էլ Թուրքիա տանող ռազմավարական ճանապարհը: Սա երեսուն տարի Թուրքիան ու Ադրբեջանը երազել անգամ չէին կարող: Եվ այսօր ու նաև վաղը Ռուսաստանը կմնա մեկուսացած Իրանից և Արևելքում իր ազդեցության ոլորտն ապահովող Արաբական երկրների հետ անմիջական և կարճ կապից: Այսօր և գալիք 5 տարիների ընթացքում ռուսական խաղաղապահ զորքը աչքի մեջ խրված իսկական փուշ կդառնա Ադրբեջանի համար, որից, ինչպես հայտնի է, ցանկացած մարդ ամեն կերպ ուզում է ազատվել…Իսկ ազատվելու առաջին և հայտնի ձևը սադրանք կազմակերպելն է ռուսական «խաղաղարարների» դեմ, ապա նրանց երկրից ռազմական միջամտությամբ վտարելը կդառնա քաղաքական անհրաժեշտություն:

Փոքրիկ պարզաբանում՝ Թուրքիայի և Ադրբեջանի այսօրեական հաղթանակի վերաբերյալ.այս շռնդալից հաղթանակից հետո Թուրքիան հաստատապես կշարժվի ռուսական Կովկաս, Ուկրաինա, Ղրիմ, Միջին Ասիա և ժանիքները կխրի մերձավոր Արևելքի երկրներում՝ Լոզանի պայմանագրով Օսմանյան Կայսրությունից օտարված պետությունները վերամիավորելու իր կազմում.հենց սա էլ կլինի Թուրքիայի հաղթանակը նաև Մերձավոր Արևելքում: Ադրբեջանը կփորձի Իրանից պոկել Ատրպատականը, որի համար հուժկու օգնություն կստանա Թուրքիայից, եթե Իրանը ոտքի չհանի Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝մասնավորապես իրանական արմատներով թալիշներին և թաթերին,նրանց կհետևեն նաև լեզգիները, ավարները և մյուսները՝իրենց իսկ հայրենիքում ինքնավարություն ձեռք բերելու: Այս հարցում նրան պիտի միանա Ռուսաստանը՝լեզգիներին և այլ բնիկ ժողովուրդներին միավորելու և ինքնորոշվելու հնարավորություն տալով՝ կազմալուծի Ադրբեջանը:

Ի դեպ, աքսիոմատիկ ճշմարտություններից մեկն էլ հենց սա կլինի՝ Ադրբեջանի՝ որպես միասնական պետության մասնատումն ու անփառունակ վախճանը:Մասնատման նույն ճակատագիրը կունենա և Թուրքիան, եթե նրա աշխարհագրական հարևանները լինեն հետևողական.Թուրքիայում ապրում են դարերով բռնի թրքացած հույներ, ասորիներ, լազեր, չեչեններ, հայեր, զազաներ և ուրիշ ազգեր, որոնք զրկված են ազգային ինքնությունից և ինքնության փնտրտուքի մեջ են:

Հիմա Հայաստանի մասով. Հայաստանը կորցրեց ոչ միայն Արցախի զգալի մասը՝ ազատագրված տարածքներով,  այլև կկորցնի ռազմավարական չափազանց կարևոր Մեղրիի վրա վերահսկելու իրավունքը, կորցրեց Քարվաճառն ու Օմարի չափազանց կարևոր ռազմավարական տարածքն ու բարձունքը:Արդեն այսօր Քարվաճառ-Սոթքի սահմանը խախտել են՝տեր դառնալով ոսկու հանքերի մեծ մասին, խախտում են նաև Սյունիքի սահմանները: Սա նշանակում է, որ Հայաստանի հյուսիսային և հարավային շրջանները անմիջական հարվածի տակ են լինելու՝ ընդհուպ մինչև ռազմական ընդհարումներև տարածքային կորուստներ: Վարչապետ Փաշինյանը երբ ստորագրել է այդ դավադրագիր, ուզում եմ հավատալ, որ գաղափար չի ունեցել, թե ինչի մասին է խոսքը:

Ամենածանր վիճակում Հայաստանն է՝ Արցախի հետ միասին…
Հիմա աշխարհաքաղաքական շահերի այնպիսի բախում պիտի լինի մեր տարածաշրջանի հզոր և իրենց անկախությունը պաշտպանող պետությունների կողմից, որպեսզի Թուրքիան չհամարձակվի քիթը խոթել Մերձավոր Արևելք, հակառակ դեպքում կարագանա նաև արաբական երկրների վերջնական քայքայումը և Թուրքիայի հզորացումը:Իսկ մի՞թե դա շահեկան է Իրանին, արաբական երկրներին, և Ռուսաստանին,անգամ Եվրոպային…Իհարկե՝ ո՛չ:Ես այս հռետորական հարցը չեմ բարձրացնում նաև Հայաստանի քաղաքական և անվտանգության տեսանկյունից, քանի որ ամեն ինչ պարզ է…

Ահա, այսպիսի դառը հետևանքներ կունենա երկրորդ արցախյան պատերազմը անմիջական մասնակից Հայաստանի և նրա ռազմավարական դաշնակից հորջորջվող Ռուսաստանի և ոչ մասնակից երկրների համար, իսկ այս պատերազմը կարծես դեռ իր վերջակետը չի դրել…Ես այնուամենայնիվ ուզում եմ հնչեցնել հռետորական մի պարզ հարց, որի պատասխանը թեև հայտնի է շատերին, բացի Ռուսաստանից. Մեղրիով Նախիջևան և այնտեղից Թուրքիա բացվելիք ճանապարհը շահեկան է Ռուսաստանի՞ն, թե՞ Եվրոպային, որի դրդմամբ էլ Թուրքիան աջակցեց ադրբեջանին:Այս օպերացիան նախապես ծրագրված է եղել մի քանի նպատակներ իրականացնելու համար՝

 ա/ժամանակակից հզոր ռազմական զենքերը փորձարկելու և դրանց արդյունավետությունը հաշվարկելու համար…
բ/ վերջապես բացել Մեղրիից դեպի Նախիջևան տանող ճանապարհը՝դարձնելով այն ռազմավարական /հասկացե՛ք ՝ ռազմական/, տնտեսական, սական ավելի շատ՝ քաղաքական: 
Այս լուծումը շահեկան է եվրոպային, Թուրքիային և Ադրբեջանին, վտանգահարույց է Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի համար, ինչու՞ոչ, նաև արաբական երկրների համար:
Ու դարձյալ ուզում եմ հիշեցնել հայտնի աքսիոմատիկ՝ապացուցելու կարիք չունեցող երեք ճշմարտություն՝
ա/ բոլոր պատերազմները եղել են հարձակողական և ագրեսիվ՝տարածքներ գրավելու համար, այսինքն՝Հողի կռիվ է եղել, միայն մեկ բացառությամբ այդ պատերազմը ագրեսիվ չի համարվում,երբ ժողովուրդը կռվի է ելնում ոչ թե ուրիշի հողերը գրավելու, այլ իր պատմական հայրենիքն ու տունը  պաշտպանելու:
բ/ աշխարհի սկզբից ամենաանկայուն և փոփոխական բանը եղանակն է,  
գ/ անկայուն և փոփոխական են նաև պետությունների քաղաքական քարտեզը, այսինքն՝երկրի սահմանները:

Պարզապես ժողովուրդներն ու պետությունները պետք է միշտ զգոն և ուժեղ լինեն, իսկ մենք՝հայերս, առավելապես, որպեսզի մեր՝փոքր պետության/ առայժմ փոքր/ քաղաքական քարտեզը չփոփոխեն ի վնաս մեզ կամ չպատառոտեն ավելի հզորները և իրենց ուզածով գծեն այն, մի բան, որ հայտնի է եղել քաղաքական աշխարհին դարեր շարունակ…  

Այսօր և վաղը այս աքսիոմատիկ ճշմարտությունները դեռ գործելու են, քանի դեռ պետությունները ձգտելու են հզորանալ հարևան և հեռավոր երկրների տարածքների և այդ տարածքներում եղած բնական հարստությունների հաշվին…

Մարի Բարսեղյան –Խանջյան
գրող,հրապարակախոս