Էթիկայի և սուբորդինացիայի տեսանկյունից սխալ քայլ է՝ ինքնագովազդ

Էթիկայի և սուբորդինացիայի տեսանկյունից սխալ քայլ է՝ ինքնագովազդ

Երբ հետեւում ես, թե օտարերկրյա դեսպաններն ինչքան ակտիվ են մեր երկրում, հասկանում ես, թե ինչքան պասիվ են մեր դեսպանները՝ դրսում։ Հայաստանում հավատարմագրված դեսպանները՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եւրամիության, անգամ Լիտվայի, Հունաստանի, Ճապոնիայի, Բուլղարիայի եւ այլ երկրների ներկայացուցիչները, որոնց ներկայացրած երկրները հատուկ ակտիվ տնտեսական ու քաղաքական կապեր չունեն Հայաստանի հետ, ակտիվ անցուդարձի մեջ են մեր երկրում՝ այցելում են պաշտոնյաներին, հանդիպումներ են ունենում խորհրդարանում, տարբեր միջոցառումների են մասնակցում, մարզեր են մեկնում եւ այլն։ Մեր դեսպանները դրսում ոչ միայն դեսպանընկալ երկրների իշխանավորների հետ չեն ակտիվորեն շփվում, այլեւ ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների հարցերով էլ հաճախ չեն զբաղվում։ 

Վերջերս, օրինակ, հայազգի մի կին էր հանկարծամահ եղել Մեքսիկայում, հարազատները մի շաբաթ չէին կարողանում գտնել Մեքսիկայում ՀՀ դեսպանին, որպեսզի կարգավորեն դին Հայաստան բերելու հարցերը։ ԱԳՆ կայքին եւ դեսպանների անցուդարձին ուշադիր հետեւողները չեն կարող նշել, թե մեր դեսպաններից որը երբ է հանդիպել տվյալ երկրի պաշտոնյաների հետ, ինչ հարցերով։ Իսկ պետությունների ղեկավարների հետ հանդիպում են իրենց պաշտոնավարման ընթացքում մեկ անգամ՝ նշանակման հավատարմագրերը հանձնելիս։ Հաճախ անգամ պաշտոնական ընդունելություններ չեն կազմակերպում դեսպանատանը կամ որեւէ սրահում՝ այդ երկրներում Հայաստանի տոների կամ հիշատակի օրերի կապակցությամբ, որոնք լավ առիթ են տարբեր երկրների դեսպաններին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին հավաքելու, նրանց հետ շփվելու համար։ 

Սակայն դրա փոխարեն վերջերս մի նոր երեւույթ է նկատվում դեսպանների ասպարեզում։ Նրանք հանդիպումներ են ունենում այլ երկրների դեսպանների հետ եւ դրա մասին հայկական մամուլում հաղորդագրություններ են տարածում։ Օրինակ, կարդում ենք դեսպանատան հաղորդագրությունը․

«Փետրվարի 14-ին Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կայացավ դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Բորիս Գրիզլովի հետ»։ Կամ՝ «Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է նույն երկրում Էստոնիայի դեսպանություն, որտեղ նրան ողջունել եւ ընդունել է դեսպան Կարին Ռաննուն։ Երկու դեսպանները ջերմ զրուցել են հայ-էստոնական հարաբերությունների, երկկողմ եւ բազմակողմ սխեմաներում փոխադարձ աջակցության մասին»: 

Արտաքին քաղաքական հարցերի փորձագետներից մեկը մեկնաբանեց մեզ համար այս երեւույթը․ «Էթիկայի և սուբորդինացիայի տեսանկյունից ընդունված չէ (եթե առկա չէ ԱԳՆից հատուկ հանձնարարական) հավատարմագրման երկրում այլ երկրի դեսպանի հետ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելը։ Դա խճճում է փոխհարաբերությունները, պաշտոնական շփումներում գերակա դարձնում անձնական կապերը։ Նույնիսկ եթե բալթյան երկրներում դեսպան աշխատած Մկրտչյանը հատուկ հարաբերություններ ունի Հունաստանում Էստոնիայի դեսպանի հետ և նրա հետ քննարկել է խորհրդապահական բնույթի հարցեր, ապա այն հրապարակելը ինքնագովազդով թելադրված անզգուշություն է։

Իրականում ակնհայտ է, որ դա եղել է նախկին ծանոթների՝ ոչինչ չպարտավորեցնող պարզ զրույց, որը Մկրտչյանը փորձել է օգտագործել իր դիվանագիտական «բացառիկ» հմտությունների վրա անփորձ հեղափոխականների ուշադրությունը գրավելու համար։ Նրա աննշան և ոչ մասշտաբային «հանդիպումների» (հանդիպում գրադարանի ընթերցասրահում, հյուրանոցի սպասասրահի մի անկյունում, երրորդ պետության ազգային տոնի ընդունելության ընթացքում հպանցիկ զրույցներ և այլն) մասին նախկինում տարածված տեղեկատվության դիտարկումը համոզում է, որ իրական աշխատանքի բացը քարոզչությամբ լցնելու մարմաջ կա, որը պետք է ԱԳՆ-ն կանխի»։