Հադրութն ընկավ գեներալիտետի անկազմակերպ աշխատանքի պատճառով

Հադրութն ընկավ գեներալիտետի անկազմակերպ աշխատանքի պատճառով

Օրեր առաջ գրել էինք, որ Հադրութի արդեն նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը մշտական բնակություն է հաստատել Երեւանում: Պարբերաբար գրում ենք, որ Երեւանում բնակվող արցախցիները բողոքի ակցիաներ են անում՝ հիմնականում կեցության, պետական աջակցության թեմաներով: Զրուցել ենք Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանի հետ:

- Երեւանում բնակություն հաստատած արցախցիները հաճախ բողոքի ակցիաներ են անում:

- Ես մշտապես կապի մեջ եմ մեր բնակիչների հետ` թե հեռախոսով, թե այնպես: Ասեմ ավելին` ես արդեն մեկ տարուց ավել է` բնակվում եմ Ստեփանակերտում:

- Տեղյա՞կ եք՝ քանի հադրութցի է այս պահին Երեւանում բնակվում:

- Մեր բնակչության 55 տոկոսն այս պահին բնակվում է Հայաստանում, մոտ 5 տոկոսը ՀՀ-ի սահմաններից դուրս է գտնվում, իսկ ահա 45 տոկոսն Արցախում է: Երկու ամիսը մեկ ճշտումներ ենք կատարում, որպեսզի հստակ պատկեր ունենանք: Մի քանի օրից ավելի հստակ կարող եմ ասել, այս թվերը գուցե ինչ-որ առումով տատանվեն: Արցախում չբնակվելու պատճառը բնակարանների պակասն է։ Վարձով բնակարանների պակաս ունի Արցախը:

- Այսինքն` Արցախի իշխանություններն անտարբերությա՞ն են մատնել ձեր խնդիրները:

- Անտարբերություն, իհարկե, կա: Աշխատում են ոչ պատշաճ ձեւով, նույն կոռուպցիան, որ եղել է նախկինում, պատերազմից հետո էլ շարունակվում է տարբեր բնագավառներում: Կառուցապատման աշխատանքները բավականին դանդաղ են ընթանում, եւ հենց այդ պատճառով էլ Արցախից շատ ընտանիքներ դուրս են գալիս:

- Ի՞նչ կոռուպցիայի մասին է խոսքը: Ո՞ր ոլորտներում է այն նկատելի:

- Բոլոր ոլորտներում: Մենք բազմիցս տեղեկություններ ենք պահանջել փոխհատուցումների մասին, սակայն ոչինչ չեն ներկայացրել: Մենք դիմել ենք Արցախի ներդրումային հիմնադրամ, որպեսզի մեզ ցուցակներ տրամադրեն այն անձանց կամ կազմակերպությունների մասով, որոնք պետության երաշխավորությամբ մեծ գումարներ են ստացել: 30 միլիոնից ավել գումարի մասին է խոսքը: Սակայն պատասխանը եղել է հետեւյալը. բանկային գաղտնիք է: Արթուր Օսիպյանն այս հարցով դատարան է դիմել, իսկ ահա դատարանը բավարարել է հայցը, որից հետո ներդրումային հիմնադրամը բողոքարկել է: Վերաքննիչը մերժել է նրանց: Նրանք պարտավոր են մեզ տրամադրել այդ տեղեկությունները: Օրինակ` թաքցնում են, թե պատերազմից առաջ կամ պատերազմից հետո պետության երաշխավորմամբ ով որքան վարկ է վերցրել: Սա ի՞նչ է նշանակում: Ինչ եմ ուզում ասել. էս պետությունը չի կարող կայանալ, եթե կա կոռուպցիա: Այսինքն` նույն կոռուպցիոն ռիսկերը, որոնք եղել են պատերազմից առաջ, հիմա նույնպես շարունակվում են:

- Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է: Դուք ինչ-որ քայլեր տեսնո՞ւմ եք, ձեռնարկո՞ւմ եք:

- Սա շատ կարեւոր հարց է, որը պետք է արձանագրվի պետության մշակույթի նախարարության կողմից: Անգամ` վարչապետի եւ ԱԳ նախարարի մակարդակով պետք է այս հարցը բարձրաձայնվի: Պետք է դիմել միջազգային կառույցներին, որպեսզի հարցն ինչ-որ կերպ լուծում ստանա:

- Վարչապետը պատերազմից հետո, կարելի է ասել, Արցախի մասին կամ շատ քիչ եւ կցկտուր է խոսում, կամ ընդհանրապես չի խոսում: Սա ի՞նչ է նշանակում:

- Նիկոլ Փաշինյանն Արցախի մասին ե՞րբ է խոսել: Հադրութի մասին ընդհանրապես չի խոսում: Տպավորություն է, որ Հադրութն ընդհանրապես չի էլ եղել: Բացարձակ չի խոսվում այդ մասին: Շատ ցավալի է:

- Վերջին շրջանում շատ են քննարկումները Հայաստան-Ռուսաստան միութենական պետության մասին: Հետաքրքիր է, Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:

- Ես դժվարանում եմ այս հարցին պատասխանել: Քաղաքական դաշտը չունի այն պատկերը, որ ես ասեմ, թե որ կողմ գնալն է առավել ճիշտ:

- Ստեփանակերտում իրավիճակն ինչպիսի՞ն է: Մի փոքր պատմեք:

- Իրավիճակը խաղաղ է: Սահմաններում լինում են ինչ-որ կրակոցներ: Գյուղերի վրա ադրբեջանցիները հաճախ կրակում են: Յուրաքանչյուր վայրկյան պատերազմը կարող է կրկնվել: Ստեփանակերտում անորոշություն է: Մարդիկ, էնքան որ, ապրում են օրվա խնդիրներով, առանց ապագայի հույսի:

- Դուք նշեցիք, որ Արցախի իշխանություններից մեծ դժգոհություններ կան, այդ դեպքում հետաքրքիր է, Արցախի բնակչությունն ինչպե՞ս է Արայիկ Հարությունյանին հանդուրժում:

- Ես չէի ասի, որ Արցախի բնակչությունը հանդուրժող է: Ժամանակը կգա, եւ արցախցին ցույց կտա՝ հանդուրժում է, թե չի հանդուրժում: Հիմա իրավիճակն այնքան անորոշ է, որ մարդիկ ապրում են առանց հույսի, առանց ապագայի տեսլականի: Արայիկ Հարությունյանին ոչ ոք չի հանդուրժում, որովհետեւ նա միշտ կապված է եղել կոռուպցիայի հետ: Արայիկ Հարությունյանի իշխանության մնալը ճիշտ չէ:

- Պարոն Սավադյան, վերջին շրջանում բանակում դավաճանների հայտնաբերեցին։ Հետեւո՞ւմ եք այդ գործընթացներին:

- Կարող է իրականում դավաճաններ կան, չեմ կարող ասել: Բայց նաեւ հնարավոր է, որ սա իմիտացիա է, թե իբրեւ աշխատում ենք, դավաճաններ ենք փնտրում, եւ այլն:

- Ձեր կարծիքով` Հադրութն ինչո՞ւ ընկավ:

- Հադրութն ընկավ գեներալիտետի անկազմակերպ աշխատանքի պատճառով: