Նույն գետը

Նույն գետը

Ինչո՞ւ է մեր քաղաքական դաշտը կենդանանում միայն ընտրությունների շեմին։ Ընտրություններից մի քանի շաբաթ, գուցե՝ 1-2 ամիս առաջ, ցատկի պատրաստվող լուսանի դիրք է ընդունում եւ հարձակվում զոհի, այսինքն՝ ընտրողի վրա։ Այդ մի քանի շաբաթում փորձում է անել այն ամենը, ինչ պետք է աներ 4-5 տարվա ընթացքում, փորձում է ասել այն, ինչ ենթադրում է, որ կուզենար լսեր ընտրողը։ Խաբում է, մոլորեցնում, քծնում, խոստանում։

Սկսվում է մի իսկական խելահեղ մրցավազք, որտեղ հաղթելն անհնարին է, քանի որ մարդիկ հասցնում են ընտրություններից, ընտրություններին մասնակցողներից, քարոզարշավից ու քվեարկությունից այնպես զզվել, որ կա՛մ չեն գնում, կա՛մ եթե գնում են, որպես բողոքի նշան՝ ընտրում են ամենաանհաջողներին, ամենախեղկատակներին։

Ընտրողն ամեն ընտրությունից առաջ իր ողջ պահվածքով ուղղակի աղաղակում է, որ այդպես չի կարելի, որ ես չեմ հավատում ձեզ, որ դուք միայն աթոռակռիվ եք տալիս, իսկ ինձ՝ ընտրողիս, արհամարհում եք, խաբում, նվաստացնում, օգտագործում ձեր շահերի համար։ Բայց ընտրության գնացողները խուլ են եւ անզգա՝ նրանք չեն լսում ընտրողից եկող ազդակները, չեն զգում ընտրողի պահանջն ու պատվերը, չեն հավատում, որ ձախողվելու են։

Նրանց ամեն անգամ թվում է, թե իրենց ձախողման մասին զգուշացնողներն իրենց թշնամիներն են, պարտություն կանխատեսողները՝ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում, իսկ սոցիոլոգիական ուսումնասիրությունները կեղծ են ու հորինված։ Այ, եթե ինքը թափով մտնի գործի մեջ, մի քանի շաբաթ անընդմեջ խոսի, ընտրողների դռները թակի եւ պատմի, թե ինչքան լավն է ինքը, ինչպե՞ս կարող են իրեն չընտրել։ Ո՞ւմ, եթե ոչ ինձ՝ մտածում են ինքնասիրահարված էլիտաները, մինչեւ ընտրությունները, իսկ պարտությունից հետո սկսում են մեղադրել ընտրողին։