Կենտրոնի բնակիչների 99%-ը չի ճանաչում թաղապետին

Կենտրոնի բնակիչների 99%-ը չի ճանաչում թաղապետին

«ԷՄ Փի Ջի» հետազոտական խորհրդատվական ընկերությունը, ի դեմս հայաստանյան ներկայացուցչության տնօրեն՝ Արամ Նավասարդյանի կամ` մեզ ծանոթ անունով` հայկական Գելլափը, վերջերս կազմակերպել է սոցոլոգիական հարցում` «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի տրամադրած հարցաշարին համապատասխան։

 

Մենք զրուցել ենք «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի հիմնադիր և տնօրեն, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի հետ։ «Մենք շատ հարցեր էինք ձևակերպել, սակայն մեր ուղարկած հարցերից ընդամենը հինգն են արվել։ Հարցերի շրջանակը այսպիսին էր՝ բնակիչների կողմից իրենց վարչական շրջանում հասարակական տարածքների վիճակի գնահատում, գո՞հ են արդյոք բնակիչներն իրենց վարչական շրջաններում սպասարկվող պուրակներից, այգիներից, ճեմուղիներից, մայթերից, ճանաչո՞ւմ են արդյոք իրենց վարչական շրջանի ղեկավարին։ Հարցում է արվել նաև տրանսպորտային միջոցի հետ կապված՝ ո՞ր տրանսպորտային միջոցն են ուզում զարգանա՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրո, տրամվայ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց, «Սկևռայի» հիմնադիրը։

Բնակչության 67 տոկոսը նախընտրում է ավտոբուսը, սակայն, Վիկտոր Մնացականյանն ասում է, որ «Սկևռա քաղաքային պլանավորման» ինստիտուտը, որը համալրված է տարբեր մասնագետներով, փորձագետներով, ցածրադիր գոտիներում, ինչպիսիք են՝ Կենտրոնը, Էրեբունին կամ Շենգավիթը, նախընտրելի է տրամվայի զարգացումը։

 

Հատկապես Փոքր Կենտրոնը, որովհետև այն ավելի գեղեցիկ է, էկոլոգիապես՝ մաքուր, ավելի քիչ՝ ծախսատար, ավելի կոլորիտային։ «Ես առանձնացված ընդգծում եմ ամենակարևորը՝ մենք խնդիր ունենք և կարիք, որ հասարակական տրանսպորտն ավելի արագ լինի, մենք պետք է այնպես անենք, որ մեքենաների արագությունը քչացնենք, բայց հասարակական տրանսպորտինը՝ բարձրացնենք։ Հետո, օրինակ ավելի լավ է Աջափնյակ թաղամաս տրամվայ գնա, քան մետրո, որովհետև մետրոն շատ մեծ ծախսերի հետ է կապված, շատ ավելի մեծ է գլխացավանքը։ Իսկ տրամվայը մենք կարողանալու ենք Կիևյան կամրջով հասցնել նույն Աջափնյակ»,- մեզ հետ զրույցում ասաց Մնացականյանը։

 

Նրա խոսքով, բնակչությունը բավարար տեղեկացված չէ տրամվայի՝ որպես տրանսպորտային ուղևորափոխադրամիջոցի գործունեության մասին։ «Մեզ համար այդ հարցման արդյունքներն այնքանով «նշան» են, որ մենք, ուրեմն, պետք է լավ ծանուցենք տրամվայի և մյուս տրանսպորտային միջոցների տարբերությունները։ Այստեղ, մենք խնդիր ունենք աշխատանքներ տանելու Քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ»,- նշեց Մնացականյանը։ Խոսելով վարչական շրջանների բնակչության շրջանում արված հարցման մասին՝ ասաց․ «Դրանք ինձ համար իրականում ամոթալի տվյալներ են։ Վարչական շրջանի ղեկավարների ճանաչելիության հարցումը, գոնե, պետք է լիներ 60 տոկոսից բարձր։ Ես հարգանքով եմ վերաբերվում բոլորին։ Բայց քանի որ վարչական շրջանի ղեկավարները առաջնային ճակատում են գտնվում՝ պետություն - քաղաքացի- բնակիչ փոխկապակցված են, գտնում եմ, որ իրենք պետք է ակտիվ լինեն։ Հատկապես, երբ որ ճանաչում ես և վստահություն կա, և պրոֆեսիոնալիզմ, դու կարողանում ես կատարել ռեֆորմ։ Իսկ մենք պետք է անենք քաղաքային, տարածքային կառավարման ռեֆորմներ, որովհետև այսօրվա վիճակով օրենքներով ու լիազորություններով, մենք հեռուն չենք գնա։ Ուստի լավ կլիներ, որ թաղապետերը մեծ հեղինակություն ունենան, ու լինեն այդ թաղի բնակիչ, լինեն վստահելի հարգված սիրված»։

Թե որքանով են ճանաչում իրենց վարչական շրջանների թաղապետերին բնակիչները, «Հրապարակին» տրամադրվել է թաղապետերի ռեյտինգի հետևյալ սանդղակը։

Քանաքեռ Զեյթուն՝ այո- 1.7% ոչ 98.3%
Շենգավիթ՝ այո- 14.4% ոչ՝ 85.6%
Նուբարաշեն՝ այո -25.0% ոչ՝ 75.0%
Նորք Մարաշ՝ այո- 10.0% , ոչ-90.0%
Նոր Նորք այո-10%, ոչ՝ 99.0%
Մալաթիա Սեբաստիա այո-1.7% ոչ՝ 98.3%
Կենտրոն այո-1.2% ոչ` 98.8%
Էրեբունի այո-2.6% ոչ` 97.4%
Դավիթաշեն այո- 2.7% ոչ՝ 97.3%
Արաբկիր այո-4.6% ոչ՝ 95.4%
Ավան այո-2.92% ոչ՝ 97.8%
Աջափնյակ այո- 2.9 % ոչ՝ 97.1%

Ստացվում է, որ բնակիչներն ապրելով իրենց մի փոքր թաղամասում, տեղյակ չեն, թե ով է իրենց վարչական շրջանի ղեկավարը, ում որ անհրաժեշտության դեպքում պիտի դիմեն։ Ամոթալի և ցավալի վիճակում է Երևանի Կենտրոն թաղամասի ղեկավարի հեղինակային սանդղակը, ըստ որի` բնակիչների 99 %-ը չի ճանաչում նրան։

Հարցման գրաֆիկների ցանկը` ստորև