Ո՞ր լրագրողներն են հայտնվել ադրբեջանցիների թիրախում

Ո՞ր լրագրողներն են հայտնվել ադրբեջանցիների թիրախում

Հայ- ադրբեջանական հակամարտությունն իր արտացոլումն է գտել նաեւ մեդիա դաշտում: Այստեղ, սակայն, կա մի տարբերություն. հայկական լրատվամիջոցները այդքան էլ չեն կենտրոնանում Ադրբեջանի ու ադրբեջանցիների նկատմամբ քննադատության վրա, քանի որ 44-օրյա պատերազմում մեր խայտառակ պարտությունը պայմանավորված է երկրի այսօրվա իշխանություններով: Մենք հիմնականում քննադատում ենք փաշինյանական իշխանությանը՝ Արցախի գլխին բերած աղետի համար: Իսկ ադրբեջանցիները այս անգամ հաղթած կողմ լինելով, ներդաշնակ են իրենց իշխանության հետ եւ հակահայկական, հակառուսական, ազգայնամոլական քարոզչություն են անում: Ադրբեջանական մամուլը տեղեկատվական հարթակում պատերազմում է ոչ միայն Հայաստանի դեմ, այլեւ՝ հայ եւ այլազգի հանրահայտ լրագրողների: 

Արդբեջանական մամուլի քննադատությունների կիզակետում է հայտնվել մոսկվաբնակ հայազգի հայտնի լրագրող, «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Վերջինիս գրածները ադրբեջանական մամուլը համարում է հիմարություն եւ հաճախ հորդորում՝ «Մարգո, գնա տոլմա եփիր»… «Միակ խնդիրն այն է, որ նա նույնիսկ մասնագիտորեն ստել չգիտի։ Խաբեության չասված վարկանիշում նրա գլխավորած լրատվական գործակալությունը վաղուց կոտրել է բոլոր ռեկորդները և հայտնվել տեղեկատվության կեղծման հատակին: Արևմտյան լրատվամիջոցներն այս հարցում հեռու են հրեշտակ լինելուց, բայց Մարգոն, այնպիսի ռեկորդներ է սահմանել, որոնք ոչ ոք չի հաղթահարի, զզվանքը կգերազանցի»- գրում է ադրբեջանական մի լրատվամիջոց: 

Ադրբեջանցիների թիրախում են հայտնվել նաեւ Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը՝ կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Տիգրան Քեոսայանը, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրիելյանովը: Ադրբեջանական ԶԼՄ-ները նրանց համարում են քաղաքական շամաններ. «Մոսկվայում հայկական սփյուռքի քաղաքական շամանների պահվածքը սկսում է վտանգ ներկայացնել Հայաստանի և նրա ժողովրդի համար։ Նրանց պետք է պատերազմ, որը կհատի թե՛ իրենց հայրենիքի շահերը, թե՛ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը, որոնց հաշվին նրանք ապրում են։ Եվ որքան ակտիվորեն են խաղաղ գործընթացի մասնակիցները զբաղվում այդ գործով, այնքան կատաղում են Մոսկվայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ Այս բոլոր Գաբրելյանովները, Սիմոնյանները, Բաբայանները, Քեոսայանները և մյուսները, որոնց անունը լեգեոն է, ուղղակի ատելություն են տարածում։ Իսկ ջղաձգական նոպաների ժամանակ պատերազմի թմբուկները ավելի ու ավելի են զարկվում՝ ճչալով վրեժխնդրության անհրաժեշտության մասին»: 

Մոսկվաբնակ հայ լրագրողները ադրբեջանցիների կողմից մեղադրվում են ռեւանշիստական հայացքների եւ հակաադրբեջանական ու հակաթուրքական քարոզչության մեջ. «Չէ՞ որ այս բոլոր պարոնների զուտ մարդկային ռազմատենչ մոլուցքն ու ռեւանշիստական​դիվահարությունը միանգամայն հասկանալի է։ Երբ կար Ղարաբաղի հարցը, նրանք սրա վրա լավ փող էին աշխատում։ Երեւանում ստեցին, թե Կրեմլում դռները ոտքով են բացում, Մոսկվայում ականջներին փչեցին, որ Հայաստանում թարթիչների խշշոցի տակ կարող են ցանկացած հարց լուծել ցանկացած քաղաքական գործչի հետ։ Հոնորարավճարները առատաձեռն էին և՛ զուտ դրամական առումով,  և՛ կարիերայում, ինչպես Սիմոնյան-Քեոսայան քաղցր զույգը, և բիզնեսի հեռանկարներով, ինչպես Աշոտիչ Գաբրելյանովը»։

Ադրբեջանական մամուլը հրճվանքով է խոսում Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մասին: Ադրբեջանցիները նաեւ անթաքույց սպառնալիքներ են հնչեցնում հայ լրագրողների հասցեին. «Այնպես որ մոսկվահայ քաղաքական շամանները շուտով ոչ հաճելի զրույցներ կունենան «քաղաքացիական հագուստով մարդաբանների» հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Երևանը շուտով կհասկանա, որ մոսկվայաբնակ իրենց հայրենակիցներին չեն մտահոգում հայկական խնդիրները։ Հայաստանը նրանց համար եկամտի և շահույթի աղբյուր է, նրանք սնվում են այն երկրի տառապանքներից, որը նրանք անվանում են իրենց հայրենիքը։ Իսկ այս սերնդի ռեւանշիստական ​ոռնոցն ու ռազմատենչ աղմուկը ափիոն է հայ ժողովրդի համար. սկզբում թվում է, թե հաճելի է, ցավը հանգստացնում է, բայց վերջը միշտ նույնն է՝ խրամատում, քաղաքակրթության ցանկապատի տակ»։

Ադրբեջանցիների թիրախում են հայտնվել նաեւ ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը եւ ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրում է. «44-օրյա ազատամարտի ընթացքում մեկ անգամ չէ որ բարոյապես ծեծի է ենթարկվել Սեմա «Տուզիկ» Պեգովը, ով իրեն հպարտորեն «պատերազմի թղթակից» է անվանում, բայց իրականում «Աշոտիչ» Գաբրելյանովի համար պատվիրատու է։ Որպես խաբեբա՝ նրան պարբերաբար բռնում էին ստի ու խարդախության, սադրանքների ու հայանպաստ հրահանգների վրա, որից հետո ԶԼՄ-ներում նրան ծեծում էին….Աշոտիչի ղեկավարությամբ նա սովորեց իր գլխում աճեցնել ռեկորդային չափերի հակաթուրքական ուտիճներ. «Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանի թշնամիներն են», «Թյուրքական աշխարհը չարիք է Մոսկվայի համար»՝ նման կարգախոսներով Պեգովը բարձրանում է արտաքին հարթություն»։

Զավեշտ այն է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խիստ նեղվում են, որ նշյալ լրագրողները քննադատում եւ վիրավորում են Հայաստանի իշխանություններին, դավաճանության մեջ մեղադրում նրանց, ուզում  «բազմաչարչար» Հայաստանի կործանումը. «Ամեն օր նրանց հռետորաբանությունը դառնում է ավելի ու ավելի ագրեսիվ, հարձակումները Երևանի և Մոսկվայի վրա դառնում են ավելի ու ավելի վիրավորական, և նրանց բառապաշարն ավելի ու ավելի է իջնում շուկայական սկանդալի մեջ։ Նրանք չեն ամաչում Երեւանում լեգիտիմ իշխանությանը վիրավորելուց. Եվ միևնույն ժամանակ փաթաթվում են «Հայաստանի համար տառապողների լաթերի մեջ»՝ մղելով նրան նոր ռազմական արկածների, որոնց ելքն ակնհայտ է՝ այս բազմաչարչար երկրի վերջնական վերածումը ձախողված պետության, և դրանից՝ բնակչության զանգվածային արտահոսք»: