Վիտալի Բալասանյանին ու Ռուբեն Վարդանյանին մութ ուժերը փորձում են լարել իրար դեմ

Վիտալի Բալասանյանին ու Ռուբեն Վարդանյանին մութ ուժերը փորձում են լարել իրար դեմ

«Երեկ երեկոյան Վիտալի Բալասանյանի պաշտոնից հեռանալու մասին որևէ կոնկրետ խոսակցություն չի եղել, սակայն բավականին երկար ժամանակ մենք բոլորս տեսնում էինք, որ Վիտալի Բալասանյանի անձի շուրջ ինչ-որ ինտրիգներ են պտտվում, ինչը ես չեմ կապում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ: Վիտալի Բալասանյանի անձի դեմ հյուսվող ցանցը սկիզբ է առել շատ ավելի շուտ», -այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն, անդրադառնալով Արցացի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնից հեռանալու հանգամանքին:

«Պատերազմից հետո, երբ Վիտալի Բալասանյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար, այդ հանգամանքը շատերին էր զարմացրել, սակայն ոչ մեզ, ինչո՞ւ, որովհետև Արայիկ Հարությունյանն ամենախորամանկն է, Նիկոլ Փաշինյանից առավել խորամանկ: Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո իր շուրջ ստեղծված լարվածությունը մեղմելու համար Վիտալի Բալասանյանին նշանակեց այդ պաշտոնին: Արցախում կան մութ ուժեր, որոնք ստանում են հրահանգներ նույն այն կետից, որտեղից նաև հրահանգավորվում են Հայաստանի իշխանությունները: Արայիկ Հարությունյանի այս որոշումն ինձ չզարմացրեց, մեզ ավելի վատ օրեր են սպասվում: Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի ու Ռուբեն Վարդանյանի միջև թվացյալ տարաձայնություններին, ապա նման բան չկա, թե՛ Վիտալի Բալասանյանին, թե՛ Ռուբեն Վարդանյանին մութ ուժերը փորձում են լարել իրար դեմ, սակայն չի ստացվելու»,- նշեց պատգամավորը: 

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Համաձայն հրամանագրերի՝

Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը։

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը դեռեւս տարեվերջին գրել էր Վիտալի Բալասանյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Բալասանյանի ազատման պահանջը հասունացել էր Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո, քանի որ երկու պաշտոնյաների միջև փոխհարաբերություններն այնքան էլ հարթ չէին ստացվում: