ՌԴ-ն սառեցված հակամարտություններն օգտագործում է իր նպատակների համար․ Պետդեպ

ՌԴ-ն սառեցված հակամարտություններն օգտագործում է իր նպատակների համար․ Պետդեպ

Միացյալ Նահանգներն «ընդունում է այն փաստը», որ Մոսկվան ձգտում է սառեցնել հակամարտությունները և դրանք օգտագործել իր սեփական ռազմավարական շահերի համար։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք դա տեսել ենք նախորդ մի քանի հակամարտությունների ժամանակ, նման բան ենք տեսնում նաև հիմա՝ մի քանի սառեցված հակամարտությունների դեպքերում: Այդ իսկ պատճառով մենք այդքան թերահավատորեն էինք վերաբերվում Ռուսաստանի՝ Սուրբ Ծննդյան տոնի նախաշեմին Ուկրաինայում հրադադարի մասին հայտարարությանը: Մեր թերահավատությունն արդարացված է, քանի որ մենք արդեն տեսել ենք, թե ինչպես Ռուսաստանը հակամարտության ամենասկզբում կոչ արեց Մարիուպոլում հումանիտար հրադադար հաստատել, և ինչպես ինքն անմիջապես խախտեց այն»,-նշել է պետքարտուղարության խոսնակը։

Նրա խոսքով, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Մոսկվան ցանկացած դադար կօգտագործի վերազինվելու, վերախմբավորվելու և առավել դաժանությամբ նորից հարձակվելու համար:

«Մենք ցանկանում ենք տեսնել արդար աշխարհ, և դա սառեցված հակամարտություն չէ, այլ Ուկրաինայի անկախության, նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչում», - ընդգծել է Փրայսը։