Մի կողմից դոլարն է իջնում, մյուս կողմից՝ գներն են բարձրանում

Մի կողմից դոլարն է իջնում, մյուս կողմից՝ գներն են բարձրանում

Ամեն ինչ սպառողի ու քաղաքացու դեմ է։ Մի կողմից դոլարի կուրսն է իջնում՝ այսօր պատմական մինիմումին է հասել՝ 440 դրամ մեկ դոլարի դիմաց։ Իսկ գաղտնիք չէ, որ մեր ազգաբնակչության մի ահռելի մասի եկամուտը դոլարով է՝ կամ արտերկրից բարեկամներն են ուղարկում, կամ՝ դոլարով է գործարքներ կատարում։ Իսկ դա նշանակում է, որ մարդկանց եկամուտը էականորեն նվազել է։

Թվում է՝ պետք է գոնե ապրանքները էժանանային, քանի որ դոլարի կուրսն իջնում է եւ դրսից բերվող ապրանքների արժեքն էլ պետք է իջնի, ինչպես նաեւ բենզինի, գազի եւ վառելիքի մյուս տեսակների գները, սակայն զարմանալիորեն դրանք անշեղորեն բարձրանում են։ Չկա օր, որ տնտեսուհիները չհայտնաբերեն, որ խանութում այս կամ այն ապրանքը թանկացել է։ Աստղաբաշխական թվերի են հասել դիզելային վառելիքի գները, որը հիմնականում գյուղատնտեսական աշխատանքների համար է էական։ 

Արդյունքում՝ մարդկանց եկամուտներն էականորեն նվազել են, իսկ ծախսերը՝ աճել։ Այսինքն, իքս գումարով այժմ շատ ավելի վատ են ապրում մարդիկ, քան մեկ տարի, երկու տարի, առավել եւս՝ 5 տարի առաջ։ Բայց այս դոլար-դրամ տատանումները ոչ միայն շարքային քաղաքացիների վրա են ազդում, այլեւ տնտեսվարողների, հատկապես՝ արտադրություն ունեցողների։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեռավ Կենտրոնական բանկին ասելով, որ կուրսը արհեստականորեն մի պահեք՝ դա տնտեսությունը կործանելու ճանապարհն է։ Բայց դե ում ես ասում՝ լսող չկա։ 
Պարզ չէ, թե ով է շահում այս դրամ-դոլար ֆանտաստիկ թռիչքներից, եթե շարքային քաղաքացին տուժում է՝ տրանսֆերտներն են կրճատվում, տուժում է տնտեսվարողը՝ արտադրություն կազմակերպելու ծախսերն են մեծանում։ 

Երեւի միայն իշխանությունն է շահում, որը կարող է հայտարարել, թե՝ տեսեք․ դոլարի կուրսը չի բարձրանում, ուրեմն կայուն տնտեսական վիճակ ունենք եւ դա ես եմ ապահովել։