Օրենքի նախագիծը որևէ կերպ չի կանխորոշում ԳԱԱ կազմում գործող գիտական կազմակերպությունների հետագա կարգավիճակը

Օրենքի նախագիծը որևէ կերպ չի կանխորոշում ԳԱԱ կազմում գործող գիտական կազմակերպությունների հետագա կարգավիճակը

«Հրապարակ»-ի հարցազրույցը ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել  Կարաբեկյանի հետ

-Պարոն Կարաբեկյան, ԳԱԱ գիտաշխատողները դեմ են ակադեմիայի կազմից դուրս գալուն։ Նրանց կարծիքը հաշվի առնվելու՞ է։ Ի վերջո, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին այն ժամանակ էլ, հիմա էլ, դեմ են բոլոր 34 ինստիտուտները։ Ինչու՞ է նախարարոթյունը ավելի նպատակահարմար համարում ակադեմիային հասարակական կարգավիճակ տալը։
 
- Ես այդքան կատեգորիկ հարցը չէի դնի. երբ բերում եք «ԳԱԱ գիտաշխատողներ» կամ «բոլոր ինստիտուտները» ընդհանրական ձևակերպումները, դրանով իսկ արդեն բացառում եք գիտության հիմնասյունը կազմող բազմակարծությունը։ Ես թե՛ օրինագծի քննարկման ներկա փուլում, թե՛ նախորդ տարիներին բազմաթիվ շփումներ եմ ունեցել ԳԱԱ համակարգում աշխատող իմ գործընկերների հետ, ու հավատացնում եմ Ձեզ, որ ներկայացվող միակարծությունն այս հարցում, մեղմ ասած, չափազանցություն է։

Ինչ վերաբերում է կարծիք հաշվի առնելուն, ապա օրինագծի քննարկման ողջ ընթացքում մենք թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններից, թե՛ գիտական կազմակերպություններից (այդ թվում ԳԱԱ կազմում գործող) բազմաթիվ կոնկրետ առաջարկություններ ենք ստացել, որոնց զգալի մասն ընդունվել և տեղ է գտել լրամշակվող նախագծում։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության (իսկ պետք է հստակ գիտակցել, որ այս՝ ԳԱԱ կարգավիճակի քննարկման համատեքստում խոսքը հիմնականում հենց այդ մարմնի, այլ ոչ Ակադեմիայի համակարգում ներկայումս գործող գիտական հաստատությունների մասին) և մի շարք ինստիտուտների հետ հանդիպումներ են եղել, ուշադիր լսվել են նաև կարծիքները՝ նախարարն Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներին իր խոսքում շեշտել է դա և պայմանավորվածություն է ձեռք բերվել  օրինագծի տրամաբանության համատեքստում լրացուցիչ առաջարկություններ ներկայացնել։ Այնպես որ նախարարությունը մշտապես բաց է եղել կառուցողական առաջարկությունների համար։ Այլ բան է, որ միշտ չէ, որ Ակադեմիայի ղեկավարության դիրքորոշումը համընկնում է քննարկվող նախագծի ընդհանուր գաղափարախոսության հետ, որն է՝ առավելագույն պայմաններ ստեղծել գիտական և կրթական հաստատությունների ինքնակառավարման համար։ Առհասարակ, պետք է նկատի ունենալ, որ օրենքի նախագիծը որևէ կերպ չի կանխորոշում Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական կազմակերպությունների հետագա կարգավիճակը և ենթակայությանն առնչվող խնդիրները։ Օրինագիծը նախատեսում է, որ գիտական կազմակերպությունները (իսկ Ակադեմիայի կազմում գործող գիտական հաստատություններն ունեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ) կունենան կառավարման խորհուրդներ, այսինքն կունենան ինքնակառավարման ավելի բարձր կարգավիճակ՝ իրենց թե՛ կազմակերպական, թե՛ հետազոտական գործունեությունը ինքնուրույն որոշելու։

Իսկ թե ինչպես դրանք կկառուցեն իրենց հարաբերությունները, Ակադեմիայի նախագահության հետ կորոշեն ինքնուրույն։ 
 
- Նախարարությունը շեշտում է, որ ժամանակակից աշխարհում գիտությունն ու բարձրագույն կրթությունն անբաժանելի են, բուհական հատվածում գիտական հետազոտական մասը կաղում է, հիմա դուք ունե՞ք 100 տոկոսանոց երաշխիքներ, որ եթե ԳԱԱ աշխատակիցների կարծիքները անտեսվելու գնով այդ միավորումը լինի, բուհերում այդ գիտահետազոտական մասը լայն թափով ընթանալու է։ Այդ միավորման արդյունքում օպտիմալացում լինելու՞ է։
 
- Որևէ կանխորոշված օպտիմալացման եղանակ չի կարող լինել։ Օրենքի նախագծում անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբեր աստիճանների համագործակցության, ինչպես նաև ինտեգրման համար՝ գիտական կազմակերպությունների համար ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։ Իսկ թե ինչպես կընթանա այդ համագործակցությունը, որը կլինի զարգացման տեսանկյունից ամենաճիշտ ճանապարհը, կախված է առաջին հերթին հենց այդ կազմակերպությունների կառավարման արդյունավետությունից։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Ակադեմիայի կազմում գործող ինստիտուտներին։ Մի բան ակնհայտ է՝ համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի։
 
-Այն գիտաշխատողների, ովքեր կմնան նոր միավորման մեջ, աշխատավարձերի բարձրացում նախատեսվու՞մ է։
 
- Ես այլ կերպ կձևակերպեի Ձեր հարցը։ Ամենայն հավանականությամբ նկատի ունեք ոչ թե գիտաշխատողներին, այլ գիտական կազմակերպությունները։ Անկախ նրանից, թե գործունեության ո՛ր կազմակերպական ձևը կընտրի այս կամ այն կազմակերպությունը, վերջինիս բազային ֆինանսավորումը պետության կողմից կախված կլինի գործունեության արդյունավետությունից, մշակված մեթոդաբանության հիման վրա հաշվարկվող որոշակի ցուցանիշներից։
 
- Պետությունը ի՞նչ սոցիալական պարտավորություն ունի գիտության աշխատողների նկատամբ։
 
- Ծավալուն հարց եք տալիս։ Կարծում եմ, սա կարևոր, բայց առանձին քննարկման առարկա հարց է։ Այստեղ ասեմ միայն, որ օրենքի նախագիծը որոշակի երաշխիքներ է ամրագրում գիտական տևական ստաժ ունեցող գիտնականների համար։ 
 
-Օրենքը այլ փոփոխությունների է ենթարկվել, ի՞նչ նոր կետեր են մտել 2-րդ ընթերցմամբ։
 
- Ինչպես վերը նշեցի, բազմաթիվ առաջարկություններ են ներառվել օրենքի նախագծի ներկա խմբագրույթում։ Մասնավորապես, կարող եմ ասել, որ լրամշակվել է հենց Գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող հոդվածը։ Լրամշակված նախագիծը շուտով կրկին մատչելի կլինի շահակիցներին և հանրությանը։