Դուռդ փակ պահիր, որ ուրիշի չմեղադրես

Դուռդ փակ պահիր, որ ուրիշի չմեղադրես

Շարքային լրտեսների բացահայտումը ոնց որ թե մարդկանց չի հետաքրքրում և կարևորություն չեն տալիս։ Մանրադրամների ժամանակն անցել է։ Եթե երկիրը կապիտուլյացիայի տարած ղեկավարը, գերագույն հրամանատարը, շարունակում է ղեկավարել զորքը, իշխանությունը, դրա համար լուրջ ճիգեր, զոհողություններ են պետք, որ գոնե մի փոքրիկ մասսա հավատա նրան։ Մանրադրամներ է նետում, հասկանալու, թե դրանք ազդո՞ւմ են մարդկանց վրա, չնայած լավ գիտի, որ դրանք արդեն գործածությունից դուրս են եկել ու ոչ մեկին պիտանի չէ։ Հիմա նոր, խոշոր, ճռճռան թղթադրամներ են պետք։

Կեղծ թղթադրամները չեն անցնելու։ Գլխավոր պատասխանատուն ինքն է և ինքն իրեն ինչքան էլ զրահապատի տարբեր «կալիբրի պաշտոնյաներով»՝ պաշտպանվելու համար,  միևնույն է, հանրությունը թիրախավորել ու շարունակելու է թիրախավորել գլխավոր պատասխանատուին։ Ինչքան էլ միակողմանի քննիչ հանձնաժողովներ ստեղծվեն, միևնույն է, ի վերջո խայտառակ պարտության, տարածքների հանձնման ու զոհերի գինը իր վրա է։

Պիտի հատուցի՝ այսօր, թե վաղը։ Շարքային լրտեսների գոյության պատասխանատուն էլ է ինքը, ժողովրդական խոսք կա՝ դուռդ փակ պահիր, որ ուրիշի չմեղադրես։ Հավանաբար շուտով ավելի բարձր կալիբրի պաշտոնյաների անուններ կհայտնվեն լրտեսական ցանցի ցուցակում, բայց միևնույն է, հանրությանը բավարարելու է միայն հիմնական պատասխանատուն։