Իրանը սեպ է խրում Երևանի ու Բաքվի միջև․ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ

Իրանը սեպ է խրում Երևանի ու Բաքվի միջև․ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ

«Իրանը երբեք չի բողոքել Հայաստանի դեմ, որը 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական հողերը, դաժանորեն թալանել Ադրբեջանի հարստությունը։ Նույնիսկ Հայաստանին տարբեր կերպ աջակցող Իրանն այսօր մտահոգված է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացմամբ»։

Այս մասին այսօր Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան։

«Բոլորը պետք է իմանան, որ Ադրբեջանն անկախ պետություն է, և ցանկացած պետության հետ հարաբերություններ հաստատելը նրա ներքին գործն է։ Ոչ ոք իրավունք չունի միջամտելու Ադրբեջանի ինքնիշխան իրավունքներին։ 
Մենք կտրականապես մերժում ենք Իրանի խորհրդարանի կողմից մեր երկրի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները։ Մենք Իրանի խորհրդարանին կոչ ենք անում վերջ տալ Ադրբեջանի դեմ նման սադրանքներին, զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են վնասել երկկողմ հարաբերություններին»,- ասել է Գաֆարովան։

Նրա խոսքով, որոշ երկրներում որոշ ուժեր չեն կարողանում հաշտվել ադրբեջանական հողերի ազատագրման փաստի հետ․

«Նրանք զրպարտում են մեր երկրին, փորձում են հակամարտություն հրահրել տարածաշրջանում, ձախողել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը»։