Դա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք․ խաղաղության պայմանագիրը պետք է այդ հստակությունն ապահովի

Դա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք․ խաղաղության պայմանագիրը պետք է այդ հստակությունն ապահովի

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է և որոշակի հետընթաց մի շարք հոդվածներով, և որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ։ Հունվարի 4-ին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հայկական առաջարկները։

Այս մասին քիչ առաջ Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք կրկին շատ կառուցողական են։ Կարևոր են այն սկզբունքները, որոնց վրա վերջնարդյունքում հիմնված է լինելու խաղաղության պայմանագիրը։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ այլևայլության և երկիմաստության։ Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի։ Եթե երկրների միջև սահմանազատման գործընթացը կարող է երկար ժամանակ պահանջել, ապա խաղաղության պայմանագրում առնվազն պետք է լինեն այն հստակ հիմքերը, որոնց վրա հետագայում պետք է ընթանա սահմանազատման գործընթացը։ Տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունն ու հետագա սահմանազատումն այն հարցերն են, որտեղ Հայաստանը չի կարող որևէ անորոշություն թույլ տալ»,- պնդեց Միրզոյանը։