Փարաքարցիները սպառնում են միջպետական ճանապարհ փակել

Փարաքարցիները սպառնում են միջպետական ճանապարհ փակել

Փարաքար համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ սպառնում են փակել Երեւան-Էջմիածին միջպետական ճանապարհը։ Նրանք բողոքում են, քանի որ համայնքի բանուկ փողոցներից մեկում, իրենց բնակելի շենքի հարեւանությամբ ապօրինի կառուցվում է շինարարական բազա, որտեղ հետագայում պետք է քար, ցեմենտ, երկաթ եւ այլ շինապրանքներ վաճառեն, իսկ բնակիչների խոսքով իրենք չեն պատրաստվում ողջ օրն անցկացնել երկաթ կտրելու ձայների, փոշու մեջ։ Բացի այդ կառուցվող շինությունը «փակել» է նաեւ հարեւանությամբ գտնվող տներից մեկի պատուհանի տեսանելիությունը։

Մոտ մեկ ամիս առաջ սկսված շինարարությունը դադարեցվել է բնակիչների գրավոր բողոքի հիման վրա, նրանք ավելի քան 160 ստորագրությամբ դիմել են համայնքապետարան, համայնքապետն էլ տուգանել է կառուցապատողին եւ պարտադրել դադարեցնել։ Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանը մեզ փոխանցեց, որ ինքը դիմել է Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե, բայց դեռեւս պատասխան չեն ստացել․ «Այո, ինքնակամ շինություն է կառուցվել, մենք թղթերն ուղարկել ենք քաղաքաշինության կոմիտե, որպեսզի տեսնենք ինչ են ասում։ Նավեսները կապելու համար մարդիկ տուգանվել են, հիմա եթե կստանան թույլատվությունը, կշարունակեն, չեն ստանա, կդադարեցնեն։ Ասեմ, որ հողն իրենց սեփականությունն է, մարտունեցի տղաներ են, սակայն շինթույլտվություն չունեն ինչ-որ բան կառուցելու»։

Համայնքապետն ասաց, որ կոնկրետ չի հիշում, թե որ օրն է դիմել կոմիտե, սակայն վստահ է, որ մեկամսյա ժամկետը դեռ չի սպառվել։ Իսկ համայնքի բնակիչները պատրաստվում են, ամենայն հավանականությամբ, շաբաթ օրը փակել փողոցը, այդպիսով պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու իրենց խնդրին։