Նիկոլի խաղաղության խաչմերուկը

Նիկոլի խաղաղության խաչմերուկը

ՀՀ առաջին նախագահի օրոք Հայաստանում առաջ եկավ տարածաշրջանային խաչմերուկի գաղափարը: Հետո, բնականաբար, այն վերածվեց ավելի լայն հասկացության: Կազմվեց «Հայկական խաչմերուկ» անվանված երևույթի քարտեզը, սակայն այն կյանքի չկոչվեց: Որովհետև Հեյդար Ալիևն այնքան խելացի էր, որպեսզի թույլ չտար այդ գաղափարի իրականացումը: Ինչը հանգեցնելու էր Հայաստանի տնտեսական զարգացմանը՝ ածանցյալ դրական հետևանքներով: Իսկ թույլ տալու համար, բնականաբար, անհրաժեշտ էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը: Ի՞նչ խաղաղության մասին էր խոսքը, եթե հայր ու որդի (հատկապես որդին) Ալիևները քնում-արթնանում էին ռևանշի գաղափարն ուղեղում: Պետք է գար 2018 թվականը, որպեսզի Հայաստանի ղեկավարի պաշտոնում հայտնվեր մեկը, որը կյանքի կկոչեր ոչ թե հայկական, այլ ադրբեջանական խաչմերուկը հայաստանյան հողի վրա: Եվ ընդուներ պարտվողական խաղաղությունը, ինչն, օրինակ, մերժվում է Ուկրաինայի ղեկավարության կողմից, անվանելով այն խաղաղության խաչմերուկ:

Իսկ այժմ մի քանի խոսք այդ խաչմերուկի «բովանդակային» մասի առումով: Այն նախատեսվում է հյուսիսից հարավ (և հակառակ ուղղությամբ) և արևելքից արևմուտք բեռների տեղափոխման նպատակով: Սակայն կա խնդիր՝ գլոբալ առումով հյուսիս-հարավ ուղղությունն ապահովվելու է Կասպից ծովի արևմտյան ափի երկայնքով ձգվող Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգծով: Դրա շինարարությունը, որքան տեղյակ եմ, ավարտայկան փուլում է: Այսինքն, ոչ թե ողջ երկաթգծի, այլ միայն մի փոքր հատվածի, որ Ադրբեջանը կկապի Իրանի հետ: Բացի արևելյան երկրներից եկող բեռներից, այն հետագայում կարող է տեղափոխել նաև հարավից (արաբական երկրներից) եկող հոսքը: Իսկ Սյունիքով անցնող երկաթուղին ընդամենը կկապի Ադրբեջանի արևելյան մասը Նախիջևանի հետ: Ու կշարունակվի դեպի Թուրքիա: Եվ մեծ հաշվով Թուրքիայի հետ կկապի Ռուսաստանը: Այս առումով այդ ուղին ձեռ է տալիս արևելքից ու արևմուտքից մեր թշնամիներին և որոշակիորեն նաև Ռուսաստանին: Որոշակիորեն, քանի որ «հյուսիս-հարավ»-ի հիմնական ուղին, ինչպես ասվեց, անցնելու է Կասպից ծովի արևմտյան ափի երկայնքով: 

Անցնենք արևելքից արևմուտք ուղղությանը: Չինաստանից դեպի եվրոպական երկրներ բեռների փոխադրումների առումով արդեն իսկ գործում է երեք տարբերակ: Առաջինը հյուսիսայինն է, որն անցնում է Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Եվրոպական Միություն ուղղությամբ: Այն հատում է ընդամենը երեք սահման՝ անցնելով միայն ցամաքով: Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ այն չի անցնում Ռուսաստանից արևմուտք: Միջին ուղղությունը, որի մասին անընդհատ խոսվում է Ադրբեջանում, հատում է հինգ սահման: Եվ անցնում է առնվազն մեկ ծովային ուղիով՝ հատելով Կասպից ծովը: Այնուհետև շարունակվում է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գծով: Եվ եթե միջին ուղին անցնի Սյունիքով, ապա դրա անցնելիք ճանապարհը երկարում է: Իսկ Չինաստանից Եվրոպա «Նոր մետաքսի ճանապարհ» կոչված ծրագրի նպատակը բեռների անցնելիք ճանապարհը հնարավորինս կրճատելն է: Քանի որ վաղուց արդեն գործում է հարավային ուղին, որը սկիզբ է առնում Չինաստանից և ծովերով ու օվկիանոսներով հասնում է Եվրոպա, բայց որն ամենաերկարն է ու  տնտեսապես առավել ոչ արդյունավետը: Այնպես որ, չինական բեռները հաստատ կգնան այն ճանապարհով (Վրաստանով), որով արդեն գնում են 21-րդ դարի տասական թվականներից: Եվ Սյունիքով անցնող երկաթգծի ֆինանսական «քյարը» կլինի ընդամենը թուրք-ադրբեջանական ոչ մեծ ուղեվարձը: Իսկ եթե հանկարծ Իլհամը որոշի պատերազմ սկսել, ապա այդ այն «կփոխհատուցվի» ընդդեմ Սյունիքի ուղղված թուրքական սպառազինությամբ: 

Միաժամանակ նախատեսվում է, որ չինական բեռները ոչ թե զուտ Եվրոպա, այլ ուղղակի դեպի արևմուտք տեղափոխելու համար գործարկվելու է «Նոր մետաքսի ճանապարհի» հիմնական ուղղությունը: Այն կունենա մոտ 6500 կմ, որից 4000 կմ-ը կանցնի Չինաստանի տարածքով Խաղաղ օվկիանոսի ափից մինչև Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջան։ Այնուհետև այն կհատի Ղազախստանի սահմանը, կանցնի Ուզբեկստանով, Թուրքմենստանով, Իրանով, Իրաքով, Սիրիայով և Թուրքիայով, իսկ այնտեղից Բուլղարիայի, Ռումինիայի և Չեխիայի տարածքով մինչև Գերմանիա: Հիմնական երթուղուց ճյուղավորումներ կլինեն դեպի շրջակա շատ այլ երկրներ։ Եվ այս դեպքում ևս Հայաստանը չի գտնվելու հիմնական ճանապարհի վրա: Այնպես որ, Նիկոլի խաղաղության խաչմերուկն ընդամենը բլեֆ է: Իսկ հավանական պատերազմի դեպքում կվերածվի Հայաստանի նկատմամբ սպառնալիքի: