7-րդ դասարանի փորձարկվող դասագրքերից մեկում երկու աղջիկ համբուրվում են
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է Հանրակրթության պետական չափորոշիչի պահանջներին դասագրքերի համապատասխանությունը գնահատելու նպատակով ձեւավորվող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու հայտերի ընդունում: Հանձնաժողովների գործունեության նպատակն է՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարանների դասագրքերի ստեղծման մրցույթում իրականացվող փորձաքննության արդյունքում հանրակրթության պետական չափորոշիչին դասագրքերի համապատասխանության գնահատումը: Հանձնաժողովում ընդգրկվելու համար թեկնածուներ կարող են առաջադրվել կամ ինքնառաջադրվել: Յուրաքանչյուր մասնագիտական ուղղությունից ընտրվում է մինչեւ 5 թեկնածու՝ յուրաքանչյուր առարկայի համար։
Սահմանվում է դասագրքերի բովանդակային անցողիկ շեմ։ Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձ կամ որեւէ այլ ձեւով մասնակից է դասագրքի ստեղծմանը:
Հանձնաժողովները ձեւավորվում են դասագրքի ստեղծման մրցույթի բացման օրվանից երկու աշխատանքային օր առաջ՝ համակարգչում նախօրոք զետեղված եւ համակարգչի կողմից ինքնաշխատ եղանակով, պատահականության սկզբունքով ընտրված թեկնածուներից, իսկ շահերի բախում հայտնաբերվելու դեպքում թեկնածուն կփոխարինվի: Դասագրքերի փորձաքննության համար սահմանված է առավելագույնը մեկ ամիս, եւ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվելու են մինչեւ դեկտեմբերի 8-ը:
Գրականագետ, դասագրքերի հեղինակ Դավիթ Գասպարյանից հետաքրքրվեցինք՝ ցանկություն չունի՞ ինքնառաջադրվելու ձեւավորվող առարկայական հանձնաժողովներում։ «Դա այն հանձնաժողովն է, որը պետք է իրենց չարաբաստիկ չափորոշիչի պահանջներին համապատասխան դասագիրք երաշխավորի տպագրության։ Ես չեմ ցանկանում, իսկ եթե անգամ ցանկանամ էլ ընդգրկվել այդ հանձնաժողովի մեջ, նրանք ինձ չեն ընտրի, որովհետեւ շատ լավ գիտեն իմ դիրքորոշումը եւ կողմնորոշումը։ Ավելին․ սթափ մարդու հայացքով՝ այն ամենը, ինչ արվում է, աղետ է։ «Գրականություն» առարկայի 7-րդ դասարանի փորձարկվող դասագրքերից մեկում, որն ստեղծել է «Զանգակի» հեղինակային խումբը, 79-րդ էջում կա մի նկար, որտեղ երկու աղջիկ համբուրվում են, եւ դա մատուցվում է 7-րդ դասարանի աշակերտին՝ հասունացման շրջանում գտնվող 13 տարեկան երեխային։ Այն չարիքը, որ նախապատրաստվում էր, իրականացվում է, հիմա կընտրվեն հանձնաժողովի անդամներ, եւ այն չափորոշիչով, որն ինքնին աղետ է ու անեծք, պետք է դասագիրքը չափեն, ընդունեն կամ չընդունեն։ Այս պարագայում հանձնաժողովի անդամը կատարող դեր ունի, իսկ ինձ չեն ընդգրկի այդ հանձնաժողովի մեջ, որովհետեւ ես չեմ դիմի եւ կտրականապես դեմ եմ այդ չափորոշիչներին»։
Գրականագետն իր խոսքում հիշում է մոտ մեկ ամիս առաջ ԿԳՄՍ նախարարությունում առարկայական չափորոշիչների հետ կապված մի խումբ մասնագետների հանդիպումը նախարարի հետ, որին մասնակցել է նաեւ ինքը։ «Փոխնախարարուհին, որ նստած էր նախարարի կողքին, ի՞նչ ասի, որ լավ լինի: Ասաց, որ զզվում է ներկայումս դպրոցներում գործածվող դասագրքերից․․․, եթե փոխնախարարուհին զզվում է, ապա չի՞ մտածում, որ այդ դասագրքերի վրա կնիք է դրված, որ հաստատված է կրթության նախարարության կողմից, ուրեմն ինքը զզվում է իր արածից, իր հաստատածից, ինքն իրենից։ Երբ փոխնախարարուհին կիրառում է «զզվանք» բառը, կարծես ուսուցչին, աշակերտին հրահանգ տա՝ դասագիրքը չբացե՛ք, չսովորե՛ք: Այդպես չի կարելի, մենք գործ ունենք դպրոցի հետ, որտեղ Հայաստանի վաղվա հույսն է,- ասում է Դ․ Գասպարյանն ու հավելում, որ այդ օրը իրենց՝ մասնագետների կարծիքը նախարարն անտեսեց, նույնը կրկնվելու է նաեւ այդ հանձնաժողովների պարագայում։- Թող նախարարը հիշի, որ այդ աթոռին առաջինը նստել է Նիկոլ Աղբալյանը, ով դպրոցներ ու համալսարան էր բացում եւ ոչ թե փակում կամ օպտիմալացնում»:
Ինչ վերաբերում է ձեւավորվելիք հանձնաժողովներին, ապա․ «Հիմա այդ հանձնաժողովն ընդամենը պահանջելու է չափորոշիչների պահանջների իրականացում։ Եթե ճանապարհային երթեւեկություն են սահմանում, իրենց ոստիկանին դնում են, որ կարգը պահպանի։ Մենք այդպես էլ արդյունքի չհասանք, որովհետեւ այս չափորոշիչները, ըստ որոնց՝ ստեղծելու են այդ դասագրքերը, վատն են, սխալ են, եւ այդ ձեւով չի կարելի բարեփոխում անել դպրոցում։ Մինչդեռ դպրոցում բազմաթիվ այլ խնդիրներ կան, այլ բարեփոխումների կարիք, բայց ո՛չ այս ձեւով։ Իսկ մի բանը, որին ընթացք են տալիս, հետո վերանայելը, փոխելը շատ դժվար է լինում»։
Դ․ Գասպարյանը մեկ անգամ եւս ընդգծում է, որ ցանկություն չունի ընդգրկվելու այդ հանձնաժողովներում՝ օրինականացնելով դրանց որոշումները․ «Իմ ներկայությունն այդտեղ բացառվում է, իսկ նրանք, ովքեր կլինեն, բնականորեն, պիտի անեն այն, ինչ իրենցից պահանջվում է։ Նրանց ասելու են՝ սա «ճանապարհային քարտեզն» է, սա էլ «երթեւեկության կանոններն» են, որոնք պետք է պահպանեք, այլ բան չի կարող անել եւ իրավունք էլ չունի անելու։ Ես գտնում եմ, որ մենք կանգնած ենք ծանր աղետի առջեւ, եւ այն, ինչ արվում է դպրոցում՝ դասագրքերի առումով, դպրոցը տանում է կործանման։ Այստեղ միայն մեթոդական ձեւերի, ծրագրային նյութի փոփոխության հարցը չէ, որը կարելի է անել, այստեղ ամենակարեւորը՝ խախտված է գրականության պատմական զարգացման օրինաչափությունը։ Գրականությունը հաջորդական ընթացք է, ուղղություններ են փոխվում, հոսանքներ, մեթոդներ, լեզվի դրվածք, չես կարող Աբովյանին տանել Տերյանից հետո։ Մեզ սպասվում է այդ գրական աղետը, որովհետեւ գրապատմական խախտումները շատ են, իսկ գրականությունը ներկայացնելու այն ձեւը, որ ընտրել են, ասում եմ եւ կրկնում՝ գրապատմական չէ, դեռ ավելին՝ հակագրական է»։
Կարծիքներ