Վատագույն սցենարը․ ինչ կարող է պատահել Հայաստանի հետ

Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, արդեն տեւական ժամանակ, իրենց դժգոհությունն ու հիասթափությունն են արտահայտում ՀԱՊԿ-ից, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն ասում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները չպաշտպանեցին իր առաջարկած նախագիծը, եւ ինքը չստորագրեց այն՝ դրանով եւս մեկ անգամ ցույց տալով, որ կառույցի ներսում չկան միակամություն եւ դաշնակցային փոխհարաբերություններ: Չնայած այդ համատարած դժգոհությանը՝ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարում այդ կառույցը լքելու մասին: 5 տարի առաջ, երբ Փաշինյանն ու իր ներկայիս թիմը, որպես ընդդիմություն, դեմ էին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին անդամակցությանը եւ պահանջում էին, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, ինչ-որ տրամաբանություն կար. ընդդիմությունը չի որոշում եւ իրականացնում արտաքին քաղաքական կուրսը եւ դրա շրջանակներում որոշումներ կայացնում:
Հիմա լրիվ անհասկանալի վիճակ է. իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները դժգոհ են ՀԱՊԿ-ից, բայց ոչ մի գործնական քայլ չեն ձեռնարկում այդ կառույցը լքելու ուղղությամբ: Զբաղված են շարքային շանտաժով, որը ոչինչ չի տալիս ոչ միայն Հայաստանին, այլեւ այդ դժգոհողներին, բացի ծիծաղելի վիճակի մեջ դնելուց, որովհետեւ ավելի զավեշտալի տեսարան չի կարող լինել, քան այն, որ պաշտոնյան, ով իրավասու է ինչ-որ որոշում կայացնելու, ընդամենը դժգոհում է, թե ինչու այդ որոշումը չի կայացվում: Չլինի՞ թե Հայաստանն ուզում է, որ այդ որոշումն իր փոխարեն ՀԱՊԿ-ն կայացնի՝ հեռացնելով Հայաստանին:
Տպավորությունը հենց այդպիսին է, որ Հայաստանն այնքան է ուզում զզվեցնել ՀԱՊԿ-ին, այնպիսի անիրականանալի պահանջներ է ներկայացնում, որ մի պահի ՀԱՊԿ անդամ երկրները հավաքվեն եւ որոշեն, որ Հայաստանին՝ որպես անտանելի բեռ, հեռացնում են այդ կառույցից, նման առանց բռնակի ճամպրուկին, որն այլեւս անհնար է քարշ տալ եւ կարելի է առանց ափսոսանքի հրաժարվել դրանից: Մինչդեռ ավելի հավանական է, որ Փաշինյանը շատ լավ էլ հասկանում է իր համար ՀԱՊԿ-ի ոչ միայն անհրաժեշտությունը, այլեւ նույնիսկ անփոխարինելիությունը, ուղղակի, իր բնավորության համաձայն, իշխանություն լինելով, չի կարողանում հրաժարվել ընդդիմության դերից, որի ամբողջ իմաստը քննադատելն ու դժգոհելն է, կարեւոր չէ, թե ումից եւ ինչ հիմքով:
Հարցը, թե, այնուամենայնիվ, ինչու Հայաստանի իշխանությունը չի նախաձեռնում եւ իրականացնում ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց, մնում է բաց: Ի վերջո, Փաշինյանը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն եւ կարող է միակողմանիորեն անվավեր ճանաչել ՀԱՊԿ-ին Հայաստանի մաս կազմելու հետ կապված բոլոր պայմանագրերը եւ արդյունքում հայտարարել, որ իրեն հաջողվել է Հայաստանը փրկել այդ՝ ոչինչ չտվող, իր պարտավորությունների կատարումից հրաժարվող եւ Հայաստանի երթը դեպի ՆԱՏՕ եւ բացարձակ անվտանգություն խոչընդոտող կառույցից: Փաշինյանը դա չի անում մի պարզ պատճառով. ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավոր է, որ չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, բայց ապահովում է Փաշինյանի իշխանության անվտանգությունը: Որքան էլ տարօրինակ թվա, բայց այսօր Փաշինյանի իշխանության անվտանգության միակ երաշխիքը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն է:
Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, մի պահ պատկերացնենք, թե ինչ տեղի կունենա, եւ ինչպիսի իրավիճակ կստեղծվի Հայաստանում, եթե Փաշինյանն իրականացնի ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս բերելու որոշումը: Ամենայն հավանականությամբ, դրան պետք է հետեւի նաեւ Ռուսաստանի հետ բարեկամության եւ փոխօգնության պայմանագրի չեղարկումը, կամ դա կանի Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն պատասխան քայլ: ՀԱՊԿ-ից դուրս գալը ենթադրում է նաեւ հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից, քանի որ այդ կառույցներն իրար օրգանական շարունակությունն են, եւ պատահական չէ, որ ԵԱՏՄ-ին անդամակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր 6 երկրները, ոչ ավել, ոչ պակաս: ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանում, ամենայն հավանականությամբ, կսկսվի տնտեսական, սոցիալական եւ հումանիտար քաոս:
Ռուսական բանակի՝ Հայաստանից եւ Արցախից դուրս գալուց անմիջապես հետո Ադրբեջանը վերջնականապես կլուծի Արցախի խնդիրը՝ կոտորելով ու հայաթափելով Արցախից մնացած վերջին կտորը: Ադրբեջանա-թուրքական զորքերը կգրավեն Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերը, այդպիսով ոչ թե միջանցք բացելով Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ փաստացի Ադրբեջանը միացնելով Թուրքիային: Միջազգային հանրությունը խստորեն կդատապարտի այդ քայլը, Ադրբեջանին կճանաչի ագրեսոր պետություն եւ կոչ կանի՝ զորքերն անհապաղ դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից, ու կսահմանափակվի դրանով:
Երեւանը եւ Արարատյան դաշտի քաղաքները կհեղեղվեն տասնյակ հազարավոր փախստականներով, Երեւանում կսկսվեն մասսայական անկարգություններ, ու կտիրի քաոս: Քանի որ հայ-թուրքական սահմանին այլեւս չեն լինի ռուս սահմանապահներ, թուրքական բանակը, Հայաստանում անկարգությունները հանդարտեցնելու եւ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու հումանիտար նկատառումներից ելնելով, զորք կմտցնի Երեւան եւ Հայաստանի մյուս քաղաքներ: Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կհամարեն, որ թուրքական բանակը եկել է իրենց անվտանգությունն ապահովելու համար, եւ առանձնապես չեն բողոքի: Արեւմուտքը կհայտարարի, որ դա ժամանակավոր քայլ է, քանի որ Հայաստանում քաոսն ու խժդժությունները հրահրվում են Ռուսաստանի կողմից, որպեսզի հիմք նախապատրաստեն ռուսական բանակի նոր ինտերվենցիայի համար:
ԵԱՏՄ-ից դուրս գալու հետեւանքով Ռուսաստանը միանգամից կթանկացնի գազը, կթանկանա Հայաստան ցորենի, ալյուրի, սննդամթերքի մյուս տեսակների ներմուծումը, Հայաստանից արտահանվող ապրանքները կհայտնվեն պատժամիջոցների տակ: Պարենամթերքը կտրուկ կթանկանա, կսկսվեն հովհարային անջատումներ, գազամատակարարումը կվերանա: Անվտանգային քաոսին կզուգակցի տնտեսական եւ սոցիալական քաոսը: Տասնյակ եւ հարյուր հազարավոր մարդիկ ոտքով, մեքենաներով, ով ինչպես կարող է՝ կսկսի փախչել դեպի հայ-վրացական սահմանի ուղղությամբ՝ փրկվելու թուրքական յաթաղանից, սովից ու կոտորածից: Մի քանի ամիսների ընթացքում Հայաստանը գրեթե վերջնականապես կդատարկվի. երկրում կմնա մի քանի հարյուր հազար անճար ու հուսահատ մարդ, ովքեր անընդունակ կլինեն ինքնակազմակերպվելու եւ նույնիսկ մնացած տարածքի վրա պետականություն ունենալու:
Հայաստանի Հանրապետությունը դե յուրե կշարունակի գոյություն ունենալ, բայց իրենից կներկայացնի թուրքական պրոտեկտորատ, որի անվտանգությունն ու ներքին կայունությունն ապահովում են թուրքական բանակը եւ ոստիկանական ուժերը: Թուրքիան կձեւավորի ժամանակավոր ադմինիստրացիա, որի ներկայացուցիչները կհայտարարեն, որ ամեն ինչ կորած չէ, եւ տեղի ունեցածը նախկին հանցագործ իշխանությունների անհեռանկար քաղաքականության արդյունք է` նկատի ունենալով արդեն Փաշինյանին եւ նրա թիմին:
Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, հասկանում է, որ վերը նկարագրվածը ոչ միայն իրական սցենար է, այլեւ միակ հնարավորը: Հասկանում է նաեւ, որ այդ սցենարի իրականացման դեպքում իր եւ իր իշխանության կործանումն անխուսափելի է: Դրա համար էլ, որքան էլ նա շարունակի շանտաժի դիմել ու դժգոհել ՀԱՊԿ-ից, ոչ մի դեպքում ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի նախաձեռնի: Չի նախաձեռնի, քանի որ բոլորից լավ է գիտակցում, որ իր անձնական անվտանգության միակ եւ անփոխարինելի երաշխավորը ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն են:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ