Իրավասություն չունե՞ր քննարկելու

Իրավասություն չունե՞ր քննարկելու

Փաշինյան Նիկոլն ավելի քան 5 տարի զբաղեցնում է վարչապետի պաշտոնը: Որից շուրջ 3 տարին՝ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո: Վերջին երեք տարում նա ոչ միայն եռակողմ հայտարարությամբ պարտադրված պահանջներն է կատարել, այլև այնպիսիք, որ առկա չեն դրանում: Կամ էլ փորձում է կատարել նաև հիմա՝ խոսքն, այսպես կոչված, անկլավների մասին է: Բայց ասում է, թե ինքն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու ճանապարհների հետ կապված հարցեր։ Հետաքրքիր է, եթե ճանապարհի հարց քննարկելու իրավասություն չունի, ապա ի՞նչ իրավունքով էր, օրինակ, Աղավնոն հանձնում թշնամուն: Եվ Արցախի Հանրապետության կազմի մեջ մտնող այդ բնակավայրը դատարկել տալիս իր բնակիչներից: Միայն թե չասեք` հանձնողը ինքը չէր: Թե՞ արցախյան բնակավայրերը թշնամուն հանձնելու իրավասություն ունի, բայց ադրբեջանական, այսպես կոչված, հումանիտար բեռն Արցախ հասցնելու ուղիների առումով չունի: Ինչ-որ խիստ անտրամաբանական ու կողմնակալ մոտեցումներ են, այնպես չէ՞:  

Իրականում խնդիրն այլ ոլորտում է. մի ողջ պետություն ներկայացնող անձը շարունակում է, իր կարծիքով, ֆռռացնել դիմացինին: Դիմացինը կարող է լինել լրագրող՝ հայ կամ արտասահմանցի, դա կարող է լինել նույնիսկ եվրոպական որևէ պաշտոնյա: Հիշում եք, չէ՞, մի քանի տարի առաջվա իր հեղինակային՝ եվրոպական պաշտոնյաների «եվրայոնջա» անվանումը: Փաստորեն, իր ենթագիտակցության մեջ բոլորը եվրայոնջաներ են և նրանց հնարավոր է հիմարի տեղ դնել: Նույնիսկ խայտառակ պարտությունից հետո: ԱԳՆ-ի նման կառույցին էլ ստիպում է, որպեսզի վերջինս իր հայտարարություններում շրջանառի այդ անհեթեթ դրույթն իրավասության բացակայության վերաբերյալ: Բայց չի գիտակցում, որ իրականությունը լրիվ հակառակն է՝ երեկվա «եվրայոնջաներն» են ստիպում նրան քննարկել հակահայկական որևէ հարց ու հետո դա ներկայացնում որպես իր կողմից քննարկված ու ընդունված: Ու դրանով Ադրբեջանին տրամադրում հերթական հնարավորությունը մեզ խեղճացնելու: Ինչն, օրինակ, արտացոլվել էր իտալական La Repubblica պարբերականի լրագրողի հարցերում:

Ահա դրանցից մեկը. «Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ»։ Դե, թող Նիկոլն ասի, թե հանդիպման ժամանակ այդ հարցի առումով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ավելին, ավելացնի, թե իրավասություն չուներ նման հարց քննարկելու: Եվ ես էլ ընդունեմ, որ ինքն իսկապես նման հարց չի համաձայնեցրել Բրյուսելում կամ մեկ այլ մայրաքաղաքում: Սակայն հերքումի հիմնավորումն արդեն բավական է, որ ես կասկածեմ ասվածի ճշմարտացիության առումով: Իսկ ինչո՞ւ այդպես չի մտածելու հենց արտասահմանցի լրագրողը: Եվ նրա պարբերականի միջոցով այն հազարները, որ կարդալու են նրա հոդվածը: Եվ հատկապես նրանք, որ այսօր որոշում են մեր պետության ճակատագիրը: 

Զարմանալիորեն դա չի գիտակցում այդ անձը, ու շարունակում է իր անհեթեթ դատողությունները հրամցնել դիմացինին: Եվ արդեն որերորդ անգամ պետք է մտածենք, որ «յան» վերջավորությամբ հայկական ազգանուն կրող այս անձը որևէ կապ չունի հայկականության հետ: Ու գիտակցաբար սպասարկում է թշնամի երկրների շահերն` ի վնաս Հայաստանի: