Ակադեմիական քաղաք կառուցելու փոխարեն ղարաբաղցիների համար քաղաք կառուցեք, ամո՛թ է

Ակադեմիական քաղաք կառուցելու փոխարեն ղարաբաղցիների համար քաղաք կառուցեք, ամո՛թ է

Երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բոլոր բուհերից ստացված արձագանքների հիման վրա ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել բուհերի ռեկտորներին՝ պատրաստակամության, բարձր մասնակցայնության և ներկայացված առաջարկների համար.

«Բուհերն այս ընթացքում հանդես են գալիս կոնկրետ առաջարկներով և ակտիվորեն մասնակցում են աշխատանքային խմբերի քննարկումներին, ինչը շատ կարևոր է: Այժմ ընթանում են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները: Գործընկերների գնահատմամբ՝ նախատեսված տարածքը բավարար է մեր պատկերացրած ֆունկցիոնալ հնարավորությունները ստանալու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու ընդգծել՝ ուսումնասիրվում են բազմաթիվ շերտեր, իրականացվում է մանրակրկիտ աշխատանք:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային նշում է, որ Հայաստանն աչքներիս առաջ կործանվում է, իսկ այդ ամենի ֆոնին խոսել կրթության և ակադեմիական քաղաքի մասին, դառնում է անիմաստ. «Խոսում են ակադեմիական քաղաքի մասին, ես այդ գաղափարն ընդհանրապես ո՛չ ընկալում եմ, և ո՛չ էլ ընդունում: Քաղաքը երիտասարդներից զրկելը ո՞րն է, այն էլ այս վիճակում՝ ի՞նչ է նշանակում ակադեմիական քաղաք են սարքում: Թող ղարաբաղցիների համար քաղաք կառուցեն, որոնք անտուն են մնացել: Ամո՛թ է: Թող բուհերի թեման հանգիստ թողնեն: Թամանյանը նախագծել է այս տեսակի Երևան և ոչ մեկը, առավել ևս այս իշխանությունն իրավունք չունի աղավաղելու մեր քաղաքը: Ոչ ոք նրանց այդ իրավունքը չի տվել: Մեղմ ասած՝ բարոյական չէ այդպես վարվելը: Ես հիմա ռեկտոր չեմ, բայց եթե անգամ ռեկտոր լինեի, կարծիքս կլիներ նույնը: Այսօր ինձ միայն իմ Հայաստանն է հետաքրքրում, որը կործանվում է աչքներիս առաջ: Ամեն ինչ այս ամենի ֆոնին երկրորդական պլան է մղվում», - եզրափակեց նախկին ռեկտորը: