Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի  մահվան 20-րդ տարելիցին

Ով ինչ ուզում է ասի, Վազգեն, ձեզ վերացրին սեփական դիրքորոշում ու ինքնուրույն դիմագիծ դրսեւորելու համար: Դուք ձեր ինքնուրույնությամբ վախ ծնեցիք դաշնակցի հոգում: Դուք կանգնած էիք այն սահմանագլխին, որից այն կողմ անվերահսկելիությունն է: Դուք եղաք մեր ժողովրդի յուրօրինակ «մատաղը» մեր անկախության ճանապարհին: 

Ավարտեմ չեչենական թեման. պայթյունի ժամանակ Դուդաեւն անմիջապես չէր մահացել, նա գլխից վիրավոր էր, բայց նրան փրկել չկարողացան: Դա տեղիք տվեց կասկածների՝ արդյոք մահացե՞լ է, թե՞ ոչ: Երկու ամիս անց նրա փեսան՝ Սալման Ռադուեւը հայտարարեց, որ նա ողջ է, բուժվում է այլ երկրում եւ կազդուրվելուց հետո կվերադառնա: Այս հայտարարությունը նյարդային վիճակի մեջ գցեց Դուդաեւի սպանության կազմակերպիչներին ու անձամբ Ելցինին: Քաղած դասերի արդյունքում ռուսական գաղտնի ծառայությունները հրաշալի գիտեին, որ Ելցինի նմանատիպ հանձնարարությունները կատարելիս այդուհետ առանցքային նշանակություն էր ստանում ճիշտ ու ամբողջական տեղեկության ապահովումը:

Հոկտեմբերի 27-ին երեւանյան ահաբեկիչները համառորեն պահանջում էին հեռուստաեթեր. մի՞թե չպետք է ենթադրել, որ դրանով նրանք ջանում էին կատարվածի մասին շտապ եւ ստույգ իրազեկել պատվիրատուին: Նույն նպատակն էր հետապնդում երկրի նախագահի հետ հանդիպման պահանջը: Վերջինիս՝ հանդիպման գալն արդեն կնշանակեր, որ Մոսկվան իրազեկված է: Եվ եթե ակնկալվում էր Մոսկվայի աջակցությունը, ապա դա հարմար առիթ էր միջնորդավորված ձեւով ստանալու այդ օգնությունը: Հետաքրքիր կլիներ իմանալ՝ արդյոք ահաբեկիչների հետ հանդիպումից առաջ նախագահ Քոչարյանը Մոսկվային չի՞ տեղեկացրել ահաբեկիչների հետ իր հնարավոր հանդիպման մասին, եւ արդյոք այնտեղից եղե՞լ են «չեզոք» ցուցումներ ու ակնարկներ: Ի դեպ, նույնիսկ աֆրիկյան երկրներում նման պարագայում նախագահը հանդիպման կգնար անվտանգության նվազագույն միջոցներ ձեռք առնելուց հետո միայն, որի բաղադրիչներից մեկը լսող սարքի առկայությունը կլիներ: Եթե հանրությունը կասկածներ ունի Քոչարյանի հանդեպ, դրա մեղավորը հենց ինքը՝ Քոչարյանն է: Նա ոչ միայն չկարողացավ ապահովել հրապարակայնությունն այդ հարցում, այլեւ երկրին պատուհասած այդ աղետից հետո քիչ ջանք չթափեց հոկտեմբերի 27-ը մոռացության մատնելու համար: Շա՜տ կասկածելի վարքագիծ:

Առաջին օրերի անթաքույց շփոթմունքից հետո նրա այդ աչք ծակող ինքնավստահությունը կարող էր արդյունք լինել մի բանի. Նա, հավանաբար, վերջնական երաշխիքներ էր ստացել, որ Կրեմլը շարունակելու է հետայսու եւս նրան համարել իր հենարանը տեղում: Դժվար է ասել, թե ով ում արածի հանդեպ էր աչք փակում, բայց ակնհայտ է, որ կատարվեց ինչ-որ գործարք: Փաստը մնում է փաստ, որ հոկտեմբերի 27-ի «ավարը» բաժանվեց Ռուսաստանի ու Քոչարյանի միջեւ: Հայաստանի ռազմավարական օբյեկտների ձեռքբերման դիմաց Ռուսաստանը Քոչարյանին տրամադրեց կանաչ լույս ներքին քաղաքականության մեջ ինքնուրույն լինելու եւ անձնական խնդիրներ լուծելու հարցում: Հայաստանը Ռուսաստանի համար դարձավ ոչ միայն կանխատեսելի, այլեւ՝ կառավարելի:
Ձեռք բերված ինքնավստահության հետ մեկտեղ, Քոչարյանի մոտ զգացվում էր որոշակի կաշկանդվածություն: Կարծես ինչ-որ բանի համար նրան մեղադրել էին, իսկ նա արդարացել էր՝ «մեղքը» գցելով մեռածների վրա: Այլապես անհասկանալի էր նրա սառը վերաբերմունքը Դեմիրճյանի ու հենց քո նկատմամբ, Վազգեն: Նա քաշվում էր այցելել քեզ, ա՛յն ընկերոջը, որի ուսերին ոտքը դնելով՝ բարձրացավ հայկական իշխանության Օլիմպոս, որն այլ պարագայում անհնարին կլիներ:

Ի դեպ, տարօրինակ է նաեւ Ռուսաստանի ղեկավարության այսօրվա պահվածքը: Անհասկանալի ու շատ կասկածելի է դաշնակից պետության հետ հարաբերությունները պայմանավորելը նախկին պաշտոնյայի նկատմամբ գործող իշխանության վերաբերմունքով: Ի՞նչ է թաքնված այդպիսի վերաբերմունքի ներքո: Գուցե մտավախությո՞ւն կա, որ նա կխոսի «արգելված» թեմայի մասին: Կասկածն այնպիսի բան է, որ չի վերանում ցանկությամբ: Առավել եւս, երբ անցյալի որոշ փաստեր մղում են լուրջ մտորումների: Օրինակ, ինչո՞վ բացատրել, որ այն օրերին գաղտնալսման սարքեր էին հայտնաբերվել քո իսկ աշխատասենյակից: Այդ մասին ինձ պատմել է իրազեկ մարդկանցից մեկը: Ո՞վ էր քեզ հետեւում եւ ինչո՞ւ: Ուրեմն քո քայլերն ու խոսակցությունները եղել են վերահսկողության ներքո եւ զեկուցվել ինչ-որ մեկի՞ն: Ո՞ւմ: Առաջին հայացքից կարելի է մտածել, որ այդ մարդը Հայաստանից է, ու այն իրականացվել է ծառայության ղեկավարի կողմից: Նույն հաջողությամբ դա կարող էր իրականացվել հենց մոսկովյան գործակալների միջոցով, որոնց մասին մեզանում կարող է տեղյակ էլ չլինեին: Տեսնո՞ւմ ես, թվում էր, թե մեր զրույցի ընթացքում անդրադարձանք բոլոր կասկածելի վարկածներին: Իրականում, ծնվում են օժանդակ հարցեր, որոնց պատասխաններ գտնելը հեշտ չէ:

Թեեւ հարցականները շատացան, բայց հոկտեմբերի 27-ի բացահայտումն անխուսափելի է: Դա մեր պետության գերխնդիրներից է, որը երկու տասնամյակ հանիրավի թողնվել է ստվերում: Բացահայտումը միայն պետության ու ժողովրդի արժանապատվության հարցը չէ: Դա ազգային անվտանգության խնդիր է, առանց որի մեր անկախությունը դատապարտված է տեղապտույտի: Որքան էլ դաժան լինեն բացահայտման արդյունքները, դրանցից կախված կլինեն մեր հետագա քայլերը: Դա կլինի հաջորդ մեծադղորդ դատավարությունը մեր երկրում, որը կազմակերպիչներից զատ կբացահայտի նաեւ նրանց, ովքեր երկրի ներսում օժանդակեցին կամ իրենց հանցավոր անգործությամբ նպաստեցին ոճրի իրականացմանը: Պետք է գտնել կծիկի թելն ու համբերությամբ, համառությամբ գնալ պարզաբանման ճանապարհով: Այլապես այսօր էլ այնպիսի տպավորություն է, ասես դարձյալ հին ու անտեսանելի մի ձեռք, խախտելով պետականությանն առնչվող խնդիրների առաջնահերթությունը, թաքնվելով ընթացող դատավարությունների մշուշի ու աղմուկի ներքո, ոչ միայն հանրության ուշադրությունն է նրբորեն շեղում հոկտեմբերի 27-ից, այլեւ ժամանակի վրա խաղալով՝ հույս տածում, որ իրադարձությունների զարգացման որոշակի տարբերակի դեպքում հասարակությունը կհոգնի ու կօտարվի նոր դատավարության իրականացման պահանջատերը լինելուց: 
 

Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ