Հայաստան տեղափոխված ընտանիքը կրկին վերադառնում է Չեխիա

Հայաստան տեղափոխված ընտանիքը կրկին վերադառնում է Չեխիա

«Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել Չեխիայի քաղաքացի Թորգոմ Տեր-Մկրտչյանը, ով «թավշյա հեղափոխությունից» հետո, լսելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, թե մեծ ներգաղթը հայկական երազանք է, եւ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստ են օգնել ու աջակցել հայրենիք տեղափոխվածներին, որոշել եւ ընտանիքով տեղափոխվել է Հայաստան ու բախվել դառը իրականությանը եւ հիմա պատրաստվում է վերադառնալ Չեխիա։ Միայն թե իր ռոմանտիկ պոռթկման արդյունքում ընտանիքը թե՛ Չեխիայում, թե՛ Հայաստանում գույք է կորցրել ու ձեռք բերել զգացողություն, որ «այլեւս երբեք նման հիմարություն չի անի»։

Հայկական դաժան իրականությանը նախ բախվել է դեռ այն ժամանակվա սփյուռքի նախարարությունում՝ աջակցություն ակնկալելով աշխատանք գտնելու հարցում։ Ոգեւորված պատմել է, որ Չեխիայում թողել է պետության կողմից հատկացված բնակարանը, անգլերենի ուսուցչի աշխատանքը, եկել է այստեղ եւ հայտնվել բացարձակ անպաշտպան վիճակում՝ չաշխատող ամուսիններ եւ 2 փոքր երեխա։ Սփյուռքի նախարարության աշխատակիցներից մեկի մոտ համարձակվել է վկայակոչել վարչապետի՝ հայրենիք վերադառնալու հրավերը․ «Ասեք տեսնեմ, թե ինչ աջակցության մասին է խոսքը»։

Այստեղ Թորգոմին կոպտել են, ասել՝ ի՞նչ է իրեն երեւակայել, ո՞վ է ինքը, ինչո՞ւ է որոշել, որ պետք է գա ու պահանջներ դնի։ «Ես իրենց ասում եմ՝ հաշվի առեք, որ մյուսներին դեպորտ են անում, ես իմ կամքով եմ եկել, ամեն ինչս թողել եմ, բնակարանը Պրահայում հանձնել եմ, հիմա դուք ասում եք՝ դու ով ե՞ս։ Վերջապես դուք պետք է հաշվեք այն, որ մարդը 11 տարի ապրում է բարեկեցիկ պայմաններում, եկել է ու մեղավոր էլ չէ, որ ուզում է իր հայրենիքում ապրել, բայց գոնե մեկ քայլ արեք։ Ինձ ասում է՝ չէ, Դուք պետք է անեք։ Ես էլ ասում եմ՝ եթե ես պետք է անեմ, բա դուք ինչի՞ համար եք, ինչի՞ եք լույս վառում, ո՞վ է այս լույսի փողը տալու»։
Սփյուռքի նախարարության այդ երկու պաշտոնյաների անուն-ազգանունը չեխիահայը չի հիշում, բացառությամբ մեկի՝ Գագիկ։

Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում Թորգոմը հասցրել է նամակներ գրել թե՛ Մխիթար Հայրապետյանին, թե՛ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին, թե՛ Աննա Հակոբյանին եւ թե՛ Նիկոլ Փաշինյանին ու նախագահ Արմեն Սարգսյանին եւ անգամ՝ կրթության նախարարությանը։ Ոչ մի արձագանք։ Իսկ երբ գնացել է կառավարության դիմումների ու նամակների բաժին՝ հերթական նամակը հանձնելու, աշխատակիցներն ասել են․ «Եթե չեք կարողանում ապրել, պարզ է, որ պետք է հետ գնաք»։

Թորգոմն ասում է․ «Իմ մոտ էն տպավորությունն է, որ դու ծանոթ ունես՝ ունես, չէ․․․ սա նախկին Հայաստանն է․․․ իրենք անընդհատ խոսում են այն մասին, որ մենք պատրաստ ենք, թող գան․․․ ես ասում եմ՝ ձեզնից ո՛չ հաց եմ ուզում, ո՛չ ջուր, ո՛չ մի բան․․․ դուք պարտավոր եք մարդուն ընդունել եւ ինչ-որ մի բան տալ․․․»։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի հայտնի հանրահավաքում եւս Նիկոլ Փաշինյանը «ցեղասպանություն», «Արարատ լեռ» եւ սփյուռքի համար այլ ականջահաճո թեմաների մասին խոսելուց հետո ելույթը եզրափակեց կոչով՝ «գալ Ամանորը եւ Սուրբ ծնունդը մայրաքաղաք Երեւանում նշելու»։

Թորգոմ Տեր-Մկրտչյանին հարցրինք՝ ինքը եկել է կամավո՞ր, թե՞, այնուամենայնիվ, դեպորտ են արել։ Պարզվեց՝ նա Չեխիայի քաղաքացի է, ուր պատրաստվում է հունվարին կրկին վերադառնալ․ «Պարզապես էդքան հեշտ չէ, երեխաները, էդքան ունեցվածքը․․․ կեսը թողել, կեսը թափել, հետո գալ՝ այստեղ թափել, հասկանում եք, թե ինչքան ֆինանսական խնդիրներ կան, էն էլ այն դեպքում, որ չեմ աշխատում։ Եվ նաեւ բնակարանը, որ չեխական պետությունը շատ էժան տվել էր ինձ, հիմա էլ չկա, եւ ես պետք է գնամ կրկնակի, եռակի վարձ տամ»։ Նա ասում է, որ Չեխիայում բնակվող երկու հայ ընտանիք իրենցից հետո ցանկացել են վերադառնալ հայրենիք, սակայն տեսնելով իրենց վիճակը՝ հետ են կանգնել այդ մտքից։