Եթե 44-օրյայից հետո փոխվեր ՀՀ իշխանությունը…

Եթե 44-օրյայից հետո փոխվեր ՀՀ իշխանությունը…

Հետաքրքիր է, որ «ՀԱՄԱՍ» շարժման զինյալների հարձակումն Իսրայելի հարավային շրջանի վրա իրենց կողմից չբնորոշվեց որպես ինթիֆադա (արաբերեն՝ ապստամբություն): Մինչ այդ, ինթիֆադայի արդեն երեք փուլ էր հանրահռչակվել՝ վերջինը 2017-218 թվականներին: Չնայած հայտարարվեց, որ սա իրենց ազատագրական վերջին պայքարն է ընդդեմ Իսրայելի: Իսրայելի տարածք ներթափանցումն ավելի շատ նմանվեց ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբերի (տվյալ դեպքում՝ մեկուկես տասնյակ) կողմից իրականացված գործողություններին: Մեկուկես տասնյակ, քանի որ ռուսախոս տելեգրամ ալիքներում նշվեց, որ Իսրայելի հարավային մասը Գազայից առանձնացնող մետաղե ցանկապատը ճեղքված է եղել 14 տեղից: Սկզբում խոսվում էր մի քանի հարյուր պաղեստինցիների ներթափանցման մասին, իսկ հետո այդ քանակը հասցվեց 1000-ի: Զինյալների նպատակը հնարավորին շատ իսրայելցի զինվորական սպանելն էր ու տեխնիկա ոչնչացնելը: Ինչպես նաև զինվորականների ու քաղաքացիական անձանց գերեվարելը և Գազայի հատված վերադառնալը: Ինչը և նրանց կողմից կատարվեց բարձր պրոֆեսիոնալիզմով: 

Ասվում է, որ ռազմական գործողությունը նախապատրաստվել է շուրջ 1 տարի: Զարմանալի է, որ իսրայելական հետախուզական ծառայությունը՝ Մոսադը, իրեն ոչ հատուկ պասիվ վարքագիծ է դրսևորել: Նույնիսկ ասվում է, որ եգիպտական գործընկերները նրան զգուշացրել են, որ ինչ-որ բան է ծրագրվում ընդդեմ Իսրայելի, բայց դա բանի տեղ չի դրվել: Համացանցում առկա բազմաթիվ տեսանյութերից մեկում էլ 2-3 տարի առաջ զորացրված՝ Ցախալի (իսրայելական բանակի) նախկին կին զինվորի ասելով ինքը օրական 6 ժամ աչքը չի կտրել մոնիտորի էկրանից: Սակայն այս անգամ որևէ ձևով չեն արձագանքել ցանկապատը ճեղքելուն՝ նույնիսկ 1-2 ժամ անց: Ենթադրում եմ, որ վերջին մի քանի տարում կենդանի օպերատորները փոխարինվել են արհեստական բանականության սենսորներով: Ենթադրությունս հիմնված է այն հանգամանքի վրա, որ բարձրաձայնվեց իսրայելցի նախարարներից մեկի կողմից: Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ վերջինս հայտարարեց, որ իր երկիրը խնդիր է դրել կարճ ժամանակում աշխարհում զբաղեցնել երրորդ հորիզոնականն արհեստական բանականության զարգացման գծով:
Համացանցում էլ արդեն խոսվում է, որ Մոսադն ու Ցախալն իրենց պահել են այդպես պասիվ, որպեսզի առիթ ունենան ջախջախելու «ՀԱՄԱՍ» շարժումը: Մի-երկու հոգի էլ ավելի առաջ են գնացել. դա արվել է, ըստ իրենց, որպեսզի հակամարտության մեջ ներքաշեն Իրանին ու վերացնեն այնտեղ գոյություն ունեցող վարչակարգը: Աչքիս այդ մարդիկ ամեն ինչ հաշվարկում են փոքր ու թույլ Հայաստանի պրիզմայով: Նախ, շարժումը վերացնելու մասին կամ նույնիսկ Գազա հատվածի մայրաքաղաք Գազան հիմնովին ավերելու մաին, ինչը կատարվում է հենց այս տողերը գրելիս: Գազայում ապրում է 2 միլիոն մարդ՝ պլյուս-մինուս: Եվ եթե թեկուզ հիմնահատակ ավերվի այն, ապա այդ տարածքի արական բնակչության 10-20 տոկոսը բավարար է, որպեսզի Իսրայելն այլևս կամ շատ երկար ժամանակով խաղաղություն չտեսնի: Ի դեպ, Իրանի վրա հարձակման դեպքում, ինչպես արդեն հայտարարվել է այնտեղ, Իսրայելը կրկին ստիպված կլինի դիմակայել երեք կողմից հարձակմանը:   

Այդ տեսության առումով չպետք է աչքաթող արվի նաև հակադարձ երևույթը. խոսքը իսրայելցի զինվորականության ոգու մասին է: Այս հակամարտությունից հետո, ինչպես էլ այն ավարտվի, նրանց ոգին այլևս չի լինի նախկինը: Իսկ դրա արժեքը մենք շատ լավ գիտենք: Երկրորդ, որ  ածանցված է առաջինից և միաժամանակ պայմանավորում է այն. Մոսադն ու Ցախալը թե՛ ողջ աշխարհում և թե՛ հատկապես իրենց երկրում այլևս չեն ունենա այն հեղինակությունը, որ ունեցել են մինչև ս. թ. հոկտեմբերի 7-ը: Ինչը նշանակում է, որ Իսրայելն այլևս չի ընկալվի որպես անվտանգ երկիր, ինչն առկա էր մինչ այդ օրը: Ինչը հարվածելու է նաև տնտեսությանը՝ թե՛ ձեռնարկությունների գործունեության և թե՛ տուրիզմի առումով: Հատկապես բժշկական տուրիզմի առումով:

Վերջաբանի փոխարեն. Այս օրերին նույնիսկ ռուսախոս ուկրաինական տելեգրամ ալիքներում խոստովանում են, որ պաղեստիցի զինյալների ձեռքում հայտնվել են այնպիսի զենքեր, որ մատակարարվել են Ուկրաինային արևմտյան երկրների կողմից: Ինչի մասին ժամանակին զգուշացնում էին նույնիսկ արևմտյան լրատվամիջոցները: Եվ նույնիսկ, եթե հիշողությունս չի դավաճանում, բրիտանական հետախուզությունը: Այդ երևույթին, ի դեպ, անդրադարձել եմ նաև ես «Հրապարակ»-ի էջերում:

Հ. Գ. Թեթև սպառազինությամբ պաղեստինյան զինյալների վերին աստիճանի պրոֆեսիոնալ գործողությունը վկայեց, որ Արցախը վստահաբար կմնար հայկական, եթե 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո անմիջապես փոխվեր մեր երկրի իշխանությունը: