Կենդանաբանական այգի մուտք չեն ունենալու մարդիկ, որոնք զբաղվում են կենդանիների առքուվաճառքով

Կենդանաբանական այգի մուտք չեն ունենալու մարդիկ, որոնք զբաղվում են կենդանիների առքուվաճառքով

Այն բանից հետո, երբ շաբաթներ առաջ թափառող շների ոհմակը ներթափանցեց Երեւանի կենդանաբանական այգի, ինչի հետեւանքով 3 կենգուրու եւ 3 մուֆլոն անկեցին, այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարական տվեց։ Արդեն օրեր առաջ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նախկին փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը:

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանից հետաքրքրվեցինք, թե այգու ցանկապատի հարցը երբ է լուծվելու՝ հաջորդիվ կանխելու թափառող շների հարձակման նոր դեպքերը։ Փոխքաղաքապետը նշեց, որ հիմա նախագծանախահաշվային աշխատանքներ են տարվում, եւ չափագրումն արդեն իրականացվել է․ «Տարածքը մեծ է, եւ բավականին ժամանակ կպահանջվի դրա համար, միաժամանակ՝ արագ լուծում է պետք։ Մենք այգու ղեկավարության հետ քննարկել ենք այս հարցը, եւ ժամանակավոր լուծման համար քաղաքապետարանը գումար կհատկացնի, եթե հնարավոր լինի, մինչեւ տարեվերջ այդ ժամանակավոր լուծումը կտրվի, բայց, բնականաբար, հիմնական աշխատանքները պետք է տարվեն նախագծանախահաշվային աշխատանքները կատարելուց հետո, երբ հասկանանք, թե ընդհանուր ինչքան գումար է անհրաժեշտ այգու մոտավորապես 4 կմ երկարությամբ ձգվող շերտը պարսպապատելու համար»։

Այնուամենայնիվ, կա՞ մոտավոր հաշվարկ, թե ինչ գումարի մասին է խոսքը։ «Գումարի մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ լինի նախագիծ-նախահաշիվ, իսկ այգու տարածքը բավականին դժվարամատչելի է հատկապես վերեւի հատվածներում։ Հենց արվեն այդ աշխատանքները, եւ մենք ունենանք նախագծանախահաշվային փաթեթը, նոր կկարողանանք խոսել գումարի չափի մասին»։ Մի քանի տարի առաջ քաղաքապետարանի կողմից այգին վերանորոգվեց, ինչո՞ւ այն ժամանակ այդ ցանկապատը չդրվեց։ Վիրաբյանը կարծում է, որ այդ ժամանակ առաջնահերթությունները ճիշտ չեն գնահատվել, եւ կարելի էր առաջնային լուծել այգու ցանկապատման հարցը, որովհետեւ կենդանիների անվտանգությունն առաջնային է։

Այն, որ այգու գոյության 80 տարիների ընթացքում երբեք տարածքը չի ցանկապատվել, Տ․ Վիրաբյանն իր բացատրությունն ունի․ «Կար ժամանակ, որ նույնիսկ ազատավանդակներ չկային Կենդանաբանական այգում, եւ կենդանիները պահվում էին փոքր, փակ վանդակներում, եւ գուցե այդ ժամանակ դրա անհրաժեշտությունը չեն տեսել, բայց երբ կառուցվեցին ազատավանդակներ, եւ հնարավոր եղավ կենդանիների կոնտակտը դրսի հետ, շատ ավելի ճիշտ կլիներ, որ առաջնային լուծվեր պարսպի հարցը»։

Այգու արդեն նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականից հետո, թեպետ քաղաքապետարանն այգու շուրջ ցանկապատը չկառուցեց, բայց այգի ներխուժող թափառող շների եւ կենդանիների անկման դեպքերը, զարմանալիորեն, դադարեցին, այն դեպքում, որ Ռ․ Խաչատրյանը մատնանշել էր մարդկային գործոնի միջամտությունը․ «Ես չեմ կարող խոսել ենթադրություններով եւ չէի ուզենա հավատալ, որ մարդկային գործոնի ներկայությունը եղել է, գոնե որպես անձ՝ չէի ուզի հավատալ, որ ունենք մարդիկ, որոնք իրենց հարցերը փորձում են լուծել կենդանիներին վնասելու միջոցով»։ Այդուհանդերձ, փաստ է, որ զեբրին մի քանի ամիս առաջ մկնդեղով թունավորեցին։ «Այո․․․ բայց կարծում եմ՝ այն միջոցառումները, որ հիմա ձեռնարկված են Կենդանաբանական այգում, մեծապես օգնում են, որպեսզի մենք այդ ժամանակահատվածում կարողանանք ապահովել կենդանիների անվտանգությունը, դա ե՛ւ անվտանգության աշխատակիցների կազմի մեծացումն է, ե՛ւ հավելյալ պահակային խմբերի ներգրավումը, ե՛ւ աշխատակիցների սթափությունն ու զգոնությունը»,- ասում է Վիրաբյանը, ում կարծիքով՝ թափառող շների հարձակումներն այգու վրա դադարեցել են, քանի որ քաղաքապետարանը կարողացել է բարելավել աղբահանության վիճակը։ «Սա քննարկվող վարկածներից մեկն է»,- ասում է Վիրաբյանն ու նկատում, որ վերջին մեկ տարում քաղաքապետարանը նաեւ ստուգում է իրականացրել Կենդանաբանական այգում։ Միաժամանակ տարբեր գործեր են քննվում, ստուգումների արդյունքները կհանրայնացնեն, երբ դրանք ավարտին հասցվեն։      

Զեբրի դեպքում փորձաքննությունը պարզեց, որ կենդանին մկնդեղով է թունավորված եղել, կենգուրուների եւ մուֆլոնների դեպքում ՍԱՏՄ հաղորդագրության մեջ գրված է, որ կենդանիներն անկել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով, եւ առկա են եղել «պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր»․ սա արդյոք նշանակո՞ւմ է, որ այս դեպքում էլ առկա է մարդկային գործոնը։ «Եզրակացության մեջ գրված է, որ անկումները տեղի են ունեցել ծակող միջոցների հետեւանքով, բայց կենդանու ատամն էլ կարող է լինել ծակող միջոց, այսինքն՝ չի ասվում հենց գործիք»։  

Վիրաբյանն ընդգծում է՝ Կենդանաբանական այգի երբեք մուտք չեն ունենալու մարդիկ, որոնք զբաղվում են կենդանիների առքուվաճառքով, որոնք կենդանիներին օգտագործում են իրենց սեփական շահերի համար․ «Եվ որոնք կենդանիներին օգտագործում են բազմապիսի հարթակներում գումար վաստակելու համար, որովհետեւ կենդանիները շահագործման ենթակա չեն։ Այն մարդիկ, որոնց գաղափարները, կառավարման մոտեցումները կհամընկնեն Կենդանաբանական այգու որդեգրած քաղաքականության հետ, այդ մարդիկ կլինեն մեր ուշադրության կենտրոնում եւ մեր կողքին, իսկ այն մարդիկ, որոնց նպատակներն այլ են, տեղ չունեն մեր շարքերում»։

Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի ժամանակացույցի համաձայն՝ մինչեւ 6-ամսյա ժամկետում․ «Պետք է հասնել կառավարման այնպիսի մակարդակի, որ կազմակերպություններում տնօրենի փոփոխությունները չդառնան ցնցումների առիթ եւ չազդեն ներքին աշխատանքների վրա»։

Իրանից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, որն առաջիկայում՝ փաստաթղթային կարգավորումներից եւ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի այգու փոխտնօրենի պաշտոնը: Վիրաբյանն ասում է, որ Իման Մեմարիանն իր համաձայնությունը տվել է, ուղարկել է աշխատանքային կենսագրությունը, փաստաթղթերի խնդիրը կարգավորելուց հետո փորձաշրջան կանցնի, որը հաջող ացնելուց հետո նրա հետ կկնքվի պայմանագիր։