Պատերազմի տանող խաղաղության ճանապարհը

Պատերազմի տանող խաղաղության ճանապարհը

«Հայաստանի բնակչությունը խանդավառված վստահում է եւ կհետեւի իր առաջնորդին: Եթե Նիկոլ Վովաեւիչը վաղն ուղիղ եթերում ասի. «Ժողովուրդ, մենք հիմա պետք է գնանք Բաստիլը գրավելու, բոլորը դուրս կգան իրենց տներից եւ կհետեւեն նրան»»,- նոյեմբերի 24-ին ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հպարտորեն ընդգծել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: 
Մենք՝ շարքային քաղաքացիներս, ոչ միայն բարձր ենք գնահատում ԱԺ փոխնախագահի քաղաքական մտքի այդ թռիչքը, այլեւ երախտապարտ ենք, որ նա Նիկոլ Վովաեւիչին առաջարկում է գրավել ընդամենը ֆրանսիական Բաստիլը, որն այժմ ընդամենը փարիզյան հրապարակ է՝ բարձր հուշասյունով, եւ չի հուշում գրավել Էվերեստը: Հակառակ դեպքում մենք՝ ՀՀ հեղափոխական քաղաքացիներս, Նիկոլի կոչին հետեւելով՝ պետք է ազգովին արագ հասցնեինք մարզվել՝ Էվերեստ մագլցելու համար:

Իրականում, ԱԺ փոխնախագահի այս դիտարկումը ծնվել է այն մեծ մոլորությունից, ուր հայտնվել է ողջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ չտեսնելով օրըստօրե աճող հասարակական հիասթափությունն ու դժգոհությունը հեղափոխական իշխանությունից եւ առաջին հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Սակայն սա Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի միակ մոլորությունը չէ: Հարցազրույցի շարունակությունը վերահաստատում է մյուս վտանգավոր մոլորությունը, ուր հայտնվել եւ դեպի ուր փորձում է հրել մեր պետությունը Փաշինյանի իշխանությունը: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ ԱԺ փոխնախագահը կրկնում է ՀՀ գործող վարչապետին՝ «Մենք պատրաստ ենք երկխոսության. ինչպես ասվել է՝ որոշումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար»:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը, «Քաղաքացիական պայմանագիրը» եւ Ազգային ժողովը առաջիկայում պատրաստվում են հայ ժողովրդին «առաջնորդել» դեպի վտանգավոր խաղաղություն, դեպի հայ-ադրբեջանական «հաշտեցում եւ բարեկամություն»: Հայաստանը Ռուսաստանին հպատակեցնելու հետ սա Փաշինյանի արտաքին քաղաքական ուղեգիծն է եւ վտանգավոր մոլորությունը: 

Նիկոլին մեծարելու, խաղաղության նրա վտանգավոր քաղաքականությունը սատարելու հարցում Ալեն Սիմոնյանից առաջ է անցնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ անդամ՝ ներկա ՔՊ-ական, նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը, որը նոյեմբերի 21-ին, «24TV»-ին տված հարցազրույցում ընդգծում է. «Արցախի հետ կապված վարչապետի մեկ արտահայտած միտքը, որը որպես ուղերձ էր ամբողջ աշխարհին, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի թե՛ Արցախի ժողովրդի համար, թե՛ Ադրբեջանի համար: Այսպիսի քաղաքական համարձակ պահվածքը չի կարող ընդունելի լինել բոլորի համար. այս նախադասության համար Նիկոլ Փաշինյանին պետք է ներկայացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի»:

Փաստորեն, դեռ չազատված Փաշինյանի «օջախի եւ ընտանիքի» պարտադրված եւ պարզունակ քարոզչությունից, մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, փորձում են հրել դեպի մեկ այլ՝ արդեն ոչ միայն պարզունակ, ոչ միայն անհեռանկար, այլեւ ծայրահեղ վտանգավոր պացիֆիզմի քաղաքականության պղտոր հորձանուտը:

Խաղաղության Նոբելյան մրցանակը 1901թ. ի վեր շնորհվում է նրանց, «ովքեր կատարել են ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը՝ ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման եւ խթանման համար»: Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ, «խաղաղասիրական եւ հաշտեցման» գործունեությամբ հայտնի Դեւիդ Թրիմբլի, Կիմ Դե Չժունի, Դենի Մուքվեգեի, Իցհակ Ռաբինի դափնիներին հավակնող ՔՊ առաջնորդը հանուն հայ-ադրբեջանական հաշտեցման եւ բարեկամության, հանուն Նոբելյանի մրցանակի ինքնախաբկանքի պարտվողական քաղաքականություն է հռչակել եւ փորձում է իրականացնել այն: 

Պացիֆիզմի այս քարոզչության եւ քաղաքականության նախաձեռնողն իրականում Նիկոլ Փաշինյանի կինն է՝ մի քանի հիմնադրամների նախագահ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխ. խմբագիր Աննա Հակոբյանը, որ տարբեր քաղաքներից եւ ամբիոններից սպիտակ դրոշ է պարզել, դրել Մայր Թերեզայի գլխարկը եւ պացիֆիզմի քարոզչություն նախաձեռնել: Աննա Հակոբյանը ոչ միայն ՀՀ փոխվարչապետի գործառույթներ է իրականացնում, այլեւ արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի: Պաշտոնական հաղորդագրություններով, օրեր առաջ նա մեկնել էր Լիտվա, որտեղ հանդիպել էր այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ, ապա մեկնել էր Իսլանդիա՝ «Կին առաջնորդների» ֆորումին մասնակցելու, իսկ օրերս այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերը։

«Կանանց հասարակական-քաղաքական ակտիվությունը» խրախուսող Նիկոլ Փաշինյանը շարունակում է կնոջ «խաղաղասիրական» նախաձեռնությունը: Այդօրինակ քարոզչության հետեւանքով են ՔՊ-ական եւ ՔՊ-ամերձ շրջանակներն ուրանում ղարաբաղյան պատերազմի հերոսներին,  պետական մակարդակով Բաքու գործուղում ոչ միայն լրագրողների, այլեւ՝ ԱԺ պատգամավորների: Այդ քաղաքականության ջանադիր իրականացման հետեւանքով են հայոց լեզուն եւ պատմությունը բուհական համակարգից դուրս մղվում, ապազգայնությունը պարզում որպես դրոշ՝ այն ծածանելով ծիածանագույն դրոշի հետ:

Նիկոլ Փաշինյանն այժմ առաջարկում է հայ ժողովրդին երկխոսություն սկսել եւ հաշտեցում նախաձեռնել Հայաստանի ռազմաքաղաքական թշնամի Ադրբեջանի հետ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փաշինյանական մոտեցումն անհայտ է, սակայն հայտնի է նրա թեզը՝ կարգավորումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար: Պաշտոնական Բաքուն միշտ կոշտ եւ բացահայտ ընդգծել է հակամարտության կարգավորման՝ իր համար ընդունելի պայմանները, որոնց նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն այդպես էլ անտեղյակ մնաց: Ադրբեջանի պայմանները հետեւյալն են.
1. վերադարձնել «օկուպացված» յոթ շրջանները, 
2. Ղարաբաղ-Ադրբեջան սահմանը վերադարձնել խորհրդային ժամանակները,
3. ինքնավարություն տալ Ղարաբաղին Ադրբեջանի կազմում,
4. զինաթափել ղարաբաղցիներին,
5. Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիներին վերադարձնել իրենց նախկին բնակության վայրերը,
6. հասնել եւ գրավել Զանգեզուրը, Սեւանը, Երեւանը:

Ըստ Ալիեւի՝ մնացյալ մանրուքների համար կարելի է նաեւ բանակցել: Մանրուքներն էլ առնչվում են ինքնավարության ձեւերին եւ սկզբունքներին, փախստականների վերադարձի ժամկետներին եւ Ղարաբաղը հայաթափելու Ադրբեջանի ձգտումներին:  
Պացիֆիզմի, հաշտվողականության, ղարաբաղյան պատերազմի հերոսներին ուրանալու այն քաղաքականությամբ եւ քարոզչությամբ, որ իրականացվում է հետհեղափոխական Հայաստանում, մեր հասարակությանը փորձում են պատրաստել այնպիսի վտանգավոր խաղաղության, որն իրականում տանում է մեծ պատերազմի:

Փաշինյան ընտանիքի՝ հայ-ադրբեջանական հաշտեցման, «խաղաղություն» հաստատելու նախաձեռնությունը հարկ է, որ սկզբից եւեթ դիմադրության արժանանա եւ տապալվի: Խաղաղություն այդ ծրագիրն իրականում բացում է  պատերազմի դուռը, քանի որ եթե թշնամուց խաղաղություն ես մուրում, ապա նա քեզ կա՛մ կապիտուլյացիա է պարտադրում, կա՛մ՝ պատերազմ: Փաշինյանների պարտվողական այս քաղաքականությունը սպառնում է Ղարաբաղի ֆիզիկական եւ քաղաքական անվտանգությանը, ուրանում պատերազմում Ղարաբաղի համար թափված արյունը: Եթե սա է Փաշինյանի «համահայկական օրակարգը», ապա այն տապալելու ժամանակն է: 
Հայաստանը հայ-թուրքական հաշտեցման մի նախաձեռնություն տեսել է դեռ 2001թ.՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի նախաձեռնությամբ եւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Անդրանիկ Միհրանյանի իրականացման փորձերով: Հայ-թուրքական հաշտեցման այդ հանձնաժողովը, հանդիպելով մեծ դիմադրության եւ չհասնելով որեւէ արդյունքի, ի վերջո, ինքնալուծարվեց: 
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, «հայ-ադրբեջանական հաշտեցման», «խաղաղության հաստատման» ձգտումներով ակամա ընթանում է ոչ միայն պատերազմի, այլեւ ինքնալուծարման ճանապարհով:  Խաղաղության հասնելու այս վտանգավոր ճանապարհին հեղափոխական իշխանությունը կա՛մ կհեռանա, կա՛մ կհեռացվի: