Կրթության մեջ հեղափոխություններ անելը միշտ հղի է ձախողումներով

Կրթության մեջ հեղափոխություններ անելը միշտ հղի է ձախողումներով

Օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցան «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ, որտեղ, օրենսդիրներից բացի, մասնակցում էին նաեւ կրթության ոլորտի մասնագետներ։ Ամիսներ շարունակ քննարկված աշխատանքային տարբերակից հետո ներկայացվեց օրենքի նախագիծը, որը, օրենսդիրների կարծիքով, հեղափոխական բնույթի փաստաթուղթ է, իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի բնորոշմամբ՝ օրենքի հիմնական նպատակը բուհի եւ գիտության ու հետազոտության ինտեգրումն է։ Նախարարը նաեւ նշել էր,  որ հրաժարվում են բուհական համակարգում կոսմետիկ փոփոխություններ անելուց։ Ինչ վերաբերում է այս ընթացքում մասնագիտական հանրության կողմից արված առաջարկներին, ապա դրանց մեծ մասը քննարկվել է, մի մասն էլ՝ ընդունվել։  

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Ավետիսյանը ծանոթ է նոր նախագծին, կրկին քննարկել են համալսարանում, բայց անիմաստ է համարում դարձյալ նույն խնդիրները մատնանշելը, քանի որ դրանք չեն վերացվել։ «Մեր առաջարկություններից ինչ-որ բաներ փոխվել էին, օրինակ՝ դեկանների նշանակումը դարձրել են ընտրովի, այդ կետն է փոխվել, բայց չընդունեցին երկաստիճան համակարգը, որպեսզի գիտական աստիճանները պահեն։ Ինչ վերաբերում է հայագիտական առարկաներին, մասնավորապես՝ հայոց լեզվի հետ կապված, ապա մենք առաջարկում էինք, որ գոնե թողնեն պարտադիր բաղադրիչը, դա էլ չհամաձայնեցին։ Լավ, եթե փոխում եք, գոնե լեզվի մասին օրենքին կարգավորում չտանք, այլ գործի լեզվի մասին օրենքը, դրան էլ համաձայն չեն, որովհետեւ ասում են՝ բոլոր հակասող օրենքները պետք է կարգավորվեն, որ այս օրենքը գործի, քանի որ ակադեմիական կրթությանն ազատություն է տրվում, չենք կարող պարտադրել որեւէ բաղադրիչ, այդ թվում նաեւ՝ հայոց լեզուն։ Այս հիմնավորումներով էլ մեր առաջարկությունները մերժվեցին։ Բայց մենք էլ փոքր ժողովուրդ ենք, եւ մեր լեզուն այդ իմաստով ազգապահպան արժեք է, մեր բոլոր հիմնավորումները, ըստ էության, հաշվի չառնվեցին, որովհետեւ, կրթական համակարգի նոր նախագծի տրամաբանությամբ, պետք է որեւէ պարտադիր բաղադրիչ չլինի օրենքում»,- ասում է Ավետիսյանը։

Անդրադառնալով նախարարի դիտարկմանը, որ այսքան խմբեր մտահոգություններ են հայտնում, իսկ քննարկումներն էլ բուռն են անցնում, որովհետեւ ունեցել ենք տասնամյակներով կարծրացած համակարգ, եւ հիմա այս օրենքը դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերին, Յուրի Ավետիսյանն անհամաձայնություն է հայտնում նախարարի այս գնահատականի առիթով։ «Ի՞նչ շահերի մասին կարող է խոսք լինել․ եթե խոսքը հայոց լեզվի պարտադիր կամ ոչ պարտադիր դասավանդման մասին է, ապա, երբ մենք ասում ենք՝ 3 հազար 600 ժամ են անցնում բակալավրիատում, այդ 3 հազար 600 ժամից 100-120 ժամը տանք հայոց լեզվին, հիմա շահերի բախումը ո՞րն է, ի՞նչ շահերի խնդիր կա այստեղ։ Եվ հետո՝ ի՞նչ կարծրացած բաղադրիչների մասին է խոսքը, կրթական համակարգը պահպանողական համակարգ է, պետք չէ միանգամից էական փոփոխություններ անել, իհարկե, այդ կարծրացած համակարգի մեջ շատ դրական բաներ կան, որ պետք է պահել եւ չվերցնել ու շուռ տալ ամեն ինչ գլխիվայր»,- ասում է Ավետիսյանն ու նկատում, որ հեղափոխական առաջարկությունները, որ նոր իշխանությունների սիրած թեզն է, այս դեպքում այնքան էլ տեղին չեն։

Ըստ նրա՝ կրթության մեջ այդ տեսակ հեղափոխություններ անելը միշտ էլ հղի են ձախողումներով․ «Պետք է աստիճանաբար անել, մի քիչ կարգի բերել դպրոցը, հետո մտածել՝ բուհում ինչ անել, որ ավելի լավ լինի, ժամանակ տալ մասնագետներին, ամբիոններին, որ մշակեն նոր մեթոդաբանություն, նոր ծրագրեր, դասագրքեր, ձեռնարկներ, նաեւ հնարավորություն ու միջոցներ տրամադրել։ Նախ այս ամենը պետք է արվի, նոր հետո մտածենք հաջորդ քայլերի մասին»։