Նիկոլի փոխարեն խոսում է Ալիևը

Նիկոլի փոխարեն խոսում է Ալիևը

Կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած երկրի ղեկավարը պարտվողի, թույլի հոգեբանություն ունի։ Եվ բոլորս դրա ականատեսն ենք։ Երբ Նիկոլ Փաշինյանին ասում էին՝ հրաժարական տուր, իմաստը հետևյալն էր։ Պարտված, երկիրը կապիտուլյացիայի տարած երկրի ղեկավարը խոցելի է լինելու միջազգային բոլոր ատյաններում։ Իսկ երկրի ներսում նրա վարկանիշը լինելու է այնքան, որ տնից դուրս գալուց դուրս գալուց իր հետ տանելու է թիկնապահների, ուժայինների մի ողջ բանակ։ 

Նման դեպք չկա, որ պարտված երկրի ղեկավարը, թշնամի երկրի ու իր երկրի պետական բոլոր լծակներն օգտագործի, որ մնա իշխանության։ Ձախողել էր, պետք է հրաժարական տար։ Եթե, իհարկե, խոսքը ձախողման մասին է։ Եթե հրաժարական չի տալիս և կառչում է ամեն քարաքոսից, ուրեմն նա ոչ թե ձախողել է, այլ հատուկ ծրագիր ունի կատարելու, որը դեռ չի ավարտել։ Սա տարրական տրամաբանություն է։ Որևէ մեկը կարո՞ղ է այս պրիմիտիվ տրամաբանությանը հակառակվել, մանավանդ, երբ տեսնում ենք գործընթացի կործանարար շարունակականությունը։ 

Ու մի ուշագրավ դիտարկում։ Նիկոլ Փաշինյանի փոխարեն խոսում է Իլհամ Ալիևը։ Այսքան ժամանակ Ալիևի  ոչ մի հոխորտանքին չի պատասխանել։ Ավելին, մի քիչ ուշացումով կրկնում է նույնը, ինչ Ալիևն է ասել։ Կրկնում ու անում է։  

Երբ նա մի բան է հայտարարում ու դուք Ալիև եք  «տշում» , համոզված եղեք, որ դա ձեզ պիտի ասեր Փաշինյանը, բայց վախենում է հանրային ընդվզումից։ Այդ գործը մեծ սիրով հանձնել է Ալիևին, որպեսզի նա կարողանա հանրությանը նախապատրաստել մեծ փոթորկին։ Ալիևի հայտարարություններից պետք է ենթադրել, թե ինչ ահավոր  ծրագիր է իր ուսերին վերցրել Նիկոլ Փաշինյանը, որը պետք է կատարի։

Եթե այսօր խնդիր եք դրել ազատվել Փաշինյանից, դուք գործ ունեք ոչ թե Փաշինյանի, այլ ավելի մեծ ուժերի հետ, որոնք կանգնել են նրա հետևում ու նրան առաջ են մղում։ Երբ դուք մտովի զարմանում եք, թե Փաշինյանն ի՜նչ դառավ, որ նրանից չեն կարողանում ազատվել, դուք ոչ թե Փաշինյանին տեսեք, այլ այն ուժերին, որոնք ձեռք ձեռքի տված օգտագործում են նրան։ Փաշինյանն այլ ելք չունի։ Նման ուժերի հետ պայմանավորվում են միայն կյանքի երաշխիքով։ Իսկ իր կյանքը թանկ է իր համար, որովհետև տարբեր աղբյուրների տեղեկություններով իր ընտանիքը տիրապետում է ահռելի միջոցների, իսկ փողը ՝ նրա գործելակերպից ելնելով, իր տարերքն է։ Մի մեծ բայց կա։ Փաշինյանին խոստացված կյանքի երաշխիքը չի գործելու։ Դա պատմությունն է ապացուցել։ Նման կարգի մարդկանց, որ զոհասեղանին է դնում իր մոր, հայրենիքը, ոչ մեկը չի ներում։ Պատմությունն ուսումնասիրեք ու տեսեք՝ մեր հայ դավաճաններին օգտագործելուց հետո ինչպես են թուրքերը վարվել նրանց հետ։