Ինչով է ժամանակակից Հայաստանը տարբերվում Խորհրդային Հայաստանից
Ավելի ու ավելի հաճախ է հնչում այն հարցը, թե ինչու հիմա չկա 1988-ի ազգային միասնությունը, ինչու Խորհրդային Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, ովքեր գտնվում էին ազգայինը մերժող կոմունիստական գաղափախոսության ճնշման տակ, հանուն Արցախի ազատության եւ Հայաստանի ինքնիշխանության պատրաստ էին օրերով կանգնել հրապարակներում, ուսանողները շաբաթներով նստացույց եւ հացադուլ անել, իսկ ինքնիշխան Հայաստանում հանուն այդ նույն գաղափարների մի քանի հազար մարդ հազիվ է հավաքվում: Եվ հրապարակում հավաքվածներից ավելի շատ մարդ ոչ թե անտարբեր է, այլ ակտիվորեն բռնել է ուրացման, ազգային գաղափարներից ու նպատակներից հրաժարման ճանապարհը: Այդ հարցի պատասխանը գտնելը չափազանց հեշտ է. ընդամենը պետք է տեսնել Խորհրդային Հայաստանի եւ ներկայիս Հայաստանի տնտեսությունների ու սոցիալական կառուցվածքի տարբերությունը:
Խորհրդային Հայաստանն արդյունաբերական զարգացած երկիր էր: Մի երկիր, որն ուներ համաշխարհային մակարդակի ծանր ու քիմիական արդյունաբերություն, հաստոցաշինություն, երկրում գործում էին էլեկտրոնիկա ու հաշվողական տեխնիկա ստեղծող, արտադրող, ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, միջազգային ճանաչում եւ հեղինակություն վայելող գիտություն եւ գիտական հաստատություններ, զարգացած կրթական համակարգ: Խորհրդային Հայաստանի արդյունաբերությունը, մաս կազմելով ԽՍՀՄ արդյունաբերությանը, մրցակցության մեջ էր համաշխարհային արդյունաբերության հսկաների հետ: Խորհրդային Հայաստանի եւ մայրաքաղաք Երեւանի, մյուս 2 խոշոր քաղաքների` Լենինականի եւ Կիրովականի բնակչության ճնշող մեծամասնությունը ներգրավված էր արդյունաբերության մեջ, ստեղծվում էին ժամանակակից հաստոցներ, սարքավորումներ, տասնյակ հազարավոր մարդիկ աշխատում էին գիտահետազոտական ինստիտուտներում, երկրում անշեղորեն աճում էր ինժեներների, կոնստրուկտորների, մաթեմատիկոսների, ֆիզիկոսների, աստղագետների ու քիմիկոսների քանակը:
Ազգային մշակույթը` թատրոնը, կինոն, գրականությունը, քարոզում էին համամարդկային արժեքներ` հայրենասիրություն, ընկերասիրություն, հյուրասիրություն, սեփական հողի վրա ապրելու եւ սեփական երկիրը շենացնելու գաղափարներ, հայ մարդու մոտ դաստիարակվում էր սեփական պատմությամբ, ազգային ինքնությամբ հպարտ ու հզոր լինելու գաղափարը:
Ներկայիս հայկական հասարակության սոցիալական կառուցվածքն ուղղակի ողբերգական է, այն ամբողջովին համապատասխանում է գաղութային պետության բնորոշումներին:
Հասարակության հիմնական մասն առեւտրի եւ սպասարկման ոլորտի աշխատողներ են. մանր առեւտրականներ, խոշոր առեւտրի կենտրոնների աշխատողներ, տաքսիստներ, վարսավիրներ, մատուցողներ, առաքիչներ, խոհարարներ, հյուրանոցային ու զբոսաշրջային ոլորտում ներգրավված մարդիկ, հավաքարարներ, դայակներ ու վարորդներ, լիցքավորողներ ու ավտովերանորոգողներ: Խոշոր արդյունաբերությունը ոչնչացված է հիմնահատակ, գիտական եւ գիտատեխնիկական հիմնարկների մեծ մասը չկա, իսկ մյուսներն էլ գոյություն ունեն զուտ ձեւական, արդյունաբերության միակ ճյուղը հանքարդյունաբերությունն է, որը գոյություն ունի, որպեսզի երկրի հանքահումքային հարստությունն արդյունահանվի եւ որպես կիսաֆաբրիկատ՝ ուղարկվի մետրոպոլիա, մեր դեպքում՝ Եվրոպա: Մշակույթը սպասարկում եւ քարոզում է օտարամոլություն եւ օտար արժեքներ: Եթե խորհրդային տարիներին մարդիկ գալիս էին Երեւան` գիտնական, ինժեներ, ճարտարապետ, բժիշկ, նույնիսկ արդյունաբերական ձեռնարկությունում բանվոր աշխատելու, հիմա գալիս են տաքսի վարելու, հարուստների տներում մաքրուհի ու դայակ աշխատելու, առեւտրով զբաղվելու, ոստիկան դառնալու համար:
Խորհրդային Հայաստանում քաղաքական համակարգը միակուսակցական էր, այլ կուսակցությունների գոյությունն արգելված էր եւ դատապարտվում էր օրենքով: Բայց նույնիսկ այն ժամանակ ընդհատակում ստեղծվեց եւ գործում էր Ազգային միացյալ կուսակցությունը` ԱՄԿ-ն, գործում էին «Հանուն հայրենիքի» եւ «Հայ դատ» անվանումներով բազմաթիվ խմբեր ու ուսանողական գաղտնի միավորումներ: Դրանք իսկապես գաղափարական ընդհանրություն եւ քաղաքական նպատակ ունեցող մարդկանց միավորումներ էին, որոնց անդամները, չնայած խորհրդային իշխանությունների հետապնդումներին, աքսորին ու հալածանքներին, հավատարիմ էին իրենց գաղափարներին ու նպատակներին: Ներկայիս Հայաստանը չնայած ձեւով անկախ է ու ժողովրդավարական, բայց բովանդակությամբ գաղութային է: Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանում այդպես էլ չստեղծվեց գեթ մեկ կուսակցություն` գաղափարակիցների, այնպիսին, ինչպիսին ԱՄԿ-ն էր: Հայաստանում կուսակցության անվան տակ գործող կազմակերպությունները ՍՊԸ-ներ են. հանեք այդ ՍՊԸ-ից հիմնադրին կամ կուսակցության նախագահին եւ կտեսնեք, որ տակը բան չկա` չկան իրական գաղափարախոսություն եւ գաղափարական ընդհանրություն, միակ ընդհանրությունն իշխանության ձգտումն է:
Եթե Խորհրդային Հայաստանում ընդամենը մեկ կուսակցություն էր կապված, այսպես կոչված, Կենտրոնի հետ, ապա հիմա արտաքին ֆինանսավորում եւ, հետեւաբար, ուղղորդում ունեն տասնյակ կուսակցություններ։ Եթե Խորհրդային Հայաստանի մամուլն ուներ պետական ֆինանսավորում եւ ծառայում էր պետության շահերին, ապա ներկայումս մամուլի տասնյակ միջոցներ ունեն անթաքույց արտաքին ֆինանսավորում, ինչը համարվում է միանգամայն օրինական եւ նույնիսկ՝ խրախուսելի: Քանի որ կուսակցությունները, ՀԿ-ներն ու մամուլի զգալի մասն ունեն արտաքին ֆինանսավորում, բնական է, որ երկրի քաղաքական եւ արտաքին օրակարգն էլ ձեւավորվում է ֆինանսավորողների ուղղորդմամբ եւ թելադրանքով:
18-րդ դարում Անգլիայում, իսկ 19-րդ դարում եվրոպական բազմաթիվ երկրներում տեղի ունեցավ արդյունաբերական հեղափոխություն, որի արդյունքում ձեւավորված նոր խավը` բուրժուազիան, հասկացավ, որ սեփական տնտեսական շահերը պաշտպանելու եւ առաջ մղելու համար իրենց անհրաժեշտ է ուժեղ պետություն, եւ տեղի ունեցավ նոր տիպի ազգային պետությունների ձեւավորում: Հայաստանում արդյունաբերության բացակայության պատճառով չկա ու չի կարող լինել արդյունաբերական բուրժուազիա: Դրա փոխարեն կա կոմպրադորական կամ գաղութային բուրժուազիա, որը զբաղված է հանքահումքային հարստությունը, մի կողմից, արտահանելով եւ, մյուս կողմից, երկիր ապրանքներ ներմուծելով ու այդ ապրանքների բաշխումը` վաճառքը, կազմակերպելով: Կոմպրադորական բուրժուազիային պետք չէ ուժեղ եւ, առավել եւս, ազգային պետություն, ընդհակառակը՝ որքան թույլ լինի պետությունը, այնքան իրենք ավելի հեշտ եւ իրենց համար ձեռնտու պայմաններով կարտահանեն երկրի հարստությունը եւ կկազմակերպեն ներմուծումը, ըստ այդմ` ավելի մեծ շահույթ կստանան դրանից:
Դրա համար պետք չէ զարմանալ, որ Հայաստանի գործարարների մեծ մասը հանդես է գալիս ոչ թե սեփական պետությունն ուժեղացնելու, այլ այն ապրանքների ներմուծման երկրներից ավելի մեծ կախման մեջ գցելու գաղափարի օգտին: Գաղութային տիպի պետության հասարակությունը, որի միակ արտահանվող ապրանքը սեփական երկրի ընդերքի հարստությունն է, եւ երիտասարդ ու գործունյա աշխատուժը չի կարող միավորված լինել ազգային գաղափարների ու նպատակների շուրջ: Պղնձի, մոլիբդենի, ոսկու խտանյութեր արտահանելու, շաքարավազ, ցորեն, ձեթ, կենցաղային քիմիա, կոսմետիկա, հրուշակեղեն ու թեթեւ արդյունաբերության արտադրանք ներմուծելու համար պետք չէ ուժեղ պետություն: Խտանյութերի արտահանումը չունի արտաքին մրցակցություն, իսկ ցանկացած ներմուծում, հակառակը` խրախուսվում է: Այնպես որ, Հայաստանի մեծահարուստները, որոնց ընդունված է անվանել էլիտա, չեն կարող ձեւակերպել ուժեղ եւ ազգային պետության պահանջ, նրանց ուզածը հնարավորինս թույլ ու կիսանկախ պետական գոյացությունն է, ինչի ականատեսն ենք մենք:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ