Այսպես որ գնա, մենք 90-ականներն ենք հիշելու

Այսպես որ գնա, մենք 90-ականներն ենք հիշելու

ՀՀ-ՌԴ փոխհարաբերություններն ավելի լարվեցին Հռոմի ստատուտի վավերացումից հետո: Փորձագետները վատ կանխատեսումներ են անում, որ ՀՀ տնտեսությանը ծանր օրեր են սպասվում: Մենք զրուցել ենք «Արտահանում Հայաստանից» ՀԿ նախագահ, տնտեսագետ Էմիլ Ստեփանյանի հետ։

- Տեղեկություն ստացանք, որ հայկական պահածոներն արդեն Ռուսաստանի սննդի ցանցերից մեկը չի ընդունել, Դուք նման տեղեկություն ստացե՞լ եք։ 

- Չեմ լսել նման բան, բայց եթե այսօր չենք լսել՝ վաղը լինելու է: Ռիսկը հարյուր տոկոսանոց է՝ ժամանակի եւ հաջորդականության խնդիր է։ Գազն էլ է թանկանալու՝ այս ամեն ինչն իր գինն ունի։

- Հայկական արտադրության քանի՞ տոկոսն է արտահանվում Ռուսաստան։

- Հայկական մշակված արտադրության շուրջ 80 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, իսկ այնպես՝ մոտավորապես 60 տոկոսի մասին կարող ենք խոսել։ Հումքը հիմնականում գնում է Չինաստան եւ Եվրոպա․ զարգացած, խելացի երկրները մեզ օգտագործում են որպես հումքային կցորդ, նույնը Վրաստանին է վերաբերում։ Այնպես չէ, որ Վրաստանը ծաղկում է։ Կարմիր թելով անցկացրեք Վրաստանի օրինակը, որ Ռուսաստանից զրկվեց, բայց Չինաստան, Եվրոպա չմտավ։ Շան կեր են թույլատրել, որ մտցնի Եվրոպա։ Ուկրաինային նայեք. նույնիսկ այն դեպքում, երբ զենքը տալիս են, գյուղմթերքը չեն ընդունում։

- Եվրոպա՞ն չի ընդունում։

- Իհարկե, ասում են` դու շատ լավն ես, բայց իմ գյուղացին, իմ ֆերմերը շատ ավելի լավն է, իմ գյուղատնտեսությունն ավելի կարեւոր է, ուզո՞ւմ ես` քեզ զենք տամ, ինքնաթիռ տամ, բայց թույլ չեմ տա, որ իմ գյուղացուն նեղացնես։ 

- Հայաստանում ի՞նչ իրավիճակ կստեղծվի, եթե ՌԴ-ն Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառի։

- Ահավոր, մենք 90-ականներն ենք հիշելու։ Տեսեք` արտահանողները գործատուներ են, արտադրողներ են, գործազրկություն է լինելու, մեծ կրճատումներ են լինելու, եւ դա երբեք չենք լրացնելու։ Խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել, թե ինչ եղավ Վրաստանի հետ 2008 թվականի պատերազմից հետո։ 

- Ձեզ կարող են հակադարձել, թե հիմա վրացիները լավ են ապրում։

- Ո՞վ ասաց՝ լավ են ապրում, շատ վատ են ապրում։ Զբաղվածության ցուցանիշը Հայաստանին մոտ է, աղքատության ցուցանիշը համարժեք է Հայաստանին, գործազրկության ցուցանիշն էլ։ 

- Երբ պատժամիջոցներ կիրառվեն մեր դեմ, մեր ցուցանիշներն ավելի՞ վատը կլինեն:

- Միանշանակ։ Զուգահեռները տարեք Վրաստանի հետ, հիմա Հայաստանը գնում է այն ճանապարհով, որով 2008-ին գնացել է Սահակաշվիլին, մեզ պատերազմն է պակասում, որը մի կես տարուց շատ ռեալ կլինի։

- Ռուսաստանի՞ հետ պատերազմ։

- Իհարկե, իսկ ո՞նց անի, որ բազան պահի երկրում՝ հեղաշրջում, ինչ-որ մի բան։ Վրացին մի քանի օրվա պատերազմ ունեցավ ռուսների հետ, ու Ռուսաստանը փակեց վրացական ապրանքների մուտքը ՌԴ։ 

- Ստացվում է, որ մենք Ռուսաստանի հետ նախապատերազմական վիճակո՞ւմ ենք։

- Մենք հիմա շատ լարված վիճակի մեջ ենք, նախապատերազմական դեռ չկոչեմ, բայց տնտեսական պատժամիջոցների առումով բավականին մոտ ենք։ Վրաստանում պատերազմ եղավ, դրա հետեւանքով վրացական գինու, մյուս սննդամթերքի ճանապարհը փակեցին դեպի Ռուսաստան, նույնիսկ այնտեղի վրացիներին բռնում եւ աքսորում էին Ռուսաստանից։

- Կարծում եք` հայերի աքսո՞ր կլինի։

- Կարող է լինել, այսպես ասեմ՝ դա մի տասը քայլից է բաղկացած. մենք առաջին 4-5 քայլն արել ենք արդեն։ Հինգ հատ էլ այդպիսի քայլ անենք ու կհասնենք դրան։

- ՌԴ-ում հայազգի խոշոր գործարարների նկատմամբ ճնշումներ կլինե՞ն:

- Կարծում եմ, որ դեռեւս չեն լինի՝ մենք դեռ չենք հասել եռման աստիճանին։ Բացի այդ, խոշոր գործարարները սկզբից մինչեւ վերջ հանդես են գալիս պրոռուսական դիրքերից, այսինքն` այստեղ որքան սրվում է վիճակը, այնքան Ռուսաստանի խոշոր հայ գործարարները պրոռուսական հայտարարություններ են անում։

- Դրանով մեղմացնո՞ւմ են հարվածը Հայաստանի ուղղությամբ։

- Մեղմացնում են հարվածն իրենց ուղղությամբ։ Հայաստանը եւ Փաշինյանն իրենք տարանջատում են, որպեսզի Փաշինյանի վարած քաղաքականությունը մաքսիմալ քիչ անդրադառնա բիզնեսի վրա։ Եթե բիզնեսն էլ կանգնի, ու գործարարները կանգնեն, ասեն այն, ինչ ասում է Փաշինյանը, մեր վերջն ավելի շուտ կգա։ Հիմա ռազմավարական տեսակետից ավելի ճիշտ կլինի, եթե բիզնեսը կանգնի ու ասի՝ Ռուսաստանը մեր վաղեմի ընկերն է, բարեկամն է եւ այլն: Հայաստանում պրոռուսական ուժերը խիստ կարեւոր են մեր անվտանգության համար։ 

- Բայց իշխանությունը բիզնես սեկտորն իր ազդեցության տակ է պահում։

- Բիզնեսը պետք չէ, որ մտնի քաղաքականություն, բայց շատ սխալ կլինի, եթե բիզնեսը հակառակը պնդի, կանգնի ասի՝ այսպես է, այնպես է։ Բիզնեսը պիտի ասի՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց Ռուսաստանը մեր շատ լավ գործընկերն է, մենք շատ երջանիկ ենք իր հետ աշխատում եւ այլն։ Ռուսաստանը՝ որպես շուկա, մեզ համար շատ կարեւոր է։ Վրաստանը 2008 թվականին սատկացրեց իր գինու արտադրությունը, տեղը ոչնչով չկարողացավ փոխարինել, ինչքան էլ ամբողջ աշխարհով մեկ խնդրեցին։ Չինաստանը մի քիչ թողեց, Եվրոպան՝ մի քիչ, ու 15 տարի անց իրենք նույն վիճակում են, ինչ Հայաստանը։ Իրենց ապրանքի 70 տոկոսը, այդ թվում՝ նաեւ գինու մոտ 70 տոկոսը, էլի Ռուսաստան է գնում։ Եթե վրացիները, կներեք կոպիտ արտահայտության համար, իրենց թքածը լպստեցին, հիմա ամբողջ աշխարհն անպատվում է Վրաստանին, Վրաստանը պատժամիջոց չի կիրառում Ռուսաստանի դեմ։

- Դասը սովորե՞լ են։

- Սովորել են, որ ամբողջ աշխարհը միայնակ է թողել Վրաստանին, ասացին` դուրս արի Ռուսաստանի դեմ, լավ կլինի, հետո լավ չեղավ։ Ձեւականորեն մի երկու բան թողեցին, այսինքն՝ հարյուր միավորից քսանը կարողացան ստանալ, բայց ութսունը կորցրին։ Հետո արդեն ամբողջ ժողովուրդը հասկացավ, որ մի քիչ ավելի խորամանկ ու բարդ քաղաքականություն է պետք վարել՝ հիմա քաղաքական փոխհարաբերություններ չունեն, բայց պայմանավորվածություն ունեն, որ սուր քայլեր չեն անի՝ Վրաստանը չի միացել սանկցիաներին։ Դա է հետեւությունը: Շատ ցավալի ենք մենք տանելու։

- Իսկ ի՞նչ զարգացումներ կլինեն, օրինակ` սով հնարավո՞ր է։

- 90-ականների նման չի լինելու, այն ժամանակ հացը տալոնով էին տալիս՝ 250 գրամ, ոնց որ Արցախում 90-ականներին մարդիկ սովից մեռնում էին, սառում էին ձմեռը, հաստատ, այդպես չի լինելու։ Ուղղակի հիմա սերունդ է փոխվել՝ ինտերնետ եւ այլն, եւ հիմա մենք ավելի փափկամազիկ ենք դարձել։ Մենք 90-ականներին ինչո՞ւ չհանձնվեցինք, որովհետեւ ինտերնետ չունեինք, իսկ հիմա բոլորի ուղեղների լվացում է գնում։ Եթե 1992-1994 թթ․ Հայաստանում լիներ ինտերնետ, մենք չէինք հաղթի։ Այն, ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, եթե Հայաստանը շարունակի այս հակառուսական քաղաքականությունը, զորքերը հանի, սա անի, այն անի՝ մենք պիտի նայենք Վրաստանի օրինակով։ Վրաստանը 15 տարի առաջ ընտրեց եվրոպական ուղին, բայց այսօր աղքատության մակարդակով շատ մոտ է Հայաստանին, միջին բնակչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով էլ։